Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքի լատենտ վիճակը

Հունվար 20,2018 10:00

Ինչ էլ ասի մեր կառավարությունը 2 տոկոսանոց գնաճի եւ 6 տոկոս տնտեսական աճի մասին, վերջին շաբաթների թանկացումները ցավագին էին ցածր եկամուտներ ունեցող մարդկանց համար: Ինձ թվում է, որ այսպես կոչված՝ «մակրոտնտեսական ցուցանիշները» եւ զանազան «դուինգ բիզնեսները» խամրում են մեկ ցուցանիշի՝ աշխատավարձի եւ գների փոխհարաբերության առջեւ: Ենթադրենք, մարդն իր մեքենան գազ էր լցնում 3 հազար դրամի, իսկ հիմա դա անում է 4 հազարով, եւ ենթադրենք, որ դա անում է ամիսը 10 անգամ: Ամսական 10 հազար դրամի կորուստն արդյոք շոշափելի չէ՞ նրա համար, եթե աշխատավարձն, ասենք, 150-200 հազար է: Երկնիշ կամ նույնիսկ քառանիշ տնտեսական աճի դեպքում մի՞թե իրավիճակը նույնը չի լինի՝ այս հիմնական չափանիշի անփոփոխ լինելու դեպքում:

Մի խոսքով՝ ասել, թե սոցիալական այս շերտի դժգոհությունն անհիմն է, անարդար կլիներ: Մարդիկ իրենց դժգոհությունների մասին «հաճույքով» պատմում են, օրինակ, փողոցում: Բայց մեր իշխանավորները փողոցներով չեն քայլում, դրա համար էլ շարքային քաղաքացիները նրանց համար ինչ-որ վերացական միավորներ են, թվաբանական-վիճակագրական («տնտեսագիտական») դատողությունների առարկա:
Բայց եթե այդ հարյուր հազարավոր մարդիկ դժգոհ են, ապա ինչու նրանք դուրս չեն գալիս փողոց, երբ քաղաքական ուժերից մեկը ակցիա է կազմակերպում թանկացումների դեմ: Իհարկե, ամենահեշտը կլիներ մեղադրել այդ քաղաքական ուժին, այս դեպքում՝ «Ելքին», թույլ, ոչ հեղինակավոր կամ գուցե ոչ անկեղծ լինելու մեջ: Բայց այդ մեղադրանքները սովորաբար հնչեցնում են կա՛մ իշխանությունները, կա՛մ էլ այն ընդդիմադիրները, որոնք հաստատ «Ելքից» պակաս հեղինակավոր են եւ, որն ավելի կարեւոր է՝ պակաս անկեղծ: Իսկ ընդհանրապես, մի՛ մեղադրեք դաշնակահարին, նա նվագում է՝ ինչպես կարողանում է:
Մարդկանց բողոքի «լատենտ» վիճակն ունի բազմաթիվ այլ պատճառներ: Մեկն այն է, որ մենք չունենք սոցիալական բողոքի կազմակերպման փորձ: Եթե վառելիքն այդ չափով թանկանար, ասենք, Ֆրանսիայում, ապա հաստատ փողոց դուրս կգար մեկ միլիոն մարդ, եւ կառավարությունը ստիպված կլիներ մտածել, թե ինչպես կարելի է մեղմել գնաճը: Մարդիկ կազմակերպվում են, որովհետեւ նրանք իրենց զգում են ոչ միայն «ազգի զավակներ», այլեւ առաջին հերթին՝ քաղաքացիներ: Իսկ քաղաքացին մի կողմից՝ ակնածանքով է վերաբերվում իր պետության օրենքներին, իսկ մյուս կողմից՝ թույլ չի տալիս, որ իշխանությունն իր հանդեպ անհարգալից լինի:

…Իսկ մեզ մոտ հենց որ մեկը մի բան առաջարկի, նույն պահին 10 կողմից ձայներ կլսվեն՝ «տո, քեզ պե՞տք ա», «իմաստ չունի», «իզուր ժամանակ ես կորցնում»: Դրա համար էլ կյանքից բողոքում են «անհատապես»: «Անհատապես» էլ իրենց գործերն են դասավորում: Եթե ստացվում է:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Ashot says:

    Ձեր բերած օրինակը եթե շարունակենք։ Մարդը ստանումա ասենք 180 հազար դրամ որից 30 հազար դրամ գազեր լիցքավորում գումարած այդքանել այլ ծախսերը։
    Գումարած մեքենանալ վարկովա ստացվում իր եկամտի 30-50 տոկոսը ծախսումա ավտոյի վրա։
    Ինքը պիտի մեքենա չունենա տրանսպորտով երթեվեկի։

    Մեր ժողովրդի պրոբլեմներից մեկնել սպառման վրա շատ կենտրոնանալնա։
    Օրինակի մարդը պիտի գումար ներդնի իրա վրա ասենք լեզու սովորի ամեն ինչ անի իր եկամուտը ավելացնելու համար։

    Թե չէ հույս դնել որ ոչինչ չի թանկանա դու 150 հազարով ամեն ինչ կհասցնես անհույս գործա։
    Դե ավտոնելա թանկ 20 տարեկան օպելը 1.5միլիոնա։ Թող լինի 80հազար դրամ։ Բա դրանիցել բողոքենք։

  2. Azat says:

    Իսկ Դուք փողոց դուրս եկել եք՞ այդ օրը,

  3. Հ.Շ. says:

    Հետաքրքրական է, պետական եւ լրատուական ոլորտներում, ոչ ոք լուրջ – կամ ոչ իսկ որեւէ – պարզաբանում/վերլուծում չի կատարում, թանկացումների հիմնաւորման վերաբերեալ:

    Մինչդեռ, եթէ ընկերային մի շերտի դժգոհութիւնը իրօք հասկնալի է, անհիմն չէ, միւս կողմից, խորապէս անտրամաբանական է մտածելը թէ թանկացումները բացարձակապէս անհիմն են, կամայական են: Բացի եթէ համակիր ենք որոշ տեսակի «յեղափոխական» զառանցանքների (ըստ որոնց՝ իշխանաւորները Չարին կը ծառայեն, եւ իրենց համար սադիստ հաճոյք է խոնարհ ժողովուրդը բացառապէս չարչարելը, երբեք ուրիշ միտում չունեն, ամէն օր կը զարթնին ու միայն կը մտածեն՝ ո՞նց աւելի չարչարենք քաղաքացիները, եւայլն.), մի պահ լրջօրէն մտածենք՝ Պետութիւնը ինչո՞ւ պիտի ուզէ աւելորդ տեղը զայրացնել քաղաքացիներին, երբ որ արդէն սովորական չափից աւելի արդէն նա առարկայ է անոնց մի հատուածի տեւական ցասումին, ատելութեան:

    Այս տեսանկիւնից, արտաքին աշխարհի հետ վերեւի խմբագրականի բաղդատականը անբաւարար է: Նորմալ երկիրներում, երբ որ թանկացում լինի, քաղաքացին անշուշտ թէ կը բարկանայ, սակայն փողոց իջնելէ առաջ, նախ լրջօրէն կ’ուսումնասիրէ նաեւ թէ ո՞ր աստիճան հիմնաւորուած է թանկացումը: Անմիջապէս, մեքենաբար եւ զուտ զգացականօրէն չի հաստատեր թէ թանկացումը անհիմն է: Կը մտմտայ այդ մասին: Եւ յաճախ կը պատահի որ հասնի այն եզրակացութեան թէ, դժբախտաբար, հիմնաւորուած է թանկացումը: Այդ պարագային եւս կը մնայ դժգոհ անշուշտ, կը տրտնջայ եւ կը մրթմրթայ – մարդը մարդ է ամէն տեղ -, սակայն հիմնականօրէն կ’ընդունի, կը համակերպի:

    Կը մնայ հասկնալը թէ արդեօք ինչո՞ւ Հայաստանում/Արցախում իշխանութիւնները ճիգ անգամ չեն անում ժողովուրդին բացատրելու համար իրենց անհաճոյ որոշումները: Նոյնիսկ եթէ պատճառը այն է թէ՝ գիտեն թէ ի զուր է, ապարդիւն է – եւ հաւանաբար այդպէս ալ է… -, նորէն ալ պարտաւոր են այդ ճիգը թափելու: Իրենց տարրական գործին մաս կը կազմէ:

  4. Ալեքսանդր says:

    Մի թանկացում աննկատ անցավ՝ ջրի թանկացումը 11,41 դրամով: Բայց այս անգամ «Էլեկտրիկ Երևանից» հետո կառավարությունը փորձ է ձեռք բերել և խուսփելու համար ընդվզումից միառժամանակ կծածկի է այդ հավելյալ արժեեքը բյուջեից: Բայց նախ՝ դա նույնպես մեր ժողովրդի հարկերից գոյացած փողերն են, որ չգիտես ինչու տալիս են Վեոլիա ընկերության, իսկ հետո՝ միառժամանակ անց այդ բեռը կառավարությունը «սահունորեն» կփոխանցի ժողովրդին: Արագ են սովորում:

  5. Սամվել says:

    Այստեղ այսպիսի նկատառում․ Օրինակ բերեմ բերեմ իմ շրջապատից, որոնք մեծամասմաբ բնակվում են
    – Սյունիքի մարզում
    – Արարատի մարզերում,
    – Երեվան քաղաքում
    Սյունիք ու Արարատի մարզի բանկիչների մեծ մասը ընտրել են ՀՀԿ – ին , իմ բազում զրույցներու ասել եմ , իմ մոտ համանայն դեպս էլ չեն բողոքում։
    Երևանում բնակիչների մի մասը փող են վերցրել մի մասը աշխատավայրից ուղղորդվելով ընտրել են ՀՀԿ – ին, կրկին իրենց ամեն առիթով հիշեցնում են։
    Ցանկանում են ասել գուցե նրանք ովքեր ներկա էին հենց նրանք իսկապես ընտրել ին ոչ ՀՀԿ – ին։ Հակառակ դեպքում հազարներով դուրս կգան փողոց այնուհետև ընտրության օը ընտրում են ՀՀԿ ին։ Ցավալին այն է ,որ մեր ժողովրդի մեծ մասի համար ընտությունները զուգահեռ գործընթաց է որը ոչ մի կապ չունի մեր իրականության հետ։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031