Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՄ-ն կրակն է ընկել. իշխանությանը փող է պետք». Արթուր Սաքունց

Հունվար 19,2018 17:23

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը հայտարարեց՝ ՀՀ-ԵՄ համաձայնագիրն օգտակար փաստաթղթի ստորագրումն առաջին հերթին տեղի ունեցավ ֆինանսական աջակցություն ստանալու համար: «Հոդված 3» մամուլի ակումբում հրավիրված քննարկմանը պարոն Գրիգորյանը փաստաթուղթն օգտակար համարեց ու շեշտեց. «Ինձ համար գլխավորն այդ պայմանագրում այն է, որ հնարավորություն է տալիս գրեթե բոլոր ոլորտներում ունենալ այլընտրանք: Դրանցից ամենակարևորը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտն է»:

Հարցին՝ այդ համաձայնագրի ստորագրումը խա՞ղ էր, թե՞ ոչ, պարոն Գրիգորյանը պատասխանեց. «Կառավարությանը պետք էր այդ պայմանագիրը շատ հասարակ պատճառով: ԵԱՏՄ շրջանակներում անհաջողություններն ուժեղանում են, վատթարանում է տնտեսական վիճակը, իշխանությունները գոնե դա գիտակցում են, և պարզ է, որ ուզում են աջակցություն ստանալ Եվրամիությունից»:

Ըստ Ստեփան Գրիգորյանի՝ այլընտրանք չլինելու պատճառով մենք մեծ գումարներ ենք մուծում գազի, էլեկտրականության և այլ հարցերի համար. «Պարզ է, որ սա չի հետաքրքրում կառավարությանը: Այդ մենք պետք է ճնշենք կառավարությանը, որ այլընտրանքներն աշխատեն: Առանց կոռուպցիայի դեմ պայքարի ոչ մի երկրում ոչինչ չի ստացվի»:

Իրավապաշտպան, լրագրող, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն անդրադարձավ հարցին՝ ո՞րն էր այս պահին ԵՄ-ի հետ համաձայնագիր կնքելու նպատակը, այն դեպքում, երբ չորս տարի առաջ ավելի մեծ հնարավորություն կար, որը չօգտագործվեց: Այս առիթով նա նկատեց. «Ո՞րն էր նպատակը՝ մանավանդ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընդգրկվեցինք նաև ԵԱՏՄ տիրույթում: Սա լրիվ այլ տնտեսական տիրույթ է: Այս փաստաթղթերը բացարձակապես որևէ ընդհանուր եզրեր չունեն: Երբ խոսում են և-և-ի մասին, ես դա չեմ հասկանում: Համեմատություն կարող է լինել այն դեպքում, երբ գոնե կան նույն արժեքային սկզբունքները, բայց չեմ հասկանում երկու անհամատեղելի համակարգերի համատեղումը»:

Պարոն Սաքունցը խորը մտահոգություններ ունի և կարծում է, որ ԵՄ-ն էլ է կրակն ընկել: Ըստ նրա՝ իշխանությունը գնացել է այդ քայլին, քանի որ փող չունի՝ թագավորը մերկ է:

Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոն ՀԿ-ի վերլուծաբան Ռաֆայել Ավդալյանի համար ՀՀ-ԵՄ համաձայնագիրը գործիք է, որից մենք պետք է կարողանանք օգտվել. «Այսօր գյուղերում ապրող մարդիկ չգիտեն՝ համաձայնագիրն իրենց ինչ է տալու: Իրենց համար կարևորը սահմանները խաղաղ լինեն: Ասոցացման համաձայնագրում ընդհանրապես Արցախի խնդրի մասին ակնարկ չկար, այստեղ կա: Այս նոր փաստաթղթում մեջբերվում են Հելսինկյան ակտի երեք սկզբունքները, ինչն արդեն դրական է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031