Այսօր հրապարակվել է Եվրոպական հանձնաժողովի եւ Եվրոպական արտաքին գործերի ծառայության համատեղ զեկույցը, որում ներկայացված է Եվրոպական միության մաքսատուրքերի չվճարման սխեմաների դրական ազդեցությունը զարգացող երկրների տնտեսության վրա:
Առեւտուրը հանդես է գալիս որպես տնտեսական աճի շարժիչ ուժ եւ նպաստում է մարդու եւ աշխատանքային իրավունքների, լավ կառավարման եւ կայուն զարգացման սկզբունքների խթանմանը:
2014 թվականից ի վեր, երբ ուժի մեջ մտավ «Արտոնությունների ընդհանրացված համակարգ» անվանմամբ հայտնի ԵՄ նախաձեռնության բարեփոխված տարբերակը նշյալ կրճատումներից օգտվող երկրներից դեպի ԵՄ արտահանումների ծավալներն աճել են գրեթե մեկ քառորդով` կազմելով տարեկան 63 մլրդ եվրո: Առավելապես օգտվել են ամենաաղքատ երկրները. 2016 թվականի ընթացքում այդ երկրներից դեպի ԵՄ արտահանումներն աճել են մոտ 40%-ով՝ կազմելով 23,5 մլրդ եվրո:
Տնտեսական օգուտներից բացի, այսօրվա զեկույցում առանձնացվում է առաջընթացն այնպիսի խնդիրների ուղղությամբ, ինչպիսիք են կանանց հզորացումը, երեխայի եւ հարկադիր աշխատանքը, խոշտանգումները, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը եւ կլիմայի փոփոխությունը:
Եվրամիության կողմից իրականացվող մոնիտորինգի ժամանակ բացահայտվել են` ԵՄ ծրագրի ներգրավվածության արդյունքում ձեռք բերված բազմաթիվ դրական փոփոխությունները: Բազմաթիվ օրինակների շարքում են Պակիստանի նոր օրենքն ընդդեմ այսպես կոչված՝ հանուն պատվի կատարված սպանությունների եւ բռնաբարության, կամ Պարագվայի ներառումը Վայրի ֆլորայի եւ Ֆաունայի վտանգված տեսակների միջազգային առեւտրին նվիրված կոնվենցիայի ներքո գտնվող վտանգված տեսակների պաշտպանության ամենակարեւոր հանձնառության երկրների ցանկում: Այնուամենայնիվ, զեկույցում ընդգծված են նաեւ համակարգի պայմանների կատարումն ապահովելու համար անհրաժեշտ այն ոլորտները, որոնք պահանջվում է էլ ավելի կատարելագործել, օրինակ, ինչ վերաբերում է շահառու երկրների կողմից համապատասխան օրենսդրության ընդունմանը և իրականացմանը:
Այսօրվա զեկույցին կից առանձին փաստաթղթով ներկայացված է առաջընթացի եւ բացթողումների մանրամասն նկարագիրը, մասնավորապես`GSP+ Կայուն զարգացման եւ լավ պետական կառավարման Հատուկ խրախուսական դրույթների մասնակից երկրներում:
Զեկույցում ներկայացված է նաեւ քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը համակարգի մոնիտորինգում: 2016 եւ 2017 թվականներին տեղի է ունեցել Քաղաքացիական հասարակության 16 երկխոսություն. Սույն զեկույցի նախապատրաստմանը նվիրված երկխոսությանը մասնակցել է 20 հասարակական կազմակերպություն:
“Երբ երաշխավորված են ժողովրդավարությունն ու հիմնարար ազատությունները, մեր տնտեսություններն ուժեղ են, մեր հասարակությունները կայուն են, մեր անվտանգությունը կայուն է, եւ մեր զարգացումը կառուցվում է ավելի ամուր հիմքերի վրա: Արտոնությունների ընդհանրացված համակարգը լրացնում է Եվրոպական միության քաղաքական ներգրավվածությունը գործընկերների հետ, որի արդյունքում, մենք նպաստել ենք քաղաքացիական հասարակության եւ անկախ ձայների հզորացմանը եւ գործընկեր երկրներում ազգային օրենսդրության միջոցով մարդու իրավունքների պաշտպանության բարելավմանը: Մենք կշարունակենք աշխատել մեր գործընկերների հետ, ներդրումներ կատարել մարդու իրավունքների ոլորտում, ներդրումներ կատարել քաղաքացիական հասարակության աշխատանքում, ներդրումներ կատարել բաց հասարակություններում, ապահովելու՝ բոլորի կայուն անվտանգությունը», նշեց ԵՄ Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ/Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիին:
«Մեր քաղաքականությունները առաջարկում են առատաձեռն հասանելիություն դեպի ԵՄ շուկա, որը զուգորդված է ազգային իշխանությունների հետ ներգրավվածության ամրապնդմամբ: Այժմ մենք տեսնում ենք դրական փոփոխություններ աշխարհի տարբեր վայրերում՝ ամրապնդվում են ԵՄ առեւտրային քաղաքականության հիմնական արժեքները, ինչպիսիք են մարդու իրավունքները եւ կայուն զարգացումը:
Տեղական կառույցների ու օրենքների հզորացումը նպաստում է վճռորոշ նշանակություն ունեցող միջազգային կոնվենցիաների ընդունմանը: Որոշ երկրներում կան դեռեւս առկա են մարդու իրավունքների եւ կայունության առումով լուրջ մտահոգությունների առարկա հանդիսացող տարածքներ: Այստեղ, մեր առեւտրային համակարգերը մեզ թույլ են տալիս կիրառել ճնշում եւ փոփոխություն ձեռք բերել, եւ մենք պետք է ամրապնդենք մեր համատեղ ջանքերը», նշեց Առեւտրի գծով ԵՄ հանձնակատար Սեսիլիա Մալմստրեմը:
«Աշխատանքի եւ սոցիալական քաղաքականության միջազգային չափորոշիչը ռազմավարական նշանակություն ունի աշխատատեղերով հագեցած, ընդգրկուն եւ կայուն աճի ձեռք բերման տեսանկյունից: Արտոնությունների ընդհանրացված համակարգը `արժանապատիվ աշխատանքային պայմաններ ստեղծելու եւ միջազգային աշխատանքային ստանդարտների նկատմամբ հարգանքն ապահովելու եզակի գործիք է: Խանդավառությամբ ենք արձանագրում դրական զարգացումները եւ բաց երկխոսությունը աշխատանքային իրավունքների կարեւոր խնդիրների շուրջ, ինչպիսիք են `երեխաների աշխատանքի վերացումը: Եվ քանի որ դեռևս կան կարեւոր մարտահրավերներ, առավել կարեւոր է միավորել ջանքերը: Մենք հավատարիմ ենք աշխատանքի հիմնական սկզբունքներին եւ իրավունքներին նպաստելու, ինչպես նաև բոլորի համար տնտեսական աճ ապահովելու մեր հանձնառությանը», նշեց Աշխատանքի, սոցիալական հարցերի, հմտությունների եւ աշխատուժի շարժունակության հարցերով հանձնակատար Մարիանն Թիսսենը:
Առաջիկա երկու տարիների ընթացքում ԵՄ-ն կշարունակի ներգրավվել յուրաքանչյուր GSP շահառու երկրի հետ, անհրաժեշտ առաջնահերթ գործողությունների մասով եւ կազմակերպել GSP-ի մոնիտորինգային առաքելություններ, որոնք ուղղված կլինեն մասնավորապես այն երկրներին, որտեղ ավելի լուրջ թերությունների պատճառով կպահանջվի ամրապնդել ջանքերը: ԵՄ-ն կշարունակի աջակցել Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) ջանքերին`բարելավելով GSP+ երկրների կազմակերպությունների հաշվետվությունների եւ իրականացմանն ուղղված պարտավորությունների կատարումը: ԵՄ-ի կողմից իրականացվող 4.5 մլն եվրո արժողության եռամյա ծրագրի միջոցով ԵՄ-ն կշարունակի աշխատել նաև տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հզորացման ուղղությամբ, որպեսզի նրանք ավելի արդյունավետ կերպով նպաստեն միջազգային կոնվենցիաների իրականացմանը:
Ընդհանուր տեղեկություններ
Արտոնությունների ընդհանրացված համակարգը (GSP) Եվրոպական միության՝ զարգացող երկրների աջակցությանը միտված հիմնական առեւտրային գործիքն է:
Այն բաղկացած է երեք տարբեր միջոցառումներից, որոնք թույլ են տալիս ապահովել արտոնյալ մուտք դեպի ԵՄ շուկա` հաշվի առնելով շահառու երկրների տարբեր կարիքները.
- GSP ստանդարտ համակարգը շուրջ 66% -ով նվազեցնում է ԵՄ ներմուծման տուրքերը 23 երկրների համար:
- GSP պլյուս, կամ Կայուն զարգացման եւ լավ պետական կառավարման Հատուկ խրախուսական դրույթներ՝ զրոյացնում է մաքսային տուրքերը 10 այլ խոցելի երկրներից (Հայաստան, Բոլիվիա, Կաբո-Վերդե, Վրաստան, Ղրղզստան, Մոնղոլիա, Պակիստան, Պարագվայ, Ֆիլիպիններ եւ Շրի Լանկա, որոնք պարտավորվել են կիրառել մարդու եւ աշխատանքային իրավունքների, շրջակա միջավայրի պահպանության եւ լավ կառավարման 27 միջազգային կոնվենցիաներ)
- «Ամեն ինչ, բացի զենքից» (EBA) չեղարկում է մաքսատուրքերը 49 ամենափոքր զարգացած երկրներից ներմուծվող գրեթե բոլոր ապրանքների համար:
Արտոնությունների ընդհանրացված համակարգի ներկայիս կանոնակարգը, որը ուժի մեջ է 2014 թ. հունվարից, պահանջում է, որպեսզի Եվրոպական հանձնաժողովը յուրաքանչյուր երկու տարվա ընթացքում զեկույց ներկայացնի Եվրոպական խորհրդարանին եւ ԵՄ Խորհրդին, GSP համակարգի ազդեցության վերաբերյալ:
Հաշվետվությունը պարբերաբար բաղկացած է լինում հիմնական հաշվետվությանն ուղեկցող «Զեկույցին կից Անձնակազմի աշխատանքային փաստաթղթից», որը կենտրոնանում է GSP + շահառուների վրա: Այն ընդգծում է GSP + շահառու երկրներում օրենսդրական եւ գործնական զարգացումները, որոնք կատարվել են 27 միջազգային կոնվենցիաների իրականացման ուղղությամբ: ԵՄ մոնիտորինգը տեղի է ունենում ինչպես մոնիտորինգի առաքելությունների, այնպես էլ շահառու երկրների հետ երկխոսությունների միջոցով եւ գրավոր հարցաթերթիկներով: