Հունվարի 18-ին ԳԴՀ Բավարիա երկրամասի մայրաքաղաքում` Բավարիայի արվեստի խրախուսման միությունում, կայացել է «Կոկորդիլոսը Արարատում. մի ճամփորդության պատմություն» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը, որը նախաձեռնվել և կազմակերպվել է գերմանահայ ֆոտոլրագրող Էռոլ Գուրյանի կողմից:
Ցուցահանդեսը պատմում է Էռոլ Գուրյանի և մի շարք գերմանացի արվեստագետների` 2015թ. Հայաստան կատարած այցի և նրանց տպավորությունների, հայ ժողովրդի պատմության և մշակույթի մասին: Միջոցառման անցկացմանն աջակցել է երկրամասի Տնտեսության, մամուլի, էներգետիկայի և տեխնոլոգիաների պետական նախարարությունը:
Բացման արարողության ողջույնի խոսքով հանդես են եկել Բավարիայի արվեստի խրախուսման միության գործադիր տնօրեն պրոֆ. Թոմաս Ռաֆֆը և Գերմանիայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը, ով միջոցառման մասնակիցներին հղել է ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի ուղերձը:
Շնորհակալություն հայտնելով նախագծի բոլոր աջակիցներին` ՀՀ դեսպանն իր ուղերձում բարձր է գնահատել հայկական մշակույթը Գերմանիայում ներկայացնելուն ուղղված նմանօրինակ նախաձեռնությունները` ընդգծելով, որ դրանք լավ հնարավորություն են ընձեռնում գերմանական հասարակությանը հաղորդակից դառնալու հայ ժողովրդի հարուստ պատմամշակութային ժառանգությունը:
Հայաստանին նվիրված ցուցահանդեսը շարունակվելու է մինչև փետրվարի 24-ը:
Գերմանիայում ՀՀ դեսպանություն