Այն, որ 2018-ին ՀՀ 4-րդ նախագահը կարող է լինել հենց Արմեն Սարգսյանը, այդ մասին ԶԼՄ-ները տարիներ առաջ են գրել:
Նշենք, որ ՀՀ 4-րդ նախագաhի ՀՀԿ-ի թեկնածուն Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն է, որին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր պաշտոնապես առաջարկել է ընդունել ՀՀԿ-ի առաջարկությունը:
«Ալիք Մեդիա»-ի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում հիշեցնելով ՀՀ Սահմանադրության 124-րդ հոդվածի մաս 4-րդը, ըստ որի Հայաստանի Հանրապետության նախագահը չի կարող զբաղեցնել որեւէ այլ պաշտոն, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, նկատել է. «Ներկայում Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան հանդիսացող Արմեն Սարգսյանը` «Knightsbridge Group» ընկերության հիմնադիրն է, որը բաղկացած է արդյունաբերության տարբեր ճյուղերում գործող ավելի քան 15 ընկերություններից, որոնք ներգրավված են Եվրոպայի, Ռուսաստանի, Չինաստանի, Մոնղոլիայի, Հնդկաստանի եւ Ղազախստանի նախագծերում:
Բացի այդ, նրա հիմնադրած «Highbury Group»-ի կազմում գործող «Ленинград» կորպորացիան Ռուսաստանի հյուսիսարևելյան շրջանում էլեկտրաէներգետիկ և ինժեներական խոշոր ծրագրեր իրականացնող «Энергопроект» ընկերության բաժնետերն է: Ամուլսարն ու Վրաստանում «Pepsi» ընկերություններն էլ, Արմեն Սարգսյանի ձեռնարկատիրական գործունեության այսբերգի երեւացող հատվածի ընդամենը մի մասն են»:
Ըստ էության, եթե Արմեն Սարգսյանը համաձայնություն տա ՀՀԿ-ի առաջարկությանը եւ եթե ընտրվի ՀՀ նախագահ եւ ստանձնի այդ պաշտոնը, ապա նա իր բիզնեսը պետք է հավատարմագրային կառավարման հանձնի: Չնայած, որպես դեսպան էլ պետք է, որ իր բիզնեսն ոչ իր անունով գրանցած լիներ եւ կրկին հավատարմագրային կառավարման հանձներ: Գրեթե այսպես են վարվում ՀՀ-ում բոլոր նախարարներն ու պատգամավորները:
Ինչ վերաբերում է Սահմանադրության 124-րդ հոդվածի 2-րդ մասին, ըստ որի, ՀՀ նախագահը պետք է վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակություն ունենա, Արմեն Սարգսյանը Միացյալ Թագավորությունում 4 տարի եւ 4 ամիս է, ինչ դեսպան է: ՀՀ դեսպանությունը համարվում է ՀՀ տարածք, որի բնակիչն էլ ՀՀ-ի բնակիչ է համարվում, ուստի այդ 4,4 տարին համարվում է, որ Հայաստանում է բնակվել: Մնացած 1,6 տարում արդյոք պարոն Սարգսյանը մշտապես բնակվել է Հայաստանում, թե՞ այս դեպքում օրերի հաշվարկային այլ տարբերակ կա, առաջիկայում կներկայացնենք փորձագետների պարզաբանումները:
Այն, որ 2018-ին ՀՀ 4-րդ նախագահը կարող է լինել հենց Արմեն Սարգսյանը, այդ մասին ԶԼՄ-ները տարիներ առաջ են գրել:
Դեռ 2013-ին Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին ՀՀ նախագահի աշխատակազմից, ինչպես «Հայկական ժամանակ» օրաթերթն էր գրել, առաջարկություն են ներկայացրել, որպեսզի նախագահի թեկնածուի՝ ՀՀ-ում վերջին 10 տարին մշտապես բնակվելու սահմանաչափը փոփոխվի 6 տարի ժամկետով. «ՀՀ նախագահի աշխատակազմից Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին առաջարկներ են ներկայացվել, որոնք առայժմ չեն հրապարակվում: Մեր ունեցած տեղեկություններով, առաջարկներից մեկը վերաբերում է ՀՀ նախագահի թեկնածուներին առաջադրվող պայմաններին, մասնավորապես` վերջին 10 տարում ՀՀ-ում բնակվելու սահմանադրական դրույթին: ՀՀ Սահմանադրության հոդված 50-ի համաձայն, Հանրապետության Նախագահ կարող է ընտրվել վերջին 10 տարում ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին 10 տարում ՀՀ-ում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք: Նախագահական նստավայրից առաջարկվում է իջեցնել այդ 10 տարվա ցենզը: Սույն տեղեկությունը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: «ՀԺ» թղթակցի հարցին` ճի՞շտ է, որ առաջարկվել է իջեցնել 10 տարվա շեմը, Վիգեն Սարգսյանը պատասխանել է. «Եվ ոչ միայն 10 տարվա շեմը (…)»: Սույն առաջարկը Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին է ուղարկել անձամբ Վիգեն Սարգսյանը: Ի՞նչ նպատակով է արվում սույն փոփոխությունը եւ ո՞ւմ համար: Մոտ երկու շաբաթ առաջ` սեպտեմբերի 27-ին, Սերժ Սարգսյանի հրամանագրով` ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը նշանակվեց Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան: Արմեն Սարգսյանը, փաստորեն, երրորդ անգամ նշանակվեց նույն պաշտոնում: Ինչպես հայտնի է, նա վաղուց Հայաստանում չի բնակվում: Միջազգային կոնվենցիաների համաձայն, սակայն, տվյալ երկրում այլ երկրի դեսպանատունը համարվում է համապատասխան երկրի տարածք: Այսինքն, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանատունը համարվում է ՀՀ տարածք եւ հետեւաբար, դեսպանն էլ` այդ տարածքի, այսինքն, ՀՀ բնակիչ: Արդյոք Արմեն Սարգսյանի համար է իջեցվում 10 տարվա շեմը»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