Եվրոպական միությունը շարունակում է աջակցել Հայաստանում քաղաքացիական հասարակությանը՝ մարդու իրավունքները պաշտպանելու, ինչպես նաև քաղաքացիների ակտիվ ներգրավվածությունը խթանելու նպատակով
Երևան, 19 հունվարի 2018թ.
Եվրոպական միությունը ֆինանսական աջակցություն է տրամադրել Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացմանն ուղղված հինգ նոր ծրագրի՝ ժողովրդավարական կառավարման և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտները բարելավելու նպատակով: Այդ ծրագրերը հստակ օրինակ կծառայեն՝ ներկայացնելով, թե ինչպես կարող է քաղաքացիական հասարակությունը նախաձեռնել տեղեկատվության հավաքագրում և խթանել հանրային քննարկումներ: Ծրագրերի շրջանակում քաղաքացիական հասարակությունը կարտացոլի քաղաքացիների ընդհանուր տեսակետները և կօգնի ներկայացնել նրանց հիմնական առաջարկություններն ու մտահոգությունները քաղաքական գործիչներին և պետական հաստատություններին՝ վերահսկելով պետական կառավարման մարմինների գործունեությունը:
Այս ծրագրերը նշանավորում են Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության կողմից 2017թ-ի նոյեմբերի 25-ին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում (ՀԸԳՀ) մատնանշված և հաստատված հիմնական արժեքները:
ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. Պյոտր Սվիտալսկին նշում է. «ԵՄ պատվիրակությունը մեկնարկում է հանրային կարևորության հինգ նոր ծրագիր՝ ուղղված քաղաքացիական հասարակության զարգացմանը՝ քաղաքացիներին ներգրավելով կառավարման և մարդու իրավունքների ոլորտի տարբեր գործողություններում: Ես լիահույս եմ, որ այս նոր ծրագրերը կխրախուսեն ավելի մեծ թվով երիտասարդներին ու հասարակ քաղաքացիներին ներգրավվել Հայաստանում մի շարք կարևոր հանրային քննարկումների մեջ:
Այս հինգ նոր ծրագրերն ընդգրկում են բազմազան ոլորտներ՝ փակ հաստատություններում մարդու իրավունքներին առնչվող երիտասարդությանը վերաբերող հարցեր, կանանց կողմից ղեկավարվող կազմակերպություններին ու պետական քաղաքականությանն առնչվող հարցեր, բյուջեի կատարմանն, ինչպես նաև էներգիայի ծախսերի կրճատման հարցեր: Այսպիսով, անկախ Ձեր հետաքրքրությունից այս ծրագրերը վերաբերում են յուրաքանչյուրին»:
Այս նոր ծրագրերը կներգրավեն Հայաստանի քաղաքացիներին՝ այդ թվում կանանց և երիտասարդներին, մի շարք գործողություններում՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը, բյուջետային թափանցիկության ապահովմանը, կանանց կողմից ղեկավարվող կազմակերպությունների կարողությունների զարգացմանը, փակ հաստատություններում իրավիճակի գնահատմանը և դրա մասին քննարկումների անցկացմանը, ինչպես նաև գյուղական համայնքներում և քաղաքացիական հասարակության կազմակերպություններում նոր տեխնոլոգիաների միջոցով էներգիայի ծախսերի կրճատման քայլերի վերաբերյալ քաղաքացիների շրջանում իրազեկման մակարդակի բարձրացմանը: Ծրագրերի շրջանակում աշխատանքները կիրականացվեն երկու տարիների ընթացքում՝ ներգրավելով մարզերի բնակիչներին և նպաստելով նրանց բարօրությանը:
