Լրահոս
Օրվա լրահոսը

Նա իմ առաջինն էր, իմ միակը. Հայաստանի ապագա առաջին տիկինը՝ իր և ամուսնու համատեղ կյանքի մասին. Daily Mail

Հունվար 20,2018 00:21

Այսօր Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածուի անունը՝ առաջադրելով Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին:

2016թ. բրիտանական Daily Mail պարբերականը ծավալուն հոդված էր հրապարակել Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանի տիկնոջ՝ Նունե Սարգսյանի, նրանց համատեղ կյանքի մասին:

Ես նստած եմ շքեղ հյուրասենյակում, որը նայում է Թեմզին, և վայելում եմ արծաթե թասի մեջ դրված ձմերուկի կտորներ ու կեռաս: Իմ հյուրընկալը 62-ամյա Նունե Սարգսյանն է՝ Բրիտանիայում Հայաստանի դեսպանի կինը:

Նա նաև ունի Դևիդ Լինլիի կահույքի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը: Սկզբում լրագրող, այժմ հաջողակ մանկագիր (դեկտեմբերին Լինլին հյուրընկալեց նրա վերջին գրքի շնորհանդեսը):

Նրա նրբագեղ կահույքի հավաքածուն՝ Լինլինի չկրկնվող սեղանները, աթոռներն ու գրադարակները, արթ դեկո ոճի արվեստի գործերը, հնաոճ իրերը, ճապոնական արվեստի և հին վարպետների հազվագյուտ նմուշները, հանգիստ գնահատականի են արժանանում:

Նունեն չի կարող ինձ ասել, թե Լինլիի քանի կտոր կա, բայց նրանք կարծես թե ամենուր են Չելսիի այս անկրկնելի տանը: «Մենք Դևիդի հետ ծանոթացել ենք 1995թ. Բեյրութում հայ ընկերներից մեկի հարսանիքին, և այդ ժամանակից ի վեր մոտ ենք նրա և նրա կնոջ՝ Սերենայի հետ: Մենք սիրում ենք նրա ոճը: Եթե ​​ես գնեմ մի շարք ռուսական կայսերական աթոռներ, ապա նա դրանց կհամապատասխանեցնի սեղան: Լինլիի հավաքածուն մենք չենք դիտարկում որպես կահույք: Մենք ամեն առարկան դիտում ենք որպես արվեստի գործ, որը կփոխանցվի ապագա սերունդներին», – ասում է նա:

Նունեի ամուսին Արմենը`աստղաֆիզիկոս և Հայաստանի նախկին վարչապետ, այժմ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանն է՝ երրորդ անգամ: Նաև հայտնի դիվանագետ և քաղաքական գործիչ լինելով՝ նա Հայաստանի ամենաառաջատար գիտնականներից և պրոֆեսորներից մեկն է, և, հետևաբար, միջնորդի կատարյալ դիրք էր զբաղեցնում Արևմուտքի հետ նավթային և էներգետիկ գործարքներում այն ժամանակ, երբ նրա երկիրը Խորհրդային Միությունից տնտեսական ազատություն ձեռք բերեց 1991 թ.:

Հետևաբար, պատահական չէ նրա հարստությունը և յոթհարկանի տունը Լոնդոնի լավագույն հասցեներից մեկում:

Բայց Նունեն չափազանց բարեկիրթ ու քաղաքավարի է՝ փողի մասին խոսելու համար: Նունեն և Արմենը հանդիպել են Երևանում, երբ նա 14 տարեկան էր, իսկ Արմենը՝ 15

Չնայած այսօրվա ոսկե կյանքին՝ նրանք մեծացել են խորհրդային ռեժիմի դաժանության պայմաններում, կյանք, որը Նունեն հիշում է որպես ռեպրեսիվ, բայց ապահով և բարգավաճ ստեղծագործական տաղանդի համար:

«Հայրս լրագրող էր, մայրս` ուսուցիչ, ուստի մենք մտավորականության մի մասն էինք: Այդ ժամանակ մեր հասարակությունում դասեր չկային, դրանք շերտեր էին, և մենք երկրորդ շերտն էինք նոմենկլատուրայից հետո (քաղաքական գործիչներ ու պաշտոնյաներ, որոնց թույլատրվում էր ճանապարհորդել և օգտվել օտարերկրյա բարիքներից):

«Մենք հարուստ չէինք, բայց մենք կրթված էինք, բավարար գումար ունեինք ուտելու և հագնվելու համար: Ես երբեք ինչ-որ բանից զրկված չեմ եղել: Դա վատ մանկություն չէր»,- ասում է Նունեն:

Այնուամենայնիվ, Նունեն վերհիշում է որոշ մութ դրվագներ: «Մշտապես այնպիսի զգացողություն էր, որ մեզ հետևում են, – հիշում է նա: – Մայրս մեզ ասում է. «Զգու՛յշ եղեք: Կատակներ մի՛ արեք: Պատերն ականջ ունեն»»:

«Եվ դու դա զգում ես երիտասարդ տարիքից: Դա մի բան է, որ երբեք չեմ մոռանա: Վախը ամենուր էր, ահա թե ինչու այդ ռեժիմն այդքան երկար գոյատևեց»:

«Իմ հայրը՝ որպես լրագրող, ստիպված էր զգույշ լինել, որպեսզի օգտագործի ճիշտ խոսքեր ու արտահայտություններ: Երբ նա դարձավ «Գրքերի աշխարհը» ամսագրի գլխավոր խմբագիր, նա ստիպված էր հասնել նրան, որպեսզի թույլ չտա վերանայել «սխալ» վերնագրերը:

«Դու կարող էիր կորցնել քո կյանքը սխալ բառ կամ նկար օգտագործելու համար: Ես հիշում եմ մի պատմություն, երբ մեկը պատահաբար թեյ էր թափել թերթում Ստալինի լուսանկարի վրա, և դրա համար նրան կանչել էին հարցաքննության»:

«Վախը շատ ավելի ուժգին էր հենց նրա ռեժիմի օրոք: Ես ծնվել եմ նրա մահից մեկ տարի անց`Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից 9 տարի հետո, և դեռ հիշում եմ, որ տեսնում էի մարդկանց, ովքեր պատերազմի ժամանակ կորցրել էին վերջույթները: Դա շատ սարսափելի էր »:

Բայց կոմունիստական ​​ռեժիմում մեծանալն ուներ նաև դրական կողմ, մեծ ուշադրություն էր դարձվում մշակույթի վրա: «Մեր դպրոցները հրաշալի էին, – պատմում է Նունեն, – մեզ տալիս էին թատրոնի, օպերայի, դասական երաժշտության և աշխարհի լավագույն բալետային ներկայացումների տոմսեր՝ բոլորն անվճար»:

Պետք է նշել, որ Նունեն վառ տաղանդ է եղել. դրա ապացույցն այն էր, որ 10 տարեկանում ինքնուրույն աշխատանքի է անցել տեղական ռադիոկայաններից մեկում, ինչը նշանակում է, որ ամեն կիրակի առավոտյան միայնակ ավտոբուսով անցում էր կես ժամ:

«Եթերում ես մանկական գրքեր էի կարդում: Նրանք ինձ մի քանի ռուբլի էին վճարում, որը ես հետո տալիս էի մայրիկիս, նա դրա կարիքն ուներ: Ես նաև գրեցի մանկական պատմություններ և փորձեցի դրանք հրատարակել»:

Միջնակարգ դպրոցում նա հանդիպեց և սիրահարվեց իր ամուսնուն «Նա իմ առաջինն է և իմ միակը,- ժպտում է: – Արմենը մեր դպրոցի լավագույն ուսանողն էր, իսկ ես լավագույն դերասանուհին էի: Մենք անգլերենով բեմադրում էինք Շեքսպիրի և Ջորջ Բերնարդ Շոուի գործերը (անգլերենով, որովհետև այդ ժամանակ անգլերենի ուսուցումը կոմունիստական ​​կրթության մի մեծ մասն էր), և ես միշտ վերցնում էի գլխավոր դերերը»:

«Այդ պատճառով տղաները վազում էին հետևիցս: Բայց ես անկախ էի և միշտ ոչ էի ասում: Արմենին դա հետաքրքրեց, ու նա մտածեց. «Ո՞վ է այս աղջիկը, որ մերժում է բոլոր տղաներին»: Երկուսը հանդիպում են «Երիտասարդ կոմունիստների» կոնֆերանսին, որը «շատ ձանձրալի էր», ուստի Նունեն մյուս ուսանողներին հրավիրում է իրենց տուն:

Արմենը հիացած էր նրա հոր գրքի հավաքածուով և խնդրում է վերցնել պոեզիայի մի ժողովածու, իսկ դա «հակասում էր կանոններին, քանի որ հայրս ատում էր իր գրքերը տալ ուրիշին»: Վախենալով հայրիկի զայրույթից, եթե գիրքը չվերադարձվեր, Նունեն դպրոցում հետևում էր Արմենին, որպեսզի վերադարձնի այն, «ահա թե ինչպես սկսվեց մեր ընկերությունը», – բացատրում է նա:

Նրանք միասին ընդունվել են Երևանի պետական ​​համալսարան` Արմենն ուսումնասիրել է ֆիզիկա, Նունեն՝ լեզուներ: Ավարտելուց հետո Արմենին աշխատանք է առաջարկվել Քեմբրիջի համալսարանում: «Նա 13 անգամ հրավեր է ստացել տարբեր համալսարանների կողմից, մինչև որ կոմունիստները թույլատրեցին»:

1984 թվականին, երբ Արմենը ժամանեց Մեծ Բրիտանիա, նա և Նունեն արդեն ամուսնացած էին և ունեին 2 որդի: Վարդանը, որն այժմ 36 տարեկան է, և Հայկը՝ այժմ 32 տարեկան: «Խորհրդային գիտնականներին չէին թույլատրում արտասահման գնալ կանանց հետ: Մեզ պահում էին որպես պատանդ: Հատկապես Հայկի ծնունդից հետո, շատ դժվար էր: Մոսկվան միայն մեկ ամսով ինձ թույլատրեց այցելել նրան՝ 1985 թ. ապրիլին»:

«Ես 30 տարեկան էի և երբ Լոնդոն ժամանեցի, առաջին անգամն էր, որ արտերկրում էի: Դրանից առաջ ես շրջագայել էի միայն Խորհրդային Միության տարածքում, օրինակ` Սիբիրում, որը գեղեցիկ էր, բայց, իհարկե, բոլորս ուզում էինք տեսնել Լոնդոնն ու Փարիզը:

«Ես սիրահարվեցի Լոնդոնին: Ես ու Արմենն ասացինք. «Եթե միայն մենք կարողանայինք այստեղ ապրել մեր ամբողջ կյանքը…» Այդ ժամանակ դա հնարավոր չէր թվում, բայց Գորբաչովը նոր էր եկել իշխանության և հայտարարել էր իր վերակառուցումը`թուլացնելով գրաքննությունը և թույլ տալով ավելի մեծ կապեր: Մենք Արևմուտքում ընկերներ ունեինք, որոնք մեզ պատմեցին մաստակի, լայն փողքերով ջինսերի և Հիսուս Քրիստոս Սուպերսթարի մասին, և մարդիկ դանդաղ սկսեցին ապստամբել:

Երբ 1991 թ. կոմունիստական ​​վարչակարգը փլուզվեց, և Հայաստանը դարձավ անկախ, երկրի առաջին ընտրված նախագահը խնդրեց Արմենին, որն այն ժամանակ ականավոր ակադեմիկոս էր, Լոնդոնում դեսպանություն բացել, իսկ 1992թ. այնտեղ նրանց միացավ Նունեն տղաների հետ: Մի քանի տարի դեսպանի պաշտոն զբաղեցնելուց հետո 1996թ. Արմենը նշանակվեց Հայաստանի վարչապետ:

Նունեն երկու տարի անցկացրեց Լոնդոնի (որտեղ տղաները սովորում էին) և Երևանի միջև, որտեղ այցելելում էր ամուսնուն: Երբ Հայաստանում էր լինում, մայրը մեկնում էր Լոնդոն՝ տղաներին խնամելու:

