Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյանը կրկին բոյկոտեց իր գործով դատական նիստը

Հունվար 19,2018 15:35

«Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» դատական նիստում այսօր լրացավ ամբաստանյալներից Ժիրայր Սեֆիլյանի եւ Գեւորգ Սաֆարյանի սանկցիայի ժամկետը, եւ նրանք բերվեցին նիստերի դահլիճ: Ժիրայր Սեֆիլյանը, սակայն, կրկին հայտարարեց, որ բոյկոտում է նիստը եւ հեռանում, քանի դեռ իր ընկերների՝ «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալներ Արմեն Բիլյանի եւ Սմբատ Բարսեղյանի՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից «Արմավիր» ՔԿՀ տեղափոխվելու պահանջը չի կատարվել:

Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը Սեֆիլյանին չթույլատրեց հեռանալ, սակայն Սեֆիլյանը լքեց նիստերի դահլիճը: Դատավարական կարգը խախտելու համար դատավորը նրան կրկին՝ մի քանի ժամով հեռացրեց նիստերի դահլիճից:

«Մենք ենք որոշում՝ մասնակցե՞լ դատական նիստին, թե՞ ոչ: Դա մեր իրավունքն է»,-իր հերթին հայտարարեց ամբաստանյալներից Գեւորգ Սաֆարյանը եւ ասաց, որ եւս միանում է Սեֆիլյանի բոյկոտին:

Հաշվի առնելով, որ Սաֆարյանն առանց թույլտվության լքեց նիստերի դահլիճը, դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը նրան եւս սանկցիայի արժանացրեց՝ մի քանի ժամով հեռացնելով նիստերի դահլիճից:

Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, հանցավոր նպատակներով խումբ (ամբաստանյալներ՝ Ներսես Պողոսյան, Սասունիկ Կիրակոսյան, Գալուստ Գրիգորյան, Հովհաննես Պետրոսյան, Գեւորգ Սաֆարյան, Հրայր Թոփչյան) ձեւավորելու, զորամաս եւ Երեւանի հեռուստաաշտարակը զավթելու փորձի մեջ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031