Ֆրանսիացի լեգենդար դերասանուհի, ֆոտոմոդել եւ կենդանիների իրավունքների պաշտպան Բրիջիտ Բարդոն երեսպաշտ է անվանել այն դերասանուհիներին, որոնք բողոքում են պրոդյուսերների սեռական ոտնձգություններից: Այդ մասին նա ասել է Parismatch-ին տված հարցազրույցում:
Բարդոն վստահեցրել է, որ շատ դերասանուհիներ միտումնավոր սիրախաղ են սկսում պրոդյուսերների ու ռեժիսորների հետ, որպեսզի դերեր ստանան, ապա դրանից հետո հայտարարում, թե իբր իրենց հանդեպ ոտնձգություն է տեղի ունեցել: Դերասանուհին հայտարարել է, որ նման լուրերը մեծ մասամբ իրականությանը չեն համապատասխանում:
Բրիջիտ Բարդոն նաեւ հավելել է, որ լինելով 50- 60-ականների սեքս-խորհրդանիշ, երբեք չի բախվել նման խնդիրների, իսկ անսովոր հաճոյախոսություններն էլ համարել է հաճելի:
Հիշեցնենք, որ դերասանուհին միջազգային ճանաչում է ստացել «Եվ Աստված ստեղծեց կնոջը» ֆիլմի շնորհիվ՚ 1956 թ.։ Շոու-բիզնեսում իր 21-ամյա կարիերայի ընթացքում նա նկարահանվել է շուրջ 5 տասնյակ ֆիլմերում, ձայնագրել է 80 երգ, հանդես է եկել տարբեր երաժշտական շոուներում։
1973-ին Բարդոն ավարտելով իր կինոկարիերան՝ սկսել է ակտիվ աշխատանք տանել կենդանիների պաշտպանության ոլորտում:
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
Լուսանկարները` Parismatch-ի եւ mashable.com-ի