Լրահոս
Օրվա լրահոսը

Սվիտալսկին հայտարարեց, որ ՀՀ իշխանությունները քաղաքական կոռուպցիայի դեմ նոր քայլեր են ձեռնարկում

Հունվար 19,2018 16:13

Այսօր Aravot.am-ը ՀՀ-ում ԵՄ դեսպան, ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկուն հարցրեց՝ դուք դեռեւս ապրիլի ընտրություններից հետո հայտարարել էիք, որ Հայաստանում կա քաղաքական կոռուպցիա, այս ընթացքում ԵՄ-ն շարունակում է տրամադրել մեր երկրին միջոցներ, ապրիլից մինչ օրս այդ հարցում որեւէ դրական տեղաշարժ կա՞՝ քաղաքական եւ առհասարակ կոռուպցիան Հայաստանում ինչ-որ չափով նվազե՞լ է, թե՞ շարունակում է աճել, առաջընթաց կա՞, թե՞ ոչ:

Սվիտալսկին պատասխանեց, որ շատ ոգեւորված են կառավարության ջանքերից եւ բավարարված են կառավարության ձեռնարկած օրենսդրական նախաձեռնությամբ՝ ընտրական կոռուպցիայի, ձայների գնման, վարչական ռեսուրսների չարաշահման ուղղությամբ ձեռնարկած քայլերով. «Սա ցույց է տալիս, որ մեր երկխոսությունը ճիշտ ուղղությամբ է շարժվում: Եվրախորհրդարանում նույնպես այս մասին բանավեճեր են եղել: ՀՀ կառավարությունը, առանց սպասելու հաջորդ ընտրություններին, նախաձեռնողականորեն անցել է խնդրի լուծմանը, ինչը ցույց է տալիս, որ երկխոսությունը դրական է, ԵՄ-ն ողջունում է այդ քայլերը»:

Ըստ Սվիտալսկու, այդ օրենսդրական քայլերի ընդունումից եւ իրականացումից հետո ընտրությունները կդառնան ավելի մաքուր, արդար եւ ավելի լավը, ինչը բոլոր հայերն ուզում են եւ ինչը ոգեւորում է նաեւ ԵՄ-ին:

Թե կոնկրետ ինչ քայլերի մասին է խոսքը, Ընտրական օրենսգրքի բարելավման, քաղաքական կոռուպցիայի դեմն առնելու ուղղությամբ ինչ քայլեր է ձեռնարկել կառավարությունը, որը այսպես ոգեւորել է ԵՄ դեսպանին՝ Պյոտր Սվիտալսկին չմանրամասնեց: Նա ասաց, որ հարցնենք Դավիթ Հարությունյանին:

Սվիտալսկին ասաց. «Մենք ձեր կողքին ենք, պատրաստ ենք ձեզ օգնելու՝ կոռուպցիայի դեմ պայքարում: Պայքարը կոռուպցիայի դեմ չափազանց կարեւոր է ՀՀ իշխանությունների համար: Իշխանությունները բազմիցս բարձրացնում են այդ հարցը, խոսում են թե ինչ ծախսեր են անհրաժեշտ, կոռուպցիայի խնդիրը ՀՀ-ում այլեւս տաբու չէ, բոլորն ընդունում են, որ այդ խնդիրը գոյություն ունի, քննարկում են դրանց լուծման տարբերակները, արդեն դա ուսուցանելի է: Ցանկանում եք,որ արագ արդյունք լինի, բայց եթե կառուցողական մոտենաք խնդրին, համոզված եղեք, որ հաջողության կհասնեք, ես համոզված եմ ՀՀ-ում դուք՝ հայերդ այդ ներուժն ունեք: Հանրությունը պետք է մաս լինի, անհանդուրժողականության միջավայրը՝ կոռուպցիայի հանդեպ, առանց դրա որեւէ կառավարությունն հաջողության չի հասնի»:

Հարցին՝ ԵՄ-ն տարիներ շարունակ ջանքեր է ներդնում՝ ՀՀ-ում ժողովրդավարության կայացման գործում, բայց չենք կարող ասել, որ տպավորիչ հաջողություններ ունենք, ձեր գնահատմամբ ժողովրդավարության հաստատման ճանապարհին Հայաստանը որտե՞ղ է, արդյոք դուք վտանգներ չե՞ք տեսնում՝ Պյոտր Սվիտալսկին պատասխանեց. «Գնահատականը տրվում է հանրության կողմից՝ քաղհասարակությունն է, սովորական քաղաքացիներն են, որ պետք է դա անեն, նաեւ դուք՝ ԶԼՄ-ները: ԵՄ-ն չէ, որ որոշիչ կարծիք կարող է ունենալ եւ խոսել այդ մասին, հասարակությունն է, որ կարող է դատել, թե ինչ արդյունք է դա ապահովել»:

Դեսպանը նշեց, որ ճանապարհը դեպի ժողովրդավարություն, մարդու իրավունքներ հեշտ չէ, պարզ չէ, այն լի է ակոսներով, հետադարձերով: Եվրոպական փորձն ապացուցում է, որ դրա նկարագիրը բավականին պարզ է, բայց այն աշխատանքը, որը արվում է դրա հետեւում, շատ ավելի բարդ է, ծավալուն է:

Նա ասաց, որ օգնելու են լուծել բոլոր այն խնդիրները, որոնք առաջանում են այդ ճանապարհին. «Չկա կատարյալ ժողովրդավարության հասնելու կատարյալ մոդել, չկա դատաիրավական կամ դատական իշխանության մեկ լավագույն մոդել: ԵՄ-ն որեւէ բան չի պարտադրում, որեւէ համընդհանուր մոդել չկա, մենք օգնում ենք՝ կիսվելով ստանդարտներով, համեմատության եվրոպական ելանիշներով: Համաձայնագիրը մեզ նոր եռանդ ու հնարավորություններ է տալիս՝ դա անելու համար: Հույս ունեմ, որ այս գործակցությունը կզարգանա, ավելի ինտենսիվ կդառնա: Դա է մեր նպատակը՝ առաջարկել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031