Փորձագետների պնդմամբ՝ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) իրավիճակը 2016-ի համեմատ 2017-ին մնացել է անփոփոխ: «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանը մտահոգություն հայտնեց, որ, օրինակ, Նուբարաշեն ՔԿՀ-ի գերբնակեցման հարցը տարիներ շարունակ մնում է չլուծված: Նա մանրամասնեց. «Նուբարաշենի առաջին հարկն ընդհանրապես բնակեցման համար պիտանի չէ: Թեև անցյալ տարի կային խցեր, որ տեղափոխվեցին, բայց դեռ առաջին հարկի խցերն օգտագործվում են. օրինակ՝ կարանտինային խցերը կամ հացադուլ հայտարարած անձանց համար խցեր: Շատ մեծ է այնտեղ խոնավությունը, այնտեղ կան խավարասերներ, միջատներ: Դատապարտյալներին այնտեղ պահելը մենք գնահատել ենք՝ որպես անմարդկային վերաբերմունք: Ունենք նաև լուսանկարներ»:
Քրեակատարողական հիմնարկների գերբնակեցման մասին պարոն Ռևազյանն ասաց. «Քրեակատարողական հիմնարկներ ունենք, որտեղ կարծես գերբնակեցում չկա, սակայն մեկ խցում կարող են բնակեցված լինել երեսուն թույլատրելիի փոխարեն հիսուն դատապարտյալ: Խցեր կան, որ լավ վերանորոգված են, սակայն կան այնպիսիք, որ անմխիթար վիճակում են: Իհարկե, դատապարտյալներն իրենք կարող են իրենց միջոցներով վերանորոգել իրենց խուցը, սակայն սա այնքան էլ ընդունելի երևույթ չէ, քանի որ սոցիալական անհավասարությունն է խորացնում»:
ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Զառա Հովհաննիսյանը տեղեկացրեց՝ հիմնականում առնչվում են այն անձանց հետ, որոնք ունեն առողջական խնդիրներ. «Հաճախ առողջական խնդիրների՝ չլուծված լինելու հարցը դառնում է հացադուլի պատճառ: 2017-ին դրա պատճառով ունեցանք մահեր: Օրինակ՝ Հաց բերողի մահը, որը մարդու իրավունքների տեսանկյունից լուրջ խնդիր է»:
Տիկին Հովհաննիսյանը փաստեց, որ Աբովյանում գտնվող՝ կանանց քրեակատարողական հիմնարկում մահվան դեպք են ունեցել: Նա մանրամասնեց. «Երկու լուրջ դեպք ունեինք, որ դիմեցինք նախարարություն: Սակայն ստացանք մերժում: Արդյունքում կանանցից մեկը սրտի կաթվածից մահացավ, մյուսն էլ այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»:
Զառա Հովհաննիսյանը հայտարարեց՝ կառավարության կողմից հաստատված՝ պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկը վերանայել է պետք:
ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության իրավաբանական բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Տիգրան Սահակյանը, պարզաբանելով ՔԿՀ-ների գերբեռնվածության խնդիրը, ասաց. «Արմավիր ՔԿՀ-ի կառուցումը մեղմեց գերբեռնվածության խնդիրը: Նախատեսվում է Գորիսում նոր ՔԿՀ կառուցել: Այդ դեպքում խնդիրն ամբողջությամբ կվերանա»:
Դառնալով Նուբարաշեն ՔԿՀ-ի՝ առաջին հարկում տեղակայված խցերի անմարդկային իրավիճակին՝ պարոն Սահակյանն ասաց. «Ճիշտ է, որ առաջին հարկում պայմանները չէին համապատասխանում չափորոշիչներին, ձեռնարկեցինք բոլոր անհրաժեշտ միջոցները, և որոշ խցերի շահագործումը դադարեցվեց: Մի որոշ ժամանակ եղավ գերբնակեցում, քանի որ այդ անձինք այլ խցեր տեղափոխվեցին: Հիմա այդ գերբնակեցման խնդիրը ոչ մի տեղ չունենք, իսկ Նուբարաշենում գերբնակեցման խնդիրը կապված է նաև համատեղելիության հետ: Այդ խնդիրը վերջնական կարող է լուծվել նոր քրեակատարողական հիմնարկների կառուցումից հետո»:
Անդրադառնալով վիճակագրությանը՝ Տիգրան Սահակյանը նշեց. «2017-ին քրեակատարողական հիմնարկներում մահացել է ընդհանուր 17 անձ, բուժհաստատություններում՝ յոթ անձ, ինքնասպանության երկու դեպք ունենք, հիվանդության պատճառով յոթ դատապարտյալ է մահացել»:
Պարոն Սահակյանը նշեց, որ 2016-ին հիվանդության պատճառով մահացել էր կրկին յոթ անձ, իսկ ընդհանուր մահացության դեպքերը եղել են 29-ը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի