Լրահոս
Օրվա լրահոսը

Անճանաչ տիեզերաքար

Հունվար 20,2018 15:30

– Աշխարհում հաստատվել, թե աշխարհն ունենալ քո մեջ,- մտածում էի տրտմության մի օր եւ նայելով ծառը լքող աշնանամուտի առաջին տերեւներին` հասկացա, թե ինչու չեմ ուզում այլեւս որեւէ երկիր գնալ տեսնելու: Քանի որ աշխարհի բոլոր երկրները եւ ժողովուրդներին իմ կարճ կյանքի ընթացքում չեմ հասցնի ճանաչել, հասկացա նաեւ, որ ես իմ ներսում պիտի ճանաչեմ ճակատագրական Սֆինքսը, որի տարբեր արտահայտությունները թափառում են այլազան ցեղերի ու ազգերի մեջ:

Աֆրիկայի Կաֆր ցեղի երեւելի թագավորներից մեկն իր երկրում մեծարանքով ընդունելով անգլիացի բժիշկ-ճանապարհորդ Լիվինգստոնին եւ նրա տիկնոջը` հարցրեց.
– Սպիտակների ձեր երկրում մի՞թե այդքան շատ ջրաղացքարեր կան, որ ձեր ցեղի մարդիկ շարունակ հրաքար են փնտրում…

Սակայն այդ անուշ, անտեղյակ թագավորը աֆրիկյան կյանքի իր մենության մեջ չգիտեր, որ այդ հրաքարը միայն ջրաղացի քարեր հարդարելու համար չէր, այլեւ Եվրոպայում կանանց վզերն ու ձեռքերը զարդարող թանկարժեք շքեղություն, որ կոչվում էր ադամանդ:
Կաֆր թագավորը չգիտեր նաեւ, որ դա ադամանդ է, իսկ սպիտակները չգիտեին մի այլ բան, որ հողի տակ ծնված լույսին խորթ ադամանդը կարող է անմշակ վայրենությամբ պայթել լույսի հետ շփվելուց, չնայած որ կաֆրերը եւ սպիտակները նույն արեւի տակ էին ապրում եւ նույն գիշերվա մեջ…

Հիմա չգիտեմ, թե Աֆրիկայում մնացե՞լ են ցեղեր, որոնք իրենց ջրաղացքարերը ադամանդով են մշակում, թե՞ դարձել են ընդամենը ադամանդ վաճառողներ, որ հեռուստացույց, համակարգիչ ու սառնարան գնեն, ինքնաթիռ ու մեքենա նստեն` մոռանալով հրաքարի նախնաստեղծ նշանակությունը:
Թեեւ հեռուստացույցն ու սառնարանը եւ ոչ էլ ինքնաթիռն ու համակարգիչը մարդուն երջանկություն չբերեցին` ո՛չ Աֆրիկայում, ո՛չ էլ մնացյալ աշխարհում:
Եվ մարդը համառորեն մնաց փնտրող ու չգտնող:

Ու որովհետեւ պետություններն ու ժողովուրդներն այնքանով են ամուր եւ հաստատուն, քանի դեռ եղանակը լավ է, եւ միասին շարունակում են ճոճվել գարնան եւ աշնան հմայքների արանքում` ինձ համար մնում է մեկ ծանոթ ու անճանաչ հանելուկ` ընդունել ու հասկանալ, որ մեր կյանքը պարզապես շարունակ պայթող ու չճանաչված ադամանդի փշուր է` տիեզերական ջրաղացքարերը հարդարելու համար: Այնինչ տիեզերքը մենք այդպես էլ չենք ճանաչում, բայց դեռ շարունակում ենք անխնա զարդարվել նրա` առաջին հայացքից անակնկալ, սակայն ընդամենը վերջին փշրանքներով:

Եվ ամենակարեւորը` փոշին նվիրում ենք որպես սիրո նշան եւ սեր բացատրում իրար:

 

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ»

19.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031