Հինգ ծրագրերից երկուսը կարծարծեն մարդու իրավունքների խնդիրները. մեկը ` կաշխատի երիտասարդ լրագրողների և երիտասարդական կազմակերպություն-ների հետ մարդու իրավունքների մշտադիտարկման և հաշվետվությունների առումով գիտելիքիների մակարդակը բարձրացնելու, ինչպես նաև մարդու իրավունքները խթանելու նպատակով: Երկրորդ ծրագրի միջոցով կթարմացվեն և կընդլայնվեն փակ հաստատություններում, օրինակ կալանավայրերում, հոգեկան առողջության խնդիրներով մարդկանց համար նախատեսված հաստատություններում և նախնական կալանքի կենտրոններում մարդու իրավունքներին վերաբերող իրավիճակի գնահատումները:
Երրորդ և չորրորդ ծրագրերը Հայաստանի քաղաքացիներին ուղղված ավելի լավ տեղեկատվական հոսքեր կստեղծեն բյուջեի կատարման կարևորագույն հարցերի, ինչպես նաև նոր տեխնոլոգիաներում փոքր ներդրումների միջոցով բնակարանների և առանձնատների բնակիչների համար էներգիայի ծախսերի կրճատման մասին: Հինգերորդ ծրագիրը կապահովի աջակցություն ավելի քան 600 խոցելի կանանց համար` կանանց կազմակերպությունների կողմից ղեկավարվող սոցիալական ձեռնարկությունները բարելավելու միջոցով:
ԵՄ-ի կողմից ֆինանսավորված ծրագրերի վերաբերյալ հակիրճ տեղեկություն
Հայաստանում Եվրոպական միության (ԵՄ) պատվիրակությունն ուրախ է ներկայացնել ԵՄ-ի կողմից ֆինանսավորված հինգ նոր քաղաքացիական հասարակության ծրագրերը, որոնք կիրականացվեն Հայաստանում 2018-2019 թվականներին: Մենք խորապես հավատում ենք, որ 1,9 մլն եվրո ընդհանուր բյուջե ունեցող ծրագրերը կարող են փոփոխությունների աղբյուր դառնալ՝ արծարծելով մարդու իրավունքների պաշտպանության, պետական բյուջեի մշտադիտարկման, մասնակցային մարզային զարգացման և խոցելի խմբերի տնտեսական հզորացման խնդիրները, ինչպես նաև կարող են ստեղծել նոր աշխատատեղեր, քաղաքացիներին ներգրավել որոշումների կայացման գործընթացներում և խթանել երկրում Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացուն հուզող առավել հրատապ խնդիրների շուրջ հանրային քննարկումները:
Ծրագրերի հակիրճ նկարագրեր.
-«Հանրային հայացք՝ փակ աշխարհին. փակ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի մասին իրազեկման բարձրացում» երկամյա ծրագիրն իրականացնում են «Հանրային լրագրության ակումբ» և «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ները: Այս ծրագիրը կլուսաբանի փակ հաստատություններում ապրող հայերի ամենօրյա կյանքը: Սա վերաբերում է այն քաղաքացիներին, ովքեր գտնվում են նախնական կալանքի տակ, դատապարտված են ազատազրկման կամ ապրում են մասնագիտացված փակ հաստատություններում ծանր ֆիզիկական և մտավոր հաշմանդամություն ունենալու պատճառով: Նախագիծը կառաջարկի լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հատուկ դասընթացների շարք՝ հետագայում փակ հաստատություններում ապրող մարդկանց իրավունքների վերաբերյալ հավասարակշռված և համապարփակ հասարակական բանավեճեր անցկացնելու, փակ հաստատություններում կյանքի վերաբերյալ մի շարք հեռուստահաղորդումներ և տեսանյութեր նկարահանելու համար, որոնք ուղղված կլինեն հանրության ներգրավմանը և հասարակ քաղաքացիների տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը: 278,072 եվրո ընդհանուր բյուջե ունեցող (ԵՄ ներդրումը՝ 264,168 եվրո) ծրագիրը կիրականացվի Հայաստանի բոլոր մարզերում մինչև 2019 թվականի դեկտեմբերը:
