Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը հանձնարարել է հանրությանը հնարավորինս շուտ իրազեկել. «Այն, ինչ մենք օրենքով բյուջեով նախատեսել էինք, գերակատարել ենք»

Հունվար 19,2018 16:03

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ ֆինանսների նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ.  գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին:

Նախարար Վարդան Արամյանը զեկուցել է, որ  ՀՀ ֆինանսների նախարարությունն իրականացրել է մակրոմիջավայրի՝ հարկաբյուջետային քաղաքականության բարելավման և միկրոմիջավայրի՝ պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներ: Այն խնդիրները, որոնք դրվել են հարկաբյուջետային քաղաքականության համատեքստում, այն է՝ պետական պարտքի աճի տեմպերի դանդաղեցում, մակրոտնտեսական կայունության ապահովում, 2018 թ. ավելի բարձր տնտեսական ներուժով թևակոխելու համար հիմքերի ստեղծում, ըստ նախարարի,  հիմնականում իրականացվել են: 2017 թ. ավելի մեծ շեշտադրում կատարվել է կապիտալ ծախսերին և ավելի պահպանողական վարքագիծ է եղել ընթացիկ ծախսերի մասով: Վ.Արամյանի խոսքով՝ 2018 թ. սկսած, պարտքի կայունացմանն ուղղված, սակայն տնտեսական աճը չտուգանող նոր հարկաբյուջետային կանոնների ներդրման նպատակով մշակվել է հարկաբյուջետային կանոնների փաթեթ, ինչի հիման վրա նախատեսվում է վերանայել պարտքի և դեֆիցիտի գործող կանոնները, ինչպես նաև պետական բյուջեի ծախսերի մասով սահմանել նոր հարկաբյուջետային կանոններ:

Պետական ֆինանսների կառավարման ոլորտում նախարարությունը հաշվետու տարում իրականացրել է կարգապահության բարձրացմանը միտված 2 խումբ գործողություններ (գործընթացների պարզեցում և տեղեկատվական համակարգերի ընդլայնում), և 2018 թ. շարունակելու է այդ ուղղությամբ աշխատանքը՝ և´ կարճաժամկետ, և´ երկարաժամկետ կտրվածքով արդյունք ապահովելու նպատակով: Նախարարը զեկուցել է, որ, օրինակ, գնումների ոլորտում տեղեկատվական համակարգերի դաշտն էապես ընդլայնվել է, և շուրջ 3 անգամ ավելացել է այդ համակարգերից օգտվող պատվիրատու մասնակիցների թիվը:  Վ. Արամյանը տեղեկացրել է, որ 2017 թ. նախարարությունն ակտիվ աշխատել է հանրային իրազեկվածության բարձրացման ուղղությամբ, նաև քայլեր են իրականացվել աշխատակազմ բարձրակարգ կադրեր ներգրավելու ուղղությամբ. 137 երիտասարդ մասնագետ համալրել է նախարարության աշխատակազմը:

Այնուհետև պատասխանատուները վարչապետ Կարապետյանին մանրամասն զեկուցել են ըստ ոլորտների կատարված աշխատանքների մասին: Նախ և առաջ ներկայացվել են մակրոտնտեսական քաղաքականության, բյուջետային շրջանակի և պետական պարտքի ոլորտներում իրականացված աշխատանքները: Նշվել է, որ ֆինանսների նախարարության գնահատականներով՝ 2017 թ. տնտեսական աճը կկազմի շուրջ 6.7 տոկոս (կանխատեսված 4.3 տոկոսի դիմաց), ՀՆԱ-ի դեֆլյատորի աճը` 1.5 տոկոս, իսկ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն՝ շուրջ 3,799.8 ԱՄՆ դոլար: Կանխատեսումների համեմատ ավելի բարձր՝ 6.7 տոկոս տնտեսական աճը պայմանավորված է եղել ծառայությունների, շինարարության և զուտ հարկերի ոլորտներում սպասվածից ավելի բարձր զարգացումներով:

2017 թ. արտաքին առևտրի մասով, նախորդ տարվա համեմատ, արտահանման աճը կկազմի շուրջ 23.5 տոկոս, իսկ ներմուծումը կաճի մոտ 28 տոկոսով: Տարվա արդյունքներով դրամական փոխանցումների աճը գնահատվում է 13.4 տոկոս: Ընթացիկ հաշվի պակասուրդը կկազմի ՀՆԱ-ի շուրջ 4 տոկոսը` մոտենալով իր երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակին:

2017 թ. պետբյուջեի եկամուտները կազմել են 1237,2 մլրդ. դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 5,6 տոկոսով: Հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 1158,1 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցելով 7.3 տոկոսով: Հարկային եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է շուրջ 21.1 տոկոս, իսկ ճշգրտված հարկեր/ՀՆԱ ցուցանիշը՝ 20.8 տոկոս՝ նախորդ տարվա նկատմամբ բարելավվելով 0.5 տոկոսային կետով: 2017 թ. պետբյուջեի ընդհանուր ծախսերը կազմել են 1417.3 մլրդ դրամ` նախորդ տարվա նկատմամբ նվազելով 2.2 տոկոսով, ընդ որում՝ ընթացիկ ծախսերը նվազել են 1,2 տոկոսով, իսկ կապիտալ ծախսերը՝ 13,0 տոկոսով։ Զսպող հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում 2017 թ. պետբյուջեի պակասուրդը կազմել է 180.2 մլրդ դրամ՝ ՀՆԱ-ի 3.3 տոկոսը` նախորդ տարվա 5.5 տոկոսի դիմաց։

Վարչապետը հանձնարարել է հանրությանն  իրազեկել 2017թ. պետական բյուջեի գերակատարման արդյունքների վերաբերյալ. «Այն, ինչի համար մենք պատասխանատու ենք հանրության առջև, օրենքով հաստատված բյուջեն է, և մենք այն գերակատարել ենք, անպայման այդ մասին պետք է իրազեկել հանրությանը: Մենք հաշվետու ենք լինելու այն բյուջեի համար, որն ԱԺ-ում հաստատվել է»: Ինչ վերաբերում է ճշտված բյուջեին, ապա, ըստ վարչապետի, այն կառավարության ներքին փաստաթուղթն է, և «դրանով դրել ենք մի նշաձող, որպեսզի մոտիվացիա լինի»:

Ներկայացվել են պետական պարտքի կառավարման առումով 2017 թ. իրականացված միջոցառումները, որոնք ուղղված են եղել պարտատոմսերի առաջնային և երկրորդային շուկայի զարգացմանը, պարտքի՝ մինչև մարում ժամկետի երկարացմանը, պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների վարքագծի գնահատման և ընտրության համակարգի ներդրմանը, պարտքային քաղաքականության հրապարակայնության և թափանցիկության ապահովմանը և այլն: 2018 թ. նախատեսվում է իրականացնել երկրորդային շուկայի ակտիվացմանն ու զարգացմանը և ՀՀ կառավարության պարտքի կառավարման բարելավմանն ուղղված աշխատանքներ:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է առկա վարկային և դրամաշնորհային ծրագրերին և հանձնարարել ֆինանսների նախարարությանը ամբողջական փաստաթուղթ  ներկայացնել բոլոր ծրագրերի վերաբերյալ. «Մենք պետք է վստահ լինենք, որ այն հնարավոր դրամաշնորհները, որոնք մեր երկիրը կարող է ստանալ, որոշակի պարտավորություններ կատարելով և չկատարելով, մենք առավելագույնը ստանում ենք: Ես այսօր այդ ազդակն ամփոփ տեսքով չեմ տեսնում: Խնդրում եմ, որ դա ֆինանսների նախարարությունում կազմակերպվի, և 2018 թվականին մեր պլանը գծվի, որտեղ յուրաքանչյուրն իմանալու է՝ իր անելիքը ո՞րն է, ի՞նչ բոնուս է ստանալու դրա դիմաց, և եթե չի կատարում, ի՞նչ պատասխանատվության է ենթարկվելու»: Կարեն Կարապետյանը նաև ընդգծել է, որ որոշ ծրագրերի վերանայման անհրաժեշտություն կա «Պետք է վարկային մեր բոլոր ծրագրերը գույքագրենք, դրանց կատարողականները նայենք, և եթե հնարավորություն կա, ուսումնասիրենք վարկային պարտավորությունների վերանայման խնդիրը»:

Վարչապետին զեկուցվել է նախարարության ոլորտային ուղղություններով իրականացված միջոցառումների արդյունքների մասին: Մասնավորապես, անդրադարձ է եղել հարկային օրենսդրության կատարելագործմանը և միջազգային հարկային համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքներին, որոնք նախատեսվում է շարունակել նաև 2018 թվականին: Կառավարության ղեկավարը հանձնարարել է ֆինանսների նախարարությանը մշակել մեխանիզմ՝ ֆիլտրելու բոլոր այն օրենքները, որոնք առնչություն ունեն ֆինանսների ոլորտի հետ, եթե նույնիսկ այդ օրենքի հեղինակը նախարարությունը չէ:

Անդրադարձ է եղել ծրագրային բյուջետավորման գործընթացին, որի շրջանակում 2018 թ., ի թիվս այլ խնդիրների, նախատեսվում է նաև բարձրացնել ՊՈԱԿ-ների գործունեության թափանցիկությունը և ԾԻԳ-երի հետ կապված  բանակցություններ վարել դոնոր կազմակերպությունների հետ՝ նաև նախնական հսկողության համակարգերը կիրառելու ուղղությամբ:

Մանրամասն տեղեկատվություն է ներկայացվել նաև պետական գնումների ոլորտում կատարված աշխատանքների վերաբերյալ: 2017 թ. իրականացված բարեփոխումների արդյունքում ընդլայնվել է էլեկտրոնային գնումների պատվիրատուների շրջանակը, 30 տոկոսով բարելավվել է գնումներին մասնակցության աստիճանը: 2018 թ. նախատեսվում է իրականացել հետևյալ միջոցառումները՝ էլեկտրոնային աճուրդի համակարգի ներդրում, գնումների վերլուծության և ռիսկայնության որոշման էլեկտրոնային համակարգերի     ներդրում, էլեկտրոնային գնումների համակարգի շարունակական զարգացում (նոր ARMEPS), էլեկտրոնային գնումների համակարգի ընդլայնում (200 մլն դրամից ավելի գնումներ կատարող ՊՈԱԿ-ների ներառում)  և գնումների ու գանձապետական էլեկտրոնային համակարգերի համակցում: Վարչապետը, գոհունակություն հայտնելով կատարված քայլերից, ուշադրություն է հրավիրել գնումների գործընթացի հետ կապված որոշ գերատեսչությունների կողմից բարձրացվող խնդիրների վրա. «Բազմաթիվ պատահական կառույցներ գալիս են, մասնակցում են, դեմպինգային գին են դնում, ուզում են նախաորակավորում անել, իսկ ֆինանսների նախարարությունն ասում է, որ նախաորակավորումը բերում է նրան, որ մասնակիցների շրջանակը նեղանում է, ինքնարժեքն աճում է: Երեկվա կառավարության նիստում իմ հանձնարարականը հենց այդ հարցին էր վերաբերում, որպեսզի մենք գտնենք հենց այդ հատման  կետը: Խնդրում եմ այդ հարցի շուրջը մտածեք, լուծում տանք: Մենք պետք է մաքսիմալ ճկուն մեխանիզմ մշակենք, որպեսզի այդ սահմանափակումները, որոնք դնում ենք, չխանգարեն մեզ մաքսիմալ էժանը համապատասխան որակով գնելու: Պետք է խնդրեմ ձեզ մաքսիմալ ճկուն և արագ արձագանքել», – ասել է կառավարության ղեկավարը:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետ Կարապետյանը մատնանշել է 2018թ. նախարարության գործունեության առաջնահերթությունները. «2018 թվականը չափազանց կարևոր է. նախ մեր ֆինանսական կարգապահությունը, ծախսերի հետևից գնալը պետք է մաքսիմալ հետևողական լինի, հասցնենք այն օբյեկտիվ անհրաժեշտությանը, որը կա: Երկրորդ՝ մենք այս տարի պետք է երկարատև կայուն աճի, կապիտալ ենթակառուցվածքային և այլ ծախսերի հիմքեր դնենք: Երրորդ՝ մենք պետք է անցնենք 2019 թ. բյուջեն նոր կարգավիճակով տրամադրելու: Չորրորդ ՝ վարկային դրամաշնորհային քաղաքականության մեջ պետք է ունենանք հստակ մի օղակ, որը հսկում է և ազդակներ է տալիս, թե ինչ է կատարվում: Հինգերորդ՝ պետք է մտածենք պետական կառավարման համակարգի բարեփոխումների մասին»:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031