Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Աղամյան. «Անձնական խնդիրներ ունեմ` հնարավոր է համագումարն ավելի շուտ լինի»

Հունվար 19,2018 15:50

Aravot.am-ը Հայաստանի նկարիչների միության երկարամյա նախագահ Կարեն Աղամյանից հետաքրքրվեց` ե՞րբ են նախատեսում հերթական համագումարը, մանավանդ որոշ նկարիչների շրջանում այդ առնչությամբ դժգոհություններ կան:

Ի պատասխան՝ միության նախագահը վկայակոչեց օրենքը եւ իրենց միության կանոնադրությունը:

«Մենք գործում ենք օրենքով, կանենք այն ժամանակ, երբ օրենքն այդ մասին կասի: Եթե հասարակական կազմակերպությունը, ըստ Հայաստանում գործող օրենքի, բաղկացած է 100 եւ ավելի անդամից, կարող է անել ընդհանուր ժողով կամ կոնֆերանս: 2016 թ. մենք կոնֆերանս ենք իրականացրել, քանի որ ԱԺ-ն ընդունել էր նոր կարգ` հասարակական կազմակերպությունների մասին, եւ մենք պարտավոր էինք անել դա` համապատասխանեցնելով մեր կանոնադրությունը երկրում գործող օրենքին: Կոնֆերանսը 2016-ի փետրվարին է տեղի ունեցել: Հիմա եթե օրենքով շարժվենք, այդ կոնֆերանսից հետո մենք պարտավոր ենք անել համագումար`դրանից 5 տարի անց, այսինքն՝ 2021 թ.»,-ասաց պարոն Աղամյանը:

Քիչ անց էլ մեր զրուցակիցը հավելեց. «Թեեւ ըստ գործող օրենքի եւ մեր կանոնադրության, համագումարը կամ կոնֆերանսը պետք լինի 2021 թ., սակայն շատ հնարավոր է, որ ավելի շուտ կայանա, քանի որ ինքս անձնական խնդիրներ ունեմ եւ դա կլինի իմ որոշումը»:

Կարեն Աղամյանից նաեւ հետաքրքրվեցինք` իսկ ինչո՞ւ Հայաստանի նկարիչների միության հիմնադրման 85-ամյակն աննկատ անցավ, ինչպես պնդում է ճանաչված գեղանկարիչ եւ քանդակագործ Հաղթանակ Շահումյանը:

«Ընդհակառակը, միության հիմնադրման 85-ամյակը շատ նկատելի է անցել, մենք արել ենք այնպիսի մեծ ցուցահանդես, որպեսզին չենք ունեցել անգամ Խորհրդային Միության տարիներին: Նկարիչների միության երկու հարկերը լեփ-լեցուն են եղել նկարիչների աշխատանքներով, մոտ 700 նկար էին բերել, միության համարյա բոլոր անդամները մասնակցել էին, եւ դա մեզ համար տոն էր: Հանձնաժողովը ստիպված էր որոշ գործեր հանել, քանի որ կախելու տեղ չունեինք: Իհարկե, կային նաեւ թույլ գործեր: Ցուցահանդեսի բացումը շատ բարձր մակարդակով եղավ: Բացումից մի քանի օր անց մեզ այցելեց երկրի նախագահը, մշակույթի նախարարը եկավ, շնորհավորանքներով: Նախագահը մշակույթի նախարարի ուղեկցությամբ եղավ սրահներում, զննեցին, ուշադրությամբ նայեցին, հետո որոշ թեմաների շուրջ զրուցեցինք: Ինչպես Հաղթանակ Շահումյանն է ասում` Նկարիչների միությունը համերգ անել չի կարող, մենք ունենք մեր ձեւը…Իսկ ինչպե՞ս պետք է նկատվեինք, հո փողոց դուրս չէի՞նք գալու պլակատներով»,- հայտնեց Հայաստանի նկարիչների միության նախագահը:

Նա հավելեց, որ միությունը հրատարակել է մեծ ալբոմ, որտեղ զետեղված են Հայաստանում գործող բոլոր նկարիչների տվյալները, ստեղծագործությունները, լուսանկարները, հասցեները եւ այլն. «Մենք 5 տարին մեկ նման ալբոմ ենք հրատարակում, այս անգամ այն համընկավ մեր միության հիմնադրման 85-ամյակի հետ: Ի դեպ, ալբոմի ներածական խոսքը երկրի նախագահն է ասել: Եվ եթե նախագահն է ներածական խոսք ասում, մի՞թե դա չի նշանակում, որ մեր 85-ամյակն աննկատ չի անցել…»:

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ այս պահին Հայաստանի նկարիչների միությանն անդամակցում է 700 հոգի. «Հայաստանում գործող ստեղծագործողները կերպարվեստում շուրջ 700-ն են: Ի դեպ, մի 25-30 օր առաջ եղավ հերթական ընդունելությունը, երիտասարդ նկարիչներից ստացված բազմաթիվ դիմումներ ունեինք` մոտ 70 հայտ, որոնք ցանկություն էին հայտնել անդամակցել միությանը, սակայն հանձնաժողովը ընդունեց նրանցից 50 տոկոսին: Մենք տարեկան անում ենք 40 ցուցահանդես, շատ ակտիվ աշխատանք է գնում, չեմ ուզում գլուխ գովելով խոսել, բայց այդ ամենը փաստ է»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Կարեն Աղամյանի լուսանկարը` նրա ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031