Պատահական չէ, որ մեղրը համարվում է ստամոքսի լավագույն բարեկամը: Մեղրի բաղադրության մեջ մտնող շատ նյութեր բարենպաստ ազդեցություն են ունենում աղեստամոքսային տրակտի տարբեր օրգանների գործունեության վրա: Բացի այն, որ մեղրը դյուրամարս մթերք է, այն զգալիորեն ապահովում է մարսողական համակարգի պաշտպանական ֆունկցիան եւ լավագույն դեղամիջոց է հանդիսանում մի շարք հիվանդությունների բուժման համար: Նշենք մի քանի դեղամիջոցների պատրաստման դեղատոմսեր:
Ստամոքսի բարձր թթվայնությամբ գաստրիտի դեպքում խորհուրդ է տրվում 50 գրամ մեղրը լուծել 1 բաժակ տաք ջրում: Լուծույթը ընդունել օրը 3 անգամ, ուտելուց 1,5-2 ժամ առաջ: Ստամոքսահյութի ցածր թթվայնությամբ գաստրիտի դեպքում, նույն լուծույթը պատրաստել մեկ բաժակ սառը ջրով: Ընդունել անմիջապես ուտելուց առաջ: Երկու դեպքում էլ բուժման տեւողությունը 1,5-2 ամիս է:
Ստամոքսի կամ տասներկումատնյա աղու խոցի դեպքում ընդունել տաք ջրում լուծված մեղրի լուծույթ: Ընդ որում՝ նախաճաշից առաջ ընդունել 30 գրամ մեղրի լուծույթ, ճաշից 3 ժամ հետո 40 գրամի լուծույթ, իսկ ընթրիքից 1.5 ժամ առաջ նույնպես 30 գրամ մեղրի լուծույթ:
Ցածր թթվայնությամբ խոցային հիվանդության դեպքում լուծույթը ընդունել ուտելուց 5-10 րոպե առաջ:
Բուժման տեւողությունը 1.5-2 ամիս է, որի ընթացքում չի բացառվում նաեւ այլ տիպի դեղամիջոցների օգտագործումը:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
19.01.2018