-«Տեղեկատվության մատչելիություն և հետաքննական լրագրություն առավել իրազեկված քաղաքացիների համար» ծրագիրն իրականացվում է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի և Մաաստրիխտում գործող «Եվրոպական լրագրության կենտրոն»-ի կողմից: Ծրագրի նպատակն է օգնել հայ բնակչությանը՝ հատկապես մարզերում, մեծացնել ազգային բյուջեի, պետական ծախսերի վերաբերյալ տեղեկացվածության մակարդակը և իրազեկել կառավարության կողմից բյուջեի անարդյունավետ ծախսերի վերաբերյալ հաշվետվություն ստանալու իրենց իրավունքների մասին: 390,000 հազար եվրո ընդհանուր բյուջեով (ԵՄ ներդրումը՝ 343,200 եվրո) 20 ամիս տևողությամբ ծրագիրը կառաջարկի դասընթացներ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և երիտասարդ լրագրողների համար: Դասընթացների մասնակիցները կսովորեն ինչպես ստեղծել և տարածել մատչելի ինֆորմացիա, իրականացնել պետական բյուջեի արդյունավետ մշտադիտարկում և նպաստել Հայաստանի բյուջետային հատկացումների և ծախսերի վերաբերյալ հանրային քննարկումների անցկացմանը: Ծրագրի ենթադրամաշնորհային սխեման թույլ կտա 10 ՔՀԿ-ներին համագործակցել պետական կառավարման մարմինների հետ՝ պետական բյուջեի միջոցների պլանավորման և/կամ ծախսման առավել արդյունավետ ուղիների մշակման նպատակով և այդպիսով դրական ազդեցություն ունենալ Հայաստանի հասարակության տնտեսական և սոցիալական բարօրության վրա:
-«ԵՄ–ն քաղաքացիական հասարակությանը. էներգախնայողությունը Հայաստանի համայնքներում» ծրագիրը երկամյա նախաձեռնություն է, որի նպատակն է ներգրավել հասարակության լայն շերտերի էներգիայի արդյունավետության վերաբերյալ քաղաքացիական ընկալման վերանայման գործում, որպես Հայաստանում աղքատության նվազեցման և վերացման ուղի: Այս ծրագրի միջոցով «Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա» հիմնադրամը Նիդերլանդների, Գերմանիայի և Չեխիայի հանրապետության իր գործընկերների հետ լուծելու են գյուղական բնակավայրերում էներգաարդյունավետության խնդիրները` բարձրացնելով իրազեկվածության մակարդակը և կիրառելով գործնական քայլեր էներգիայի սպառման ուղիները բարելավելու, կյանքի մակարդակը բարձրացնելու և էլեկտրաէներգիայի ծախսերը կրճատելու նպատակով: Ծրագիրը ներգրավելու է Հայաստանի 5 մարզերի (Լոռի, Տավուշ, Գեղարքունիք, Կոտայք, Արարատ) ՔՀԿ-ներին և ԶԼՄ-ներին՝ քաղաքային և գյուղական համայնքների էներգիայի արդյունավետության խնդիրների վրա աշխատելու նպատակով: Մարդիկ կսովորեն էներգիայի արդյունավետ օգտագործման նոր մեթոդներ, ինչպես մոբիլիզացնել համայնքային ռեսուրսները և արդյունավետ համագործակցել տեղական կառավարման մարմինների և մասնավոր ընկերությունների հետ էներգախնայողության խնդիրների լուծման համար: 372,231 եվրո (ԵՄ ներդրումը` 335,000 եվրո) ընդհանուր բյուջեով ծրագիրը նաև նպաստելու է համայնքային նախաձեռնությունների իրականացմանը և ստեղծելու է նոր հնարավորություններ քաղաքացիական խմբերի համար, որպեսզի խմբավորեն իրենց ռեսուրսները տեղական կառավարման մարմինների հետ համագործակցելու սիներգետիկ ազդեցության հասնելու նպատակով և ապահովելու էներգախնայողության և համայնքային զարգացման ոլորտներում ներդրումների երկարաժամկետ կայունությունը:
