Լրահոս
Օրվա լրահոսը

Աղմկահարույց հայտարարություն՝ «Սեֆիլյանի գործով» դատական նիստում

Հունվար 19,2018 16:24

«Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների» գործով դատական նիստում այսօր ամբաստանյալ Սեֆիլյանի շահերի պաշտպաններ, փաստաբաններ Արայիկ Պապիկյանը եւ Տիգրան Հայրապետյանը միջնորդեցին կրկին հարցաքննել այս գործով ազատության մեջ գտնվող մեղադրյալ Սմբատ Գալոյանին: Հիշեցնենք՝ դատարանում Գալոյանը, որը 2015թ. ճանաչվել է 5-րդ բանակային կորպուսի լավագույն դիպուկահար, հայտնել էր, որ Սեֆիլյանը մտադրվել է զորամաս գրավել:

Արայիկ Պապիկյանը միջնորդությունն այս կերպ հիմնավորեց. «2016 օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Սմբատ Գալոյանը մոտեցել է մի շարք անձանց եւ առաջարկել իր ծառայություններն առ այն, որ ինքն ունի մոտ երեք հարյուր հոգանուց խումբ, որը պատրաստ է կատարել համապատասխան հրահանգներ: Այդ հանդիպումներից մեկը եղել է Ազատության հրապարակում՝ հավաքի ժամանակ: Պարզվում է՝ Գալոյանը գիտի, որ կան խմբեր, որոնք իբրեւ սպասում են Սեֆիլյանի հրահանգին՝ ինչ-ինչ գործողություններ կատարելու համար: Գալոյանը պետք է հարցաքննվի: Ի վերջո հասկանանք՝ ի՞նչ ծառայություն է պատրաստվել նա մատուցել մարդկանց, որոնց ասել է՝ «իր խմբերը պատրաստ են հրահանգ կատարելու»: Սա պետք է հետաքրքրի ԱԱԾ-ին: Այդ անձանց հետ նա հեռախոսազանգեր է ունեցել, որ իրեն հանձնարարություն տան: Չստանալով այն, այնուամենայնիվ, փաստ է, որ նա նման գործունեություն է ծավալել նշյալ ամիսներին»:

Սեֆիլյանի պաշտպաններից փաստաբան Տիգրան Հայրապետյանն էլ իր հերթին նշեց՝ Սեֆիլյանին առաջադրված մեղադրանքում նշված է, թե Սեֆիլյանն ունեցել է 200-300 հոգանուց զինված խմբեր. «Մինչդեռ, փաստորեն, Սմբատ Գալոյանն այն վկան է, որի շուրջ ստեղծվել է Սեֆիլյանին առաջադրված արհեստական մեղադրանքը: Սմբատ Գալոյանն է խոսել գործով մյուս ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանի հետ եւ ասել, թե հեռուստաաշտարակ է զավթվելու: Նա ԱԱԾ գործակալ է: Նա մոտեցել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին, հրահրել, որ ունի խմբեր: ՀՀ իշխանությունները ՀՀ հերոս Սեֆիլյանի դեմ նման դավադրություն են կազմակերպել: Թող պատասխան տան, թե ինչու է Գալոյանը զանգեր ունեցել «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավարների հետ: Սա է իրականում տեղի ունեցել: Քննչական մարմինն անհեթեթ մեղադրանքով փորձել է սահմանափակել Ժիրայր Սեֆիլյանի գործունեությունը»:

Մեղադրող դատախազ Հակոբ Ենոքյանը միջնորդության դեմ առարկեց՝ ասելով, որ այն փաստարկված չէ, քանի որ պաշտպանը հստակ տեղեկություններ չի մատնանշել: Չնայած այն փաստին, որ Արայիկ Պապիկյանը պարզաբանեց՝ Գալոյանը հեռախոսազանգեր է ունեցել «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավարների հետ, դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը որոշեց միջնորդությունը մերժել:

Հետո Տիգրան Հայրապետյանը միջնորդեց հարցաքննել ՀԽ մի շարք անդամների, այդ թվում՝ Ալեք Ենիգոմշյանին: «Նա տեղյակ է, որ Սեֆիլյանը չի նախատեսել կազմակերպել զանգվածային անկարգություններ: Նա կարող է դա հաստատել: Տեղյակ է, թե որտեղ պետք է օգտագործվեին դրոշակները, դեղին «կասկաները», խողովակները, որոնք հայտնաբերվել էին Սեֆիլյանի գրասենյակներից»,-հայտարարեց Հայրապետյանը: Դատարանն այս միջնորդությունը եւս մերժեց:

Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, հանցավոր նպատակներով խումբ (ամբաստանյալներ՝ Ներսես Պողոսյան, Սասունիկ Կիրակոսյան, Գալուստ Գրիգորյան, Հովհաննես Պետրոսյան, Գեւորգ Սաֆարյան, Հրայր Թոփչյան) ձեւավորելու, զորամաս եւ Երեւանի հեռուստաաշտարակը զավթելու փորձի մեջ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031