Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Տիկնիկների պատկերասրահն ունի նոր հասցե՝ Թումանյան 11

Հունվար 19,2018 14:37

2017-ի մարտից Երևանի Աբովյան 1/1 հասցեում գործած Տիկնիկների պատկերասրահն ունի նոր հասցե: Մայրաքաղաքի Թումանյան 11 հասցեում փոքրիկ այցելուների առջև Պատկերասրահն իր դռները կբացի հունվարի 22-ից:

«Երեխաների այցելության համար այս տարածքն անհամեմատ հարմար է, իսկ ներքին միջավայրն՝ ավելի տրամադրող»,-ասաց Տիկնիկների պատկերասրահի տնօրեն Ստելլա Սարգսյանը:

«Այս տարածքում ունենք չորս սրահ՝ հայկական ծիսական տիկնիկների, եվրոպական տիկնիկների (Ալիս Նավասարգյանի հավաքածուն), հուշանվերային տիկնիկների, որտեղ ժամանակի ընթացքում կստեղծվի նաև Փարաջանովի անկյունը: Չորրորդ սրահը ներքնահարկում է, որտեղ կգործի մեր մանկական կենտրոնը: Այս կենտրոնում անցկացվելու են վարպետության եռամսյա դասընթացներ հայտնի տիկնիկագործների մասնակցությամբ: Տիկնիկագործության գաղտնիքներին կարող են ծանոթանալ յոթ տարեկանից բարձր բոլոր ցանկացողները»:

Տնօրենի խոսքով, Պատկերասրահի մանկական կենտրոնը նաև հրաշալի ժամանցային վայր է, որտեղ երեխաներն անցկացնում են մի քանի ժամ, իսկ այնտեղից հեռանում իրենց ձեռքով պատրաստած տիկնիկներով, տիկնիկներով պատկերազարդած շապիկներով:

Գործունեության կարճ ժամանակահատվածում Տիկնիկների պատկերասրահը հասցրեց դառնալ մայրաքաղաքի մշակութային «գայթակղիչ» վայրերից մեկը: Նախկին փոքրիկ տարածքում, ըստ տնօրենի, այցելուների խնդիր չեն ունեցել:

«Հետաքրքրությունը շատ մեծ էր: Մարդիկ անընդհատ գալիս էին: Մեծ հոսք կար նաև մարզերից: Երեխաները գալիս էին դասարաններով: Այցելուների՝ մեր ֆեյսբուքյան էջում թողած գրառումները ևս փաստում են, որ Պատկերասրահն իսկապես սիրելի անկյուն է դարձել: Մեր գործունեության մի քանի ամիսների դադարի ընթացքում անընդհատ հեռախոսազանգեր ենք ունեցել: Մարդկանց հետաքրքրությունը վստահություն է ներշնչում, որ գաղափարը հաջողված է»:

Նոր հասցեում՝ նոր գաղափարներով. առաջիկա ծրագրերի թվում անդրադարձն է հայկական մոռացված ծեսերին, ծիսական տիկնիկների ստեղծման պատմությանը:

«Ամեն ինչ կփորձենք ներկայացնել խաղի միջոցով, որպեսզի երեխայի մեջ տպավորվի տեսածը: Այժմ աշխատանք ենք տանում, որպեսզի ներկայացնենք ոչ միայն հայկական, այլև ուրիշ երկրների ազգային ծեսերն ու տիկնիկները: Այդ ուղղությամբ մենք փորձեցինք համագործակցել Հայաստանում Չինաստանի դեսպանատան հետ, բայց Պատկերսրահի նախկին տարածքը թույլ չտվեց իրականացնել մեր գաղափարը: Հուսամ, որ նոր հասցեն նոր հնարավորություններ կստեղծի»:
Թումանյան փողոցում առաջիկայում կհայտնվի Տիկնիկների պատկերասրահի նոր հասցեն «հուշող» ցուցանակ: Մուտքի անմիջական հարևանությամբ «հուշաշարի» առաքելությունն իրականացնում է ծաղրածուի ուրախ քանդակը:

Պատկերասրահը կաշխատի ժամը 11:00-ից մինչև ժամը 20։00-ն (ամռանը՝ մինչև 22:00-ն)՝ առանց հանգստյան օրերի: Նախադպրոցականների մուտքն անվճար է: Դպրոցականների համար նախատեսված տոմսի արժեքը 500 դրամ է, մեծահասակների համար՝ 1000 դրամ: Էքսկուրսիայի արժեքը 1500 դրամ է, օտար լեզուներով՝ 2000 դրամ: Խաղ-էքսկուրսիա կրթական ծրագիրը, որի մասնակիցներին նաև վկայական է տրամադրվում, արժե 2500 դրամ:

Ուրբաթ օրերին, երեկոյան 19:00-ից հետո Տիկնիկների պատկերասրահի փոքրիկ այցելուները նաև թատերական ներկայացում դիտելու, ավելին՝ դրանց մասնակցելու հնարավորություն կունենան:

Ալիսա Գևորգյան

Լուսանկարները՝ Վահրամ Մոսինյանի

 ՀՀ մշակույթի նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031