Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռու մարզում կրթության որակը չի գոհացնում. Պատասխանատուներն անհանգստանում են. (Ֆոտոշարք)

Հունվար 19,2018 22:25

Այսօր Վանաձորի եւ Գուգարքի տարածաշրջանի մարզային ենթակայության հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ քննարկում: Որի ժամանակ բարձրացվեցին կրթությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հանդիպման ընթացում Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը խոսեց աշակերտների ընդհանուր հանրակրթական մակարդակի բարձրացման խնդրի մասին: Վերջինս նշեց, որ իրենց վարչությունն իրականացրել է վերլուծություն կրթության չգոհացնող որակի, ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ:

Նրա խոսքով շատ ուսուցիչներ ոչինչ չեն անում իրենց մասնագիտական հմտությունները զարգացնելու, պրոֆեսիոնալիզմը բարձրացնելու համար. «Այստեղ ես կարեւորում եմ դպրոցի փոխտնօրենի աշխատանքը, որովհետեւ ի պաշտոնե ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրենը պատասխանատու է մեթոդական միավորումների աշխատանքի համար:

Եւ համոզված եմ, որ եթե իրենց աշխատանքը պատշաճ ձեւակերպեն, պարբերաբար դասալսումներ իրականացնեն, ապա առարկայի ուսուցիչը նույնպես պատասխանատվության զգացում կստանձնի: Մեր ուսումնասիրությունների արդյունքում, որ դպրոցում մեթոդմիավորումների աշխատանքն ուսումնասիրել ենք, երեւի շատ եզակի դեպքեր կան, որ դասալսումից հետո քննադատական խոսքեր ասվեն այն ուսուցչի մասին ում դասը լսել են: Միայն դրվատանքի խոսքեր, միայն լավը եւ լավը»:

Վարչության պետի խոսքով ցածր է նաեւ աշակերտների ընդհանուր զարգացվածության մակարդակը. «Մենք ունենք շատ լավ աշակերտներ, որ նախորդ տարիների լավ աշակերտների հետ համեմատած, եւ՛ ինտելեկտուալ կարողություններով, եւ՛ տեղեկացվածության իմաստով մի քանի անգամ գերազանցում են: Բայց աշակերտների ճնշող մեծամասնությունն այսօր ընդհանուր զարգացվածության աստիճանով շատ ցածր է, եւ ես չեմ տեսնում բարձրանալու միտումներ»:

Վանաձորի թիվ 23 դպրոցի տնօրեն Տաթեւիկ Հովսեփյանին էլ անհանգստացնում է առարկայական ծրագրերի չափորոշիչների անհամապատասխանությունը. «Կոնկրետ կենսաբանության մասով ասեմ: Երբ որ դպրոցներն անցում կատարեցին 12-ամյա կրթական ծրագրին, նախկին 10-ամյայի ծրագիրն իր ամբողջ բարդությամբ սեղմվեց: 10-12-րդ դասարանում նորից բացվեց: Հիմա, որ 12-ամյան դարձել է պարտադիր կարծում եմ կարելի է առաջարկով հանդես գալ, որ առարկան նորից համապատասխանի: Էլ չեմ ասում, որ նախկին եւ այժմյան 8-րդ դասարանցին տարիքով տարբեր են: Այսօրվա 8-րդ դասարանի աշակերտը տարիքով փոքր է: Ծրագրերը չեն  համապատասխանում սովորողների տարիքային առանձնահատկություններին եւ բարդ են, ընդհանուր առմամբ մատչելի չեն յուրացման համար»:

Լոռի մարզպետի խոսքով ոլորտում խնդիրները հնարավորինս վերացնելու համար առաջին հերթին պետք է սկսել տնօրենի կարգապահությունից. «Եթե որեւէ մի կառույցում կամ դպրոցում կարգապահություն չկա, գալիս է առաջին համարից: Դուք պետք է ձեր տեսակով օրինակ ծառայեք մնացածին: Եթե ես աշխատանքից ուշանում եմ, անհարկի բացակայում եմ, աշխատանքի վայրում չգիտեմ ինչով եմ զբաղվում, ես չեմ կարող մնացածին ճիշտ դիտողություն անել: Եւ անընդհատ դառնալու եմ մատնացույց, որ տնօրենը ի վիճակի չի ինքը կարգապահությունով դառնա օրինակելի, մեզ անընդհատ փորձում է դիտողություն անել: Յուրաքանչյուր տնօրեն իր կառույցում պետք է դառնա օրինակելի: Ես ձեզ հորդորում ու պահանջում եմ, դպրոցում ամենաօրինակելի անձնավորությունը պետք է դուք լինեք»:

Հանդիպման ընթացքում Արթուր Նալբանդյանը տեղեկացրեց նաեւ, որ այս պահին մարզի ենթակայության տակ գտնվող 17 դպրոցներում բացվել են Սմարթ դասասենյակներ: Նախատեսվում է եւս 7 դասասենյակների հիմնում: Մարզպետի խոսքով առաջիկայում Սմարթ դասասենյակներ կբացվեն նաեւ մանկապարտեզներում: Քննարկվեցին մի շարք այլ հարցեր:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031