-«Դրական փոփոխություն՝ քաղաքացիական հասարակության կարողությունների հզորացման միջոցով» ծրագիրը երկամյա նախաձեռնություն է, որը կիրականացվի «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ» հայաստանյան մասնաճյուղի և երկու ՔՀԿ-ների՝ «Հանրային Քաղաքականության Ինստիտուտ» և «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» կողմից: Կարողությունների ձևավորումը և ենթաֆինանսավորումը հանդիսանում են ծրագրի առանցքային գործիքը քաղաքացիական հասարակության կազմակերպություններին ընտանեկան բռնության հետ կապված մարդու իրավունքների խախտումները, խոշտանգումներից ազատվելու իրավունքները, արդար դատաքննության իրավունքը, հանդուրժողականությունը, որակյալ կրթության մատչելիությունը և առողջապահական ծառայությունների մատչելիությունը մշտադիտարկելու, արձանագրելու և զեկուցելու համար անհրաժեշտ հմտություններ և գիտելիքներ տրամադրելու նպատակով: Ծրագիրը կծառայի որպես կամուրջ Հայաստանում գործող իրավապաշտպանների և ակտիվ երիտասարդների միջև, ովքեր հետաքրքրված են հայերի իրավունքների պաշտպանության հարցում ավելի մեծ փորձ ձեռք բերել: Ծրագրի ընդհանուր բյուջեն ՝ 460,035 եվրո, (ԵՄ ներդրումը` 400,000 եվրո) կօգնի մարդկանց ավելի ընդլայնել գիտելիքները մարդու իրավունքների, քրեական և սոցիալական արդարադատության վերաբերյալ:
-«ԵՄ–ն կանանց համար. Տնտեսական հզորացում սոցիալական ձեռնարկությունների միջոցով» ծրագիրը երկամյա նախաձեռնություն է, որն իրականացվում է Միացյալ Թագավորությունում Մերձավոր Արևելքի հիմնադրամի և Կանանց զարգացման ռեսուրսային կենտրոնի կողմից: Նախաձեռնությունն աջակցելու է Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու և Սյունիքի մարզերի 12 քաղաքացիական հասարակության կազմակերպություններին պաշտպանել կանանց իրավունքները կամ օգնել վտանգի տակ գտնվող կանանց և երեխաներին: Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 446,797 եվրո (ԵՄ ներդրումը`400,000 եվրո) կօգնի այդ ՔՀԿ-ներին սկսել կամ զարգացնել սոցիալական ձեռնարկություններ իրենց կազմակերպությունների և իրենց համայնքների կանանց բարօրությունն ապահովող ծրագրեր ֆինանսավորելու համար: Ինտենսիվ ուսուցման ճանապարհով ՔՀԿ-ները վերապատրաստվելու են բիզնես-գործառնություններում, որոնք կնպաստեն վերջիններիս աշխատանքին և կապահովեն եկամուտով, որը կարող է կայունացնել և ընդլայնել խոցելի կանանց համար իրականացվող ծրագրերը: Առնվազն 10 սոցիալական ձեռնարկությունների գործունեությունը կզարգանա կամ կբարելավվի՝ հիմնվելով հեռանկարային բիզնես մոդելների վրա (օր.՝ զբոսաշրջություն, արտահանմանն ուղղված ձեռագործ աշխատանքներ, մշակութային արդյունաբերություն, «կանաչ» բիզնես ոլորտներ) և ավելի քան 600 խոցելի կին (մասնավորապես գենդերային բռնության ենթարկված և գենդերային բռնության վտանգի տակ գտնվող կանայք) կգտնի հնարավորություններ կյանքում նոր աշխատանք սկսելու, սոցիալական ձեռնարկություններում ներգրավվելու կամ իրենց կարիքներին համապատասխան ընդլայնված ծրագրերին մասնակցելու ճանապարհով:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն