«Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» դատական նիստում այսօր լարված իրավիճակ ստեղծվեց: Ամբաստանյալներից Ներսես Պողոսյանի շահերի պաշտպան, փաստաբան Արայիկ Պապիկյանը միջնորդեց կրկին հարցաքննել այս գործով ազատության մեջ գտնվող մեղադրյալ Սմբատ Գալոյանին, ինչի առթիվ անհամաձայնություն հայտնեց ամբաստանյալներից Հովհաննես Պետրոսյանի (որը համարվում է Սեֆիլյանի դեմ ցուցմունք տված անձը) շահերի պաշտպան, փաստաբան Արմեն Մկրտչյանը՝ ասելով, որ միջնորդությունը հիմնավոր չէ:
Պաշտպանի դիրքորոշումը հունից հանեց ամբաստանյալ Ներսես Պողոսյանին: Ապակե պատնեշից այն կողմ լարված իրավիճակ ստեղծեց, սակայն ամբաստանյալներին ուղեկցող ոստիկանները կանխեցին պաշտպանի եւ Պողոսյանի միջեւ հնարավոր բախումը: Մկրտչյանն ու Պողոսյանը դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի կողմից արժանացան սանկցիայի՝ նախազգուշացման տեսքով:
Մանրամասն՝ տեսանյութում:
Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, հանցավոր նպատակներով խումբ (ամբաստանյալներ՝ Ներսես Պողոսյան, Սասունիկ Կիրակոսյան, Գալուստ Գրիգորյան, Հովհաննես Պետրոսյան, Գեւորգ Սաֆարյան, Հրայր Թոփչյան) ձեւավորելու, զորամաս եւ Երեւանի հեռուստաաշտարակը զավթելու փորձի մեջ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