«Արմեն Սարգսյանի մասին տեսակետ արտահայտելու հարցը մենք դեռ կքննարկենք, իսկ մինչ այդ մեր խնդիրը թանկացումներն են: Չեմ կարծում, թե թեկնածուի հարցն է ՀՀ թիվ մեկ խնդիրը»,-«Ելք» դաշինքի նախաձեռնած՝ Հարկային օրենսգրքում փոփոխությունների հետեւանքով գրանցված թանկացումների դեմ բողոքի երթի ժամանակ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց դաշինքի առաջնորդներից Արամ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ ՀՀԿ նախագահի թեկնածուն Մեծ Բրիտանիայում եւ Իռլանդիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն է:
Նա նշեց, որ իր համար ընկալելի թեկնածուն հենց «Ելք»-ի նախագահի թեկնածուն է՝ Արտակ Զեյնալյանը: Նկատառմանն ի պատասխան, որ նախագահի թեկնածու առաջադրելու համար ՀՀԿ-ին 75 պատգամավորի ձայն է պետք, Արամ Սարգսյանը նշեց. «Իշխանությունն ամեն ինչ կանի, որ ընդդիմադիրների դաշտում էլ համախոհների գտնի եւ իր թեկնածուին անցկացնի: Բայց դրական չէ այն փաստը, որ մեկ թեկնածու է լինելու: Դա ընտրությունների տպավորություն չի թողնում»:
Ինչ վերաբերում է ընդդեմ թանկացումների կազմակերպած երթին, Արամ Սարգսյանի խոսքով՝ եթե քաղաքացիների մասնակցությունը թույլ տա արձանագրել, որ նստացույցն արդյունավետ կլինի, ապա իրենք նստացույցի էլ կդիմեն: Սարգսյանն անդրադարձավ նաեւ հարցին, թե իր դիտարկմամբ՝ ինչո՞ւ մյուս քաղաքական ուժերը չեն միացել երթին: Նա կարծիք հայտնեց, որ առանձին հրավեր ուղարկելու խնդիր չկա, եւ եթե որոշել են չմասնակցել, դա իրենց խնդիրն է:
Լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը եւս կարծիք չհայտնեց ՀՀԿ-ի նախագահի թեկնածուի մասին՝ ասելով, որ «Ելք»-ի առաջնային խնդիրը Հարկային օրենսգրքի փոփոխություններին հասնելն է:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