Ուսանողների ու գործարարների հետ այսօր հանդիպման նպատակով Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում հյուրընկալված Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանից Aravot.am-ը հետաքրքրվեց, թե կա՞ն արտերկրից ներդրողներ, որոնք հետաքրքրություն են ցուցաբերում Գյումրու հանդեպ:
Նշենք, որ այս հիմնադրամը երկու հիմնական նպատակ ունի՝ մեր երկրից արտահանման խթանումն ու արտասահմանյան ներդրումները Հայաստան բերելն է:
Վերջինս նշեց, որ Գյումրու հանդեպ հետաքրքրություն կա երկու ոլորտներում, մեկը տեղեկատվական տեխնոլոգիաներն են, մյուսը տեքստիլ արդյունաբերությունը:
«Կան մարդիկ, որոնք հետաքրքրված են ընդհանրապես Հայաստանում ներդրում կատարելով, արտասահմանյան ներդրողին նախ պետք է ծախել Հայաստանի միտքը, հետո նոր ծախենք Գյումրի- Երևան և այլն… Ինքը պայմանական Ամերիկայում նստած, իրեն ասում ենք՝ արի քո IT ոլորտի 20 հոգանոց թիմը բեր, դիր Հայաստանում, Հայաստանը որտեղ է, ինչ է, այսպես զրոյից են սկսվում խոսակցությունները: Որ ասեմ կոնկրետ, հենց հիմա Գյումրիի հանդեպ հետաքրքրություն կա, այո կա: Լեհաստանից ընկերություն կա, որը փետրվարի 7-ին գալու է, նույնիսկ գրել է, որ այսինչ ժամին կիջնեմ օդանավակայան, կնստեմ մեքենա ու ուղիղ Գյումրի: Այսինքն, Երևան չի էլ գալու, մենք «Զվարթնոց» օդանավակայանից իրեն միանգամից վերցնելու ենք, բերենք Գյումրի: Այդ տրամաբանությամբ, այո, հետաքրքրվողներ կան, բայց, բնականաբար, մեկ կամ երկու հատով չենք բավարարվի»,- ասաց Արմեն Ավակ Ավակյանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