Առողջական խնդիրների պատճառով (հետո նա բուժվեց) վարչապետի պաշտոնից հրաժարվելուց հետո Արմենը երկրորդ անգամ նշանակվեց դեսպան:

Հետո դրանից էլ հրաժարվեց՝ մի քանի տարիների կենտրոնանալով այլ նախագծերի վրա, հետո դարձյալ 2013թ. դեսպան դարձավ, այս անգամ պատվավոր:

Նունեն հպարտությամբ ցույց է տալիս Արմենի՝ շրջանակի մեջ դրված լուսանկարը, երբ նա խոնարհվում է թագուհու առաջ, իսկ վերջինս իր օրհնությունն է տալիս: «Նա ասել է՝ Արմե՛ն, դու բոլոր դեսպանների չեմպիոնն ես: Արդեն երրորդ անգամ է, դու մեզ մոտ ես վերադառնում»: Ես այնպես եմ հիանում Ձերդ Գերազանցությամբ: Նա այնքան ողորմած է և այնքան խելացի»,- ասում է Նունեն:

Նունեն և Արմենը մտերիմ են նաև արքայազն Չարլզի հետ. նրանց հրավերով 2013թ. արքայազնը մասնավոր այցով ժամանել է Հայաստան:« Արքայազնն ու իմ ամուսինը մեծ կիրք են տածում ժառանգության պահպանման նկատմամբ, – բացատրում է Նունեն:- Հայաստանում են գտնվում ամենահին քրիստոնեական եկեղեցիներից մի քանիսը, և մեր բազիլիկները և սրբազան հուշարձանները հիանալիորեն պահպանված են: Չարլզը հավանեց դրանք»:

Սարգսյաններն ունեն իրենց բարեգործական հիմնադրամը՝ «Երևան իմ սեր», որը վերականգնում է 19-20-րդ դարերին կառուցված շենքերը և դրանք հարմարեցնում որպես երաժշտական, համայնքային և մարզական կենտրոններ, որտեղ անապահով երեխաները կարող են զարգացնել իրենց տաղանդները: Հիմնադրամը միջոցառումներ է անցկացրել Բուքինգհեմյան պալատում և Վինձորում, ինչպես նաև Երևանում:

Նունեի վրա մեծ ազդեցություն են թողել արվեստն ու մշակույթը: Նրա և Արմենի կողմից ամենասպասված տոնը Զալցբուրգում Մոցարտի փառատոնն է, որտեղ գնում են ամեն տարի:

Եվ նա միջոց է գտել ստեղծագործական մտքի արտահայտման համար՝ գրել: Երկար տարիներ լինելով արվեստի մասին գրող լրագրող, այժմ նա մանկագիր է, նրա գրքերը լի են գեղեցիկ նկարազարդումներով, երևակայությամբ և յուրաքանչյուրը` ուժեղ բարոյականությամբ:

«Կախարդական կոճակները» (The Magic Buttons) նրա 14-րդ գիրքն է, առաջինը անգլերենով: (10 –ը եղել են հայերենով, երեքը՝ ռուսերենով): Այն պատմում է Pearl (Մարգարիտ) անունով մի փոքրիկ աղջկա պատմություն, որին իրենց գյուղում բռնկված ժանտախտից հետո ուղարկել են ապրելու Սփիք-ընդ-Սփան քաղաքում՝ տատիկի հետ, և նա արկածների մեջ է հայտնվում՝ փորձելով փրկել բոլորին:

Գիրքը ոգեշնչված է Նունեի մանկությունից և տատիկի հետ ունեցած սերտ հարաբերություններից, քանի որ մեծացել է նրա հետ: «Ես նստեցի գրելու ինչ-որ բան, որը կարող էր արտացոլել իմ սեփական փորձը, բայց երբ բառերը սկսեցին հոսել, այն դարձավ միանգամայն այլ բան, մի ֆանտաստիկ հեքիաթ: Պատմությունը զարգացավ ինքնիրեն, ինչը գրի կախարդանքն է»: Նունեն այժմ աշխատում է դրա շարունակության վրա:

