Լրահոս
Օրվա լրահոսը

Նազարբաեւի խնդրանքը Թրամփին ու Էրդողանի հակաամերիկյան քննադատության հերթական չափաբաժինը

Հունվար 20,2018 12:00

Սկիզբը՝ այստեղ

«Անկարայի եւ Վաշինգտոնի ռազմավարական գործընկերության ժամանակաշրջանն անցյալում է»

Մինչ Անկարան ու Մոսկվան շարունակում են երկխոսությունը, սրվել են Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի հարաբերությունները: Օրերս Էրդողանը հերթական անգամ քննադատեց Վաշինգտոնին՝ վստահեցնելով, որ Անկարայի եւ Վաշինգտոնի ռազմավարական գործընկերության ժամանակաշրջանն անցյալում է: «Ռազմավարական գործընկերություն գոյություն չունի: Մի կողմից՝ ասում են, թե մենք ռազմավարական գործընկերներ ենք, բայց մյուս կողմից՝ զինում են Հյուսիսային Սիրիայում գործող քրդական Ժողովրդական պաշտպանության ուժերին եւ «Ժողովրդավարական միություն» կուսակցությանը: Նրանք այդ ուժերին 4000 բեռնատար մեքենա են փոխանցել: Բայց չէ՞ որ դրանք ահաբեկչական կազմակերպություններ են` Քրդական Բանվորական կուսակցության մասնաճյուղերը: Երբ մենք խոսում ենք այդ մասին, դուք մեզ չեք լսում, սակայն այդ ուժերի ղեկավարների ասածները չեք անտեսում: Արդյո՞ք հնարավոր է նման ռազմավարական գործընկերություն»,- ասել է Էրդողանը:

Էրդողանը չի մոռացել նաեւ Փենսիլվանիա նահանգում բնակվող իսլամիստ գործիչ, 2016-ի հուլիսյան հեղաշրջման կազմակերպման մեջ կասկածվող Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման թեման: «Վերջին 15 տարիներին մենք ԱՄՆ-ին թվով 12 ահաբեկիչների ենք արտահանձնել: Ինչո՞ւ ենք այդ քայլին դիմել: Որովհետեւ այդ մարդիկ ահաբեկիչներ էին: Մենք, սակայն, ընդամենը մեկ մարդու ենք խնդրում արտահանձնել, բայց փոխարենը մտացածին առարկություններ ենք լսում: Եթե դուք չեք հանձնում Գյուլենին, ապա կներեք` այս պահից սկսած, քանի դեռ ես նախագահ եմ, որեւէ ահաբեկչի մենք չենք արտահանձնելու»,- նշել էր Էրդողանը:

Թուրքիան, Սիրիան եւ Ռուսաստանը քննադատում են Սիրիայում զինված խմբավորում ստեղծելու՝ Միացյալ Նահանգների եւ դաշնակիցների նախաձեռնությունը: Խմբավորման մարտիկների թիվը կարող է հասնել 30 հազարի: Նրանք պետք է տեղակայվեն Թուրքիայի եւ Իրաքի սահմաններին: Խմբավորման մոտ կեսը բաղկացած է լինելու քրդերի «Դեմոկրատական միություն – Ժողովրդի ինքնապաշտպանության ջոկատներ» կառույցի զինյալներից, ովքեր հսկողության տակ են վերցնելու Թուրքիայի սահմանին հարող շրջանները, իսկ արաբները կտեղակայվեն Իրաքի հետ սահմանին եւ Եփրատի հովտում: «ԱՄՆ-ը կրակի հետ է խաղում, երբ «Իսլամական պետության» դեմ պայքարում դաշնակից է ընտրում ոչ թե Թուրքիային, այլ Դեմոկրատական միության եւ Ժողովրդի ինքնապաշտպանության գրոհայիններին: Այդպես ԱՄՆ-ն ահաբեկիչների բանակ է ստեղծում»,- ասել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը: Իսկ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քըլընն էլ հավելել է, թե «ահաբեկչական կազմակերպությունն օրինականացնելու» ԱՄՆ-ի ձգտումը մտահոգություն է պատճառում: «Մենք մեզ վերապահում ենք ահաբեկչական բոլոր կազմակերպությունների դեմ պայքարելու իրավունք ե՛ւ Թուրքիայում, ե՛ւ մեր սահմաններից դուրս: Թուրքիան կձեռնարկի իր անվտանգությունը երաշխավորելու բոլոր անհրաժեշտ միջոցները»:

«Թուրքիան բնում կխեղդի իր սահմանների երկայնքով քրդական զինված ուժերի ստեղծման ցանկացած փորձ»,- նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահը` մեկնաբանելով տեղեկությունները, թե ԱՄՆ-ը պատրաստվում է Սիրիայի հյուսիսում 30 հազարանոց սահմանապահ ուժեր ստեղծել: Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ Հուլուսի Աքարը օրերս մեկնեց Բրյուսել` բանակցություններ անցկացնելու դաշինքի ղեկավարության հետ: Թուրքական բանակի հրամանատարը Բրյուսելում արդեն իսկ հայտարարել է, որ Անկարան թույլ չի տա իր սահմանների երկայնքով «ահաբեկիչների բանակ ստեղծել»:

ՆԱՏՕ-ի դաշնակիցների, նախեւառաջ ամերիկացիների դիրքորոշման մասին Էրդողանը նաեւ խոսել է իշխող «Արդարություն եւ Զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամների հետ Անկարայում կայացած հանդիպմանը: Նա նշել է, որ ռազմական գործողությունների փուլին անցնելուց առաջ ինքը չի պատրաստվում դիվանագիտական շփումների մեջ մտնել Վաշինգտոնի հետ. «Չեմ կարծում, թե ես պետք է զանգահարեմ Դոնալդ Թրամփին», եւ հավելել է. «Շատ կարճ ժամանակահատվածում մենք կոչնչացնենք Աֆրինում եւ Մանբիջում գտնվող ահաբեկչության բոլոր օջախները` մեկը մյուսի հետեւից»:

Այսպիսով, Թուրքիայի նախագահը սպառնում է ոչնչացնել «ԱՄՆ-ի կողմից ստեղծվող Սիրիայի սահմանների պաշտպանության բանակը» եւ նշում է, թե ԱՄՆ-ը «ահաբեկիչների բանակ է ստեղծում Սիրիայում»: Նկատենք, որ ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հստակ հայտարարեց, որ «ԱՄՆ քաղաքականությունը սպառնում է Թուրքիայի անվտանգությանը». «ԱՄՆ քաղաքականությունը սիրիական քրդերի ինքնապաշտպանական ուժերի նկատմամբ սպառնալիք է ներկայացնում Թուրքիայի անվտանգության եւ Սիրիայի ապագայի համար»,- նշել էր Չավուշօղլուն։ Իսկ օրերս Չավուշօղլուն կոչ արեց Վաշինգտոնին անել հստակ ընտրություն Սիրիայում հետագա քաղաքականության հարցում. «ԱՄՆ-ը պետք է դաշնակից ընտրի։ Ո՞ւմ կողմից է Վաշինգտոնը՝ դաշնակիցների՞, թե՞ ահաբեկչական կազմակերպությունների»։
ԱՄՆ-ի ուղղությամբ քննադատությունների ֆոնին տեղեկություններ ստացվեցին, որ Թուրքիան շարունակում է տեխնիկա՝ մեծաքանակ զրահատեխնիկա եւ հրետանի ուղարկել Սիրիայի հետ սահման: Ըստ թուրքական Haberturk-ի՝ թուրքական հետախուզությունը 2017թ. հոկտեմբերից հետեւում է Աֆրինին եւ հարակից տարածքներին, որոնք գտնվում են քրդերի վերահսկողության տակ։ Դրա համար երկիրը գործի է դնում անօդաչուներ եւ կիրառում օպերատիվ հետախուզական տվյալներ այնտեղ գործող Անկարային հավատարիմ ուժերից։ Հունվարի 16-ին որոշվել են 149 թիրախներ, որոնց ծրագրվում է առաջին հարվածը հասցնել գործողության մեկնարկի դեպքում։ Խոսքն ինչպես ստացիոնար օբյեկտների, այնպես էլ տրանսպորտային միջոցների մասին է։ Նշվում է, որ գործողության առաջին փուլը կտեւի 6 օր, իսկ ավիացիային զուգահեռ ակտիվորեն գործի կդրվի սահմանին տեղակայված հրետանին։

Նազարբաեւի ռեւերանսները Թրամփին

Մինչ սրվել են Վաշինգտոն-Անկարա հարաբերությունները՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը ուշագրավ քայլերով առանձնացավ՝ հատուկ ընդգծելով Միացյալ Նահանգների դերն ու ազդեցությունը:

«Միացյալ Նահանգները պետք է շարունակի ակտիվ դերակատարություն ունենալ Կենտրոնական Ասիայում»,- Սպիտակ տանն օրերս Դոնալդ Թրամփի հետ համատեղ ասուլիսում արձանագրեց պաշտոնական այցով ԱՄՆ ժամանած Ղազախստանի նախագահը: «Մի կողմից՝ մեր հարեւանը Ռուսաստանն է, մյուս կողմից` Չինաստանը, հարավում իսլամական աշխարհն է: Եվ այստեղ շատ կարեւոր է ԱՄՆ-ի ներկայությունն ու համագործակցությունը Կենտրոնական Ասիայի պետությունների հետ` 5+1 ձեւաչափում: Ես խնդրում եմ նախագահին շարունակել մեր այդ համագործակցությունը»,- դիմելով Թրամփին՝ ասել է Նազարբաեւը: Այնուհետեւ նա հավելել է. «Ես համոզված եմ, որ իմ այցի արդյունքը կդառնա մեր հարաբերությունները ընդլայնված ռազմավարական գործընկերության մակարդակի հասցնելու մասին որոշումը: Իրոք, ԱՄՆ-ը առաջինը ճանաչեց Ղազախստանի անկախությունը: Այդ ժամանակաշրջանից ի վեր Վաշինգտոնը քաղաքականապես աջակցում է Ղազախստանին, ինչը մեր երկրի դիրքերի ամրապնդման հիմք է հանդիսացել, հնարավորություն է տվել մեզ դառնալու աշխարհի հարգված պետություններից մեկը»:

«Ավելի քան քառորդ դար է, ինչ ԱՄՆ-ը դիտարկում է ուժեղ, ինքնիշխան եւ անկախ ղազախական պետությունը որպես Կենտրոնական Ասիայում գտնվող բարեկամ երկիր եւ ռազմավարական գործընկեր»,- իր հերթին ասաց Թրամփը` հիշեցնելով, որ անցնող երկուսուկես տասնամյակներում Ղազախստանն ու ԱՄՆ-ը կարողացել են լուրջ հաջողության հասնել երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման` նախեւառաջ էներգետիկ կապերի ընդլայնման ճանապարհին: Նազարբաեւը հիշեցրել է, որ ամերիկյան ուղղակի ներդրումների ընդհանուր ծավալը 90-ականներից ի վեր գերազանցել է 50 միլիարդ դոլարի ցուցանիշը, ավելին՝ նա հայտնել է, որ իր այցի ընթացքում կողմերը պատրաստվում են 7 միլիարդ դոլար ընդհանուր ծավալի տարատեսակ գործարքներ կնքել:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ այժմ հայտնի է շուրջ 2.5 միլիարդ դոլարի արդեն իսկ կնքված գործարքների մասին: Մասնավորապես, ղազախական երկու ավիաընկերությունները` SCAT-ը եւ Air Astana-ն, 1 միլիարդ 300 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ նորագույն օդանավեր ձեռք կբերեն Boeing ընկերությունից: «Այս գործարքի շնորհիվ Միացյալ Նահանգներում շուրջ 7 հազար նոր աշխատատեղ կբացվի»,- նշված է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Ղազախական կողմը նաեւ պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը մեկ այլ առաջատար ամերիկյան ընկերության` General Electric-ի հետ, որից Աստանան առաջիկայում 300 երկաթուղային լոկոմոտիվ կգնի` 900 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ: «Դա իր հերթին կնպաստի եւս 3 հազար նոր աշխատատեղերի ստեղծմանը Միացյալ Նահանգներում»,- հայտնել են ղազախական պատվիրակության անդամները:

Սպիտակ տանը կայացած բանակցություններում Թրամփն ու Նազարբաեւը քննարկել են նաեւ մի շարք տարածաշրջանային թեմաներ, մասնավորապես, Աֆղանստանում ստեղծված իրավիճակն ու Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի ապագան: Այդ խնդրում, ըստ Նազարբաեւի, որոշիչ դերակատարություն պետք է ստանձնեն աշխարհի երեք առաջատար գերտերությունները, սակայն Աստանան եւս ասելիք ունի. «Դուք գիտեք, որ Ղազախստանը ժամանակին հրաժարվեց աշխարհի՝ հզորությամբ չորրորդ միջուկային զինանոցից, ուստի մենք բարոյական իրավունք ունենք միջուկային պետություններին կոչ անելու հետեւել մեր օրինակին: Մենք այդ գործելաոճն էինք որդեգրել Իրանի դեպքում, այժմ նույն կերպ եմ խոսում Հյուսիսային Կորեայի հետ: Այդ խնդիրը հնարավոր է լուծել միայն Միացյալ Նահանգների, Չինաստանի եւ Ռուսաստանի համատեղ ջանքերի շնորհիվ: Այդ առթիվ մեզ չի կարող չմտահոգել այն հանգամանքը, որ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունները գրեթե զրոյական մակարդակի են հավասարվել»:

Սկիզբը՝ այստեղ

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 19.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031