Օրերս Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը միջնորդագիր էր ներկայացրել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին, որպեսզի ձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հանրակացարանում բնակվող հակաիրավական հայացքներ ունեցող անձանց վարքագծի նկատմամբ պատշաճ եւ շուրջօրյա հսկողություն սահմանելու համար: Իսկ արդյունքների մասին Լոռու մարզի դատախազությանը հայտնել մեկամսյա ժամկետում:
Aravot.am-ը Մամիկոն Ասլանյանից հետաքրքրվեց, թե քաղաքապետարանն ինչ քայլեր է ձեռնարկել, նշված անձանց նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար. «Հանրակացարաններում մենք պարետներ ունենք, բայց, ցավոք, իրենք մինչեւ աշխատանքային օրվա ավարտն են պարետություն անում, շուրջօրյա չէ: Բայց հիմա որոշել ենք գոնե մի որոշ ժամանակ շուրջօրյա ծառայություն նշանակենք, մինչեւ կարգավորվի: Մեր աշխատակիցները պարբերաբար այցելում են հանրակացարաններ, հորդորում իրենց: Կուզենամ, որ համակեցության կանոնները բոլորը պահպանեն, հատկապես հանրակացարաններում, քանի որ այնտեղ հիվանդներ, երեխաներ, ծերեր կան: Հանրակացարանը զվարճանքի վայր չէ, այլ՝ բնակության»:
Համայնքի ղեկավարն ասաց, որ առաջիկայում նախատեսվում է նաեւ համայնքային ենթակայության տակ գտնվող հանրակացարաններում տեղադրել տեսախցիկներ՝ հնարավոր խնդիրներից ու դեպքերից խուսափելու համար. «Հանրակացարաններում նախկինում էլ ենք նման խնդիրներ ունեցել: Իհարկե, բոլորի մասին չի կարելի ասել, բայց որոշակի մարդիկ կան, որ իրենց վարքը իրավաչափ չի հանրակացարաններում, եւ դրա հետ կապված պարբերաբար խնդիրներ են առաջանում: Վերջերս էլ դանակահարություն էր եղել»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