Հունվարի 19-ին տեղի ունեցավ Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Ալեքսանդր Արզումանյանի հանդիպումը Դանիայի արդյունաբերության, բիզնեսի ու ֆինանսական հարցերի նախարար Բրայըն Միկելսենի հետ:
Հանդիպման սկզբում նախարար Միկելսենը նշեց, որ ողջունելի է Հայաստանի հետաքրքրվածությունը հայ-դանիական առևտրատնտեսական կապերի զարգացման համար ուղիներ փնտրելու և հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու գործում: Նա նաև նշեց, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ևս կնպաստի առկա ներուժի արդյունավետ օգտագործմանը:
Դեսպան Արզումանյանը խոսեց Հայաստանի այն ոլորտների մասին, որտեղ համագործակցությունը և դանիական ներդրումները կարող են շահեկան լինել` մասնավորապես ներկայացնելով Տեղեկատվական տեխնոլոգիաների, էնեգետիկայի ոլորտները, Մեղրիի ազատ տնտեսական գոտում ներդրումային հնարավությունները: Այդ համատեքստում կարևորվեց փոխայցելությունների իրականացումը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների վերաբերյալ սեմինարների և բիզնես ֆորումների կազմակերպումը:
Նախարար Բրայըն Միկելսենը համաձայնեց, որ այցերն ու տեղում ոլորտների պատասխանատուների հետ հանդիպումներն ու քննարկումները կարող են նպաստել արդյունավետ փոխգործակցությանը, և առաջիկայում Հայաստան այցելության հետաքրքրություն ու պատրաստակամություն հայտնեց` կոնկրետ ոլորտների ներկայացուցիչներին հանդիպելու և ներդրումային հնարավորություններին ծանոթանալու նպատակով:
Կողմերը պայմանավորվեցին աշխատանք իրականացնել այդ ուղղությամբ:
ՀՀ ԱԳՆ