Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյանի՝ ՀՀ-ում 6 տարի մշտապես չբնակվելը կարող է բացառություն համարվել

Հունվար 19,2018 20:22

ՀՀԿ-ի՝ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի տվյալները ՀՀ Սահմանադրության պահանջներին համապատասխանում են, թե՝ ոչ, քննարկումները չեն դադարում: Այդ քննարկումները, մասնավորապես, առնչվում են Արմեն Սարգսյանի բիզնես գործունեությանն ու նրա՝ ՀՀ-ում մշտապես բնակվելու Սահմանադրության պահանջներին:

ՀՀ Սահմանադրության 124-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է՝ «Հանրապետության նախագահը չի կարող զբաղեցնել որեւէ այլ պաշտոն, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք»:

Նույն հոդվածի 2-րդ մասի պահանջով էլ՝ «Հանրապետության նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող եւ հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք»:

Արմեն Սարգսյանն արդեն 4.4 տարի է, ինչ Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանն է: Ըստ որոշ քննարկումների, նա վերջին 6 տարում մշտապես չի բնակվել Հայաստանում: Նշենք, որ ՀՀ դեսպանությունը համարվում է ՀՀ տարածք, որի բնակիչն էլ ՀՀ-ի բնակիչ է համարվում, ուստի այդ 4,4 տարին համարվում է, որ Հայաստանում է բնակվել:

Արմեն Սարգսյանը, ինչպես նշել է «Ալիք Մեդիա»-ի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը, զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ. «Ներկայում Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան հանդիսացող Արմեն Սարգսյանը` «Knightsbridge Group» ընկերության հիմնադիրն է, որը բաղկացած է արդյունաբերության տարբեր ճյուղերում գործող ավելի քան 15 ընկերություններից, որոնք ներգրավված են Եվրոպայի, Ռուսաստանի, Չինաստանի, Մոնղոլիայի, Հնդկաստանի եւ Ղազախստանի նախագծերում: Բացի այդ, նրա հիմնադրած «Highbury Group»-ի կազմում գործող «Ленинград» կորպորացիան Ռուսաստանի հյուսիսարևելյան շրջանում էլեկտրաէներգետիկ և ինժեներական խոշոր ծրագրեր իրականացնող «Энергопроект» ընկերության բաժնետերն է:

Ամուլսարն ու Վրաստանում «Pepsi» ընկերություններն էլ, Արմեն Սարգսյանի ձեռնարկատիրական գործունեության այսբերգի երեւացող հատվածի ընդամենը մի մասը»: Արմեն Սարգսյանը Ղազախստանում «British Petroleum» ընկերության ներկայացուցիչն է:

ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհրդի անդամ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանն Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանում է՝ արդյոք Սարգսյանի՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը Սահմանադրության պահանջներին չի՞ հակասում, եւ արդյոք նա պետք է հրաժարվի իր բիզնեսներից:

Պարոն Դանիելյանի խոսքերով՝ «Նախ, Սահմանադրության 124-րդ հոդվածով նախատեսված են ինչպես Հանրապետության նախագահի թեկնածության համար անհրաժեշտ պահանջները, այնպես էլ այդպիսի կարգավիճակ ստանձնած պաշտոնյայի գործունեության սահմանափակումները, հետեւաբար, դրանք, հատկապես, ժամանակագրական կտրվածքով նույն հարթությամբ դիտարկելն իրավաչափ չէ: Ընդհանրապես պաշտոնյաների եւ հանրային ծառայողների պարագայում սահմանափակումները գործում են լիազորությունների ստանձնման անցնելու պահից, ինչը նշանակում է, որ քննարկվող դեպքում Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնելու պահից չի կարող զբաղեցնել որեւէ այլ պաշտոն, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք: Հավելենք, որ Հանրապետության նախագահը դարձյալ իր պաշտոնն ստանձնելու պահից չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ, եւ այս տեսանկյունից՝ Սահմանադրության հիշյալ 124-րդ հոդվածի 5-րդ մասով հստակ վերապահում է ամրագրված. «… իր լիազորությունների իրականացման ընթացքում»»:

Պարոն Դանիլյանը հղում անելով Սահմանադրությանը, նաեւ նկատեց՝ «Հանրապետության նախագահին անգամ արգելվում է գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքով զբաղվելը, ինչը թույլատրելի է այլ պաշտոնյաների եւ հանրային ծառայողների պարագայում: Այլ կեպ ասած, տվյալ դեպքում խոսք կարող է լինել հենց այդ լրացուցիչ սահմանափակումների մասին, քանզի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը հավասարապես վերաբերում է նաեւ դեսպաններին: Մյուս կողմից, հարկ է «ձեռնարկատիրությամբ զբաղվել» եզրույթն ընկալել ոչ թե ընդհանրապես կազմակերպություններ հիմնադրելու, դրանց բաժնետոմսերի սեփականատերը լինելու, այլ տվյալ կազմակերպության կառավարմանը մասնակցելու տեսանկյունից:

Ընդհանրապես, միջազգային իրավական չափանիշների համատեքստում, շահերի բախման դասական դրսեւորում է դիտարկվում ոչ թե զուտ ձեռնարկատիրությամբ զբաղվելը, այլ այնպիսի իրավիճակը, երբ պաշտոնյան ստանում է որեւէ կերպ կոնկրետ իր շահերի տիրույթում գտնվող ձեռնարկատիրությանը՝ պաշտոնական դիրքի օգտագործմամբ աջակցելու հնարավորություն: Այս նկատառումով, հայրենական օրենսդրությունն առաջադրում է ավելի խիստ պահանջներ, որոնց լիարժեք իրագործման համար անհրաժեշտ է համարժեք իրավական մշակույթ»:

Իսկ ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանի՝ վերջին 6 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելուն եւ Սահմանադրության պահանջին, ապա պարոն Դանիելյանն այստեղ որեւէ հակասություն չի տեսնում. «Թեկնածուն վերջին 6 տարում՝ բացի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, չպետք է ունենա որեւէ այլ երկրի քաղաքացիություն: Ձեր կողմից բարձրացրած մշտական բնակության հարցը խնդրահարույց չէ, քանի որ հանրային ծառայության մեջ գտնվող անձի ծառայողական նպատակներով գործուղվելը միանգամայն ողջամտորեն համարվում է բացառություն»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031