Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե 5% մնացած լինի այն Արմեն Սարգսյանից, ում տեսել եմ, ապա ինքը նախագահի հրաշալի թեկնածու է»

Հունվար 19,2018 19:21

«Ես նրա հետ 1997 թվականից հետո չեմ շփվել, չգիտեմ էլ՝ վերջին քսան տարում իր վրա ազդեցություն թողել են, թե չեն թողել, բայց այն Արմեն Սարգսյանը, որին տեսել եմ 97 թվականին, որի հետ աշխատել եմ մի քանի ամիս՝ շատ հրաշալի մարդ էր ե՛ւ կիրթ, ե՛ւ մտահոգ: Եթե հինգ տոկոս մնացած լինի այն Արմեն Սարգսյանից, որին տեսել եմ, ապա նրա որակական հատկանիշները նկատի ունենալով՝ ինքը նախագահի հրաշալի թեկնածու է»,- այս կարծիքին է ՀՀԿ-ի՝ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի մասին Բնապահպանության նախարարի նախկին խորհրդական Արծրուն Պեպանյանը:

Նրա պատմելով, երբ դեռ Արմեն Սարգսյանը վարչապետ էր, ինքը պետք է աշխատանքի անցներ նրա աշխատակազմում, բայց Արմեն Սարգսյանը առողջական խնդիրների պատճառով հրաժարական ներկայացրեց ու գնաց. «Ես այդպես էլ չհրամանագրվեցի: Ինքը եկել էր Եվրոպայից, ուրիշ աշխարհից, մենք այդ ժամանակ, կարելի է ասել, լրիվ վայրի վիճակում էինք գտնվում, նույնիսկ երկրում մի կարգին սրճարան էլ չկար: Սեպտեմբերյան իրադարձությունները նոր էին եղել, քաղաքական լարված իրավիճակ էր, սոցիալ-տնտեսական վիճակն էլ լավ չէր, ինքը որ եկավ, երկրում բարեփոխումներ անելու մեծ ցանկություն ուներ, անկեղծ մտահոգություն ուներ երկրում արմատական փոփոխություններ անելու համար, բայց այդ հնարավորությունը մենք բաց թողեցինք»:

Մեր դիտարկմանը, թե Արմեն Սարգսյանի՝ նախագահ ընտրվելու դեպքում էլ նա չի կարողանա իրագործել իր մտածած բարեփոխումները, արմատական փոփոխությունները՝ հաշվի առնելով ՀՀ նոր Սահմանադրությամբ նախագահի չնչին լիազորությունները, նախագահը հարց լուծող չէ երկրում, պարոն Պեպանյանը այսպես արձագանքեց. «Կարող է գրվածով չունենա այդ հնարավորությունը, բայց իրականության մեջ ունենա, որովհետեւ մեր երկրում երբեք էլ գրածով չի լիազորությունները, մարդիկ իրենց կապերով ու ազդեցությամբ կարողանում են ազդել իրադարձությունների վրա: Եթե նույնիսկ նախագահը գրվածով քիչ լիազորություններ ունի, բայց իր անձից ելնելով, նայած՝ ով է, ինքը կարող է այնպես անել, որ ունենա անհրաժեշտ ազդեցությունը»:

Մեր դիտարկմանը, թե հասարակությունը պայքարում է օլիգարխների դեմ, բայց ՀՀ նախագահի թեկնածուն, ըստ մամուլի հրապարակումների բազմաթիվ բիզնեսներ ունի Հայաստանում ու արտասահմանում, նրա անունը կապվում է օֆշորում գրանցված ընկերությունների հետ, պարոն Պեպանյանը հավելեց. «Հայաստանի ձեր ասած օլիգարխիայի ծագումը շատ լավ գիտենք, թե իրենք հասարակության որ շերտից են եկել, ինչպես են դարձել մեծահարուստ, ինքը, ի տարբերություն մյուսների, Հայաստանում չէ ինչ-ինչ կասկածելի եղանակով կարողություն ստեղծել, նա Արեւմուտքում է հարստություն ձեռքբերել ու լավ է, որ ինքը հարուստ է ու աչքը չի դնի այստեղ ինչ-որ բան ձեռքբերելուն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031