Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն ու Ադրբեջանը ոչ մի կերպ խոսքից գործի չեն անցնում. «Նեզավիսիմայա գազետա»

Հունվար 19,2018 20:10

Հինգշաբթի Կրակովում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումը: Բանակցություններն ընթացան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա) մասնակցությամբ, որոնք համակարգում են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը: Նախարարների այս հանդիպումը նշանակալից է նրանով, որ տեղի ունեցավ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարության ֆոնին (այն մասին, որ հակամարտությունը հնարավոր չէ լուծել մեկ փաստաթղթով), գրում է «Նեզավիսիմայա գազետա» թերթը:

Լեհաստանում տեղի ունեցած հանդիպման նախօրեին Էլմար Մամեդյարովը դժգոհություն էր հայտնել առ այն, որ «չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչներն ազատ տեղաշարժվում են աշխարհում», հանդիպում են արևմտյան քաղաքական գործիչների, հանրության ներկայացուցիչների հետ և այլն: Նրա գործընկեր Էդվարդ Նալբանդյանն իր հերթին ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ հայկական կողմը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ կշարունակի ուղիներ փնտրել հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Նրա խոսքով՝ համապատասխան պայմաններ կարող են ստեղծվել, եթե Ադրբեջանն իրականացնի առավել վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները:

Թերթը հիշեցնում է, որ բանակցությունների սեղանին դրված են Մադրիդյան սկզբունքները, որոնք ենթադրում են Ադրբեջանին վերադարձնել նախկին ԼՂԻՄ-ին հարակից տարածքները, ինչպես նաև փախստականների վերադարձ, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի ապաշրջափակում և միացում խոշոր տարածաշրջանային նախագծերին, ԼՂՀ-ի միջանկյալ կարգավիճակի սահմանում՝ մինչև հանրաքվեի միջոցով վերջնական կարգավիճակի որոշումը:

Մեկնաբանելով Կրակովի հանդիպումը՝ վերլուծաբան Բորիս Նավասարդյանը նշել է, որ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը կրում է ալիքաձև բնույթ. այն մեկ ակտիվանում է, մեկ հայտնվում խաղաղ վիճակում՝ հղի ռազմական դիմադրության փոթորիկով: Կրակովի հանդիպումն ընթանում է այնպիսի պայմաններում, երբ միջազգային հանրությունը և առանձին դերակատարներ, ելնելով աշխարհաքաղաքական իրավիճակից և սեփական շահերից, վճռականություն են ցուցաբերում բացել հակասությունների ամուր թնջուկը: Հենց այս համատեքստում է պետք դիտարկել և՛ ԵԱՀԿ նախագահությունը ստանձնած Իտալիայի հայտարարությունն այն մասին, որ հակամարտությունը կլինի կազմակերպության ուշադրության կենտրոնում, և՛ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն առ այն, որ իրենք հավատարիմ են կարգավորման փուլային մոդելին և ակնարկը, որ առաջին քայլը չպետք է իրեն շատ սպասել տա:

«Եվս մեկ օրինաչափություն, որը դրսևորվել է քառորդարյա պատմության ընթացքում, այն է, որ երբ այն գտնվում է ակտիվության գագաթին, դա ուղեկցվում է միջնորդների ջանքերի ավելացմամբ և անգամ Բաքվի, Երևանի ու Ստեփանակերտի կողմից լավատեսության նշաններով: Ոչ մեկ նման իրավիճակում չի ցանկանում ընկալվել որպես միջազգային նախաձեռնություններն արգելակող և դրանով զիջի հակառակորդին բանակցության կառուցողական մասնակցի հեղինակությունը պահելու գործում: Հենց այս հանգամանքի հետ է առաջին հերթին կապված Լավրովի հայտարարությանը հակամարտող կողմերի դրական արձագանքը»,- թերթին ասել է Նավասարդյանը:

Բայց, նրա կարծիքով, սկզբունքային սխալ կլիներ պաշտոնական հայտարարությունը դիտել որպես դիրքորոշումների մերձեցման վկայություն: «Փուլային մոդելի» մեկնաբանումը մնում է չափազանց հակասական: Ադրբեջանը որպես առաջին քայլ միանշանակ հասկանում է հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող որոշ տարածքների վերադարձ: Հայաստանի համար ընդունելի չէ ցանկացած քայլ, որն ուղղված է միակողմանի զիջումներին: Ավելին, համաձայնելով «փուլային մոդելին», և՛ Բաքուն, և՛ Երևանը ցույց են տալիս, որ գործընթացի վերջնակետի մասին սեփական պատկերացումներն այլընտրանք չունեն: Բաքվի համար դա նախկին ԽՍՀՄ ներքին սահմաններով տարածքային ամբողջականության պահպանումն է, իսկ Երևանի ու Ստեփանակերտի համար՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում չընդունելը: Վերջնակետի վերաբերյալ տեսակետների նման անհամատեղելիության պայմաններում Մադրիդյան սկզբունքներով սահմանված «միջանկյալ կարգավիճակի» գաղափարն իսկ կորցում է գործնական իմաստը: Նույնպես և նշված սկզբունքների մեկ այլ առանցքային կետ՝ հանրաքվեի անցկացման մասին. Բաքուն այն մեկնաբանում է որպես Ադրբեջանի բոլոր քաղաքացիների կամարտահայտում, իսկ հայկական կողմը հանրաքվեում տեսնում է միայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդին:

Նման հանգամանքներում, բնական է, տրամաբանական կլիներ փուլային գործընթացն սկսել առավել համեստ քայլերից, որոնք կբարելավեին կլիման հետագա փոխզիջումների համար: Դա առաջին հերթին վերաբերում է հրադադարի ռեժիմի պահպանմանն ուղղված քայլերին: 2016թ. ապրիլի քառօրյա պատերազմից հետո կողմերը համաձայնեցին ընդլայնել հակամարտության գոտում ԵԱՀԿ մոնիթորինգային առաքելությունը: Սակայն հետո Ադրբեջանը դա կապեց տարածքային ստատուս քվոյի փոփոխության հետ, և պայմանավորվածություններն արդյունքում մնացին թղթի վրա: Իսկ դրանց արդիականությունը միջազգային հանրության աչքում նվազեց՝ կապված շփման գծում լարվածության որոշակի թուլացման հետ: Երկու երկրների միջև վստահության խթանման համար ևս մեկ հնարավորություն կարող էր լինել երկխոսության վերականգնումը մարդասիրական հարցերի, թշնամական քարոզչության նվազման շուրջ, այդ թվում ներգրավելով ոչ պաշտոնական դերակատարների՝ քաղաքացիական հասարակություն, փորձագետներ, լրագրողներ: 1990-ականների վերջին և 2000-ականների սկզբին այդ երկխոսությունը բավականին ակտիվ էր, սակայն ոչ ֆորմալ խաղաղապահ նախաձեռնությունների նկատմամբ սկեպտիցիզմի աճի, ինչպես նաև Ադրբեջանում ոչ կառավարական կազմակերպությունների և ԶԼՄ-ների գործունեության պայմանների խստացման հետևանքով այն գործնականում դադարեց:

«Դժվար է ասել, ինչ են ակնկալում միջնորդներն այսօրվա թշնամության և հակամարտության կողմերի միջև վստահության ծայրահեղ բացակայութան մթնոլորտում: Մի՞թե «փուլային մոդելի» այնպիսի առաջին քայլի համաձայնեցում, որի դեպքում բոլորն իրենց կզգան հավասար չափով հաղթած և պարտված, որպեսզի պահպանեն շահագրգռվածությունը հետագայում փոխզիջումների համար: Բայց նման բանաձև առայժմ ոչ մեկ չի հորինել, և ստատուս-քվոյի ցանկացած փոփոխություն կողմերից միայն մեկի օգտին կհանդիպի մյուսի վճռական դիմադրությանը: Ուստի նոր հանդիպման դրական ակնկալիքները կարելի է սահմանափակել միայն հույսով, որ բանակցությունների ընթացքում մտավոր վարժությունները կօգնեն գտնել ցանկալի բանաձև, և բնականաբար, գիտակցություն, որ ցանկացած երկխոսություն ավելի նախընտրելի է, քան ռազմական գործողությունների սրումը»,- ասել է Նավասարդյանը:

Նման տեսակետ է հայտնել նաև JAMnews պարբերականի վերլուծաբան Շահին Ռզաևը՝ հայտարարելով, որ Ադրբեջանում մեծ հույսեր չեն կապում Կրակովում նախարարների բանակցությունների հետ: «Նման հանդիպումների հաշիվն արդեն կորցրել ենք, իսկ սայլը տեղից չի շարժվել: Կողմերից ոչ մեկ պատրաստ չէ անգամ փոքրիկ փոխզիջման, բայց միաժամանակ բացահայտ հայտարարել բանակցային գործընթացից դուրս գալու մասին՝ նույնպես ձեռնտու չէ: Ես անձամբ կարծում եմ, որ երկու երկրների այսօրվա ղեկավարները չունեն քաղաքական կամք՝ գործընթացը մեռյալ կետից շարժելու համար: Եվ քանի որ առաջիկայում իշխանափոխություն չի նկատվում, չնայած երկու երկրներում էլ նախագահական ընտրություններին, այդպիսի հանդիպումները հանուն հանդիպումների կշարունակվեն: Բայց ամեն դեպքում դրանք, անկասկած, առավելություն ունեն. քանի դեռ շարունակվում է բանակցային գործընթացը, թեկուզ և ձևականորեն, նոր լարվածության ալիքի հավանականությունը նվազում է»,- ասել է Ռզաևը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031