Երբ Նունեն չի գրում կամ դեսպանի կնոջ զբաղված դերում չէ, իր էներգիան ծախսում է անգլիական բուլդոգի՝ Կոլոյի («Իմ առաջին շունն է, և ես սիրահարված եմ նրան») և թոռների՝ 4 տարեկան Սավաննայի և երկու տարեկան Արմենի՝ Վարդանի և նրա ամերիկուհի կնոջ երեխաների վրա: «Սավաննան այնպիսի երևակայություն ունի:

Նա սիրում է գրքեր և սիրում է, որ մենք միասին նստում ու պատմություններ ենք գրում: Իմ լավագույն գաղափարներից շատերը գալիս են նրանից: Մենք գրում ենք փոքրիկ ներքին խնդիրների մասին, որոնք մեծ թվով երեխաների մոտ տարածված են»:

Տղաներն իրենց զգում են բրիտանացի, պատմում է Նունեն, թեև նրանք հպարտ են իրենց արմատներով: «Ես կարոտում եմ Հայաստանի ժողովրդի ոչ ձևական հարաբերություններին, երբ կարող ես պարզապես զանգել մեկի դռան զանգը, սուրճ խմել, կիսվել մտահոգություններդ և թեթևացած տուն գալ:

«Երևանում մենք տուն ունենք, և քույրս այնտեղ է, ուստի մենք հաճախ ենք այցելում: Բայց ես Լոնդոնը սիրում եմ նույնքան, որքան այն օրը, երբ եկա այստեղ: Սրա նման այլ տեղ չկա»:

Նունեն խոստովանում է, որ զոհաբերել է իր ներուժի մի մասը՝ հանուն Արմենի կարիերայի, բայց նա վայելում է ընտանեկան կյանքը և զգում է, որ իր կատարած բոլոր զոհաբերությունները դրան արժանի էին: «Ես սիրում եմ տատիկ լինել: Իմ կրտսեր որդին`Հայկը, դեռ ամուսնացած չէ: Ես ասում եմ նրան՝ շտապիր: Ես ուզում եմ ավելի շատ թոռներ, քանի դեռ երիտասարդ եմ»:

«Երբ շատ եմ նեղում, ասում է. «Այդ դեպքում դու՛ ինձ կին ընտրիր: Ես ունեմ ընդամենը երեք պայման. նա պետք է լինի գեղեցիկ, խելացի և բարի», – ժպիտով պատմում է նա:

«Գոնե նրանք ինձ մոտ են ապրում: Ինչ եմ արել մորս հետ՝ նրանից հեռանալով»: Կատարյալ կիրակիի մասին նրա պատկերացումն այն է, երբ ընտանիք հավաքվում է Սուրիի իրենց տանը:

«Կարծում եմ՝ ես զոհաբերում եմ իմ սեփական հավակնությունները հանուն իմ ընտանիքի բարօրության, – ասում է նա: – Բայց ես երբեք չեմ զղջում: Ես ունեմ երկու հիանալի երեխա, որոնք մտավորապես ուժեղ և հավակնոտ են [Վարդանն ունի սեփական կիբեր-անվտանգության ընկերությունը, իսկ Հայկն աշխատում է հոր հետ]:

«Եթե ինձ կյանքը երբևէ հիասթափեցրել է, փորձել եմ ցույց չտալ դա: Ես «երջանիկ դեմք» էի, – ասում է նա լայն ժպիտով,- քանի որ դա այն էր, ինչ բոլորն էին ինձնից պահանջում: Երջանիկ մայրիկ… Տխուր դեմքը երբեք չի անցնում»:

«Դժվար է գտնել հարաբերություններում ճիշտ հավասարակշռությունը: Արմենը ուժեղ է, ես էլ եմ ուժեղ: Դա կարող էր բախում առաջացնել, բայց ես թույլ տվեցի նրան լինել մեր առաջնորդը, և նա գնահատում է դա: Նա միշտ ասում է, որ ինքը առանց ինձ չէր կարող ոչինչ անել»:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031