Փաստաբաններն ահազանգում են, որ իրենց ահաբեկում են: Այսօր այս թեմայով «Նոյյան տապան» ակումբում հրավիրած ասուլիսում փաստաբան Գրիշա Բալասանյանն ասաց, որ հիմա գործ ունեն ավելի բիրտ ու կոպիտ դրսեւորումների հետ. «Փորձ է արվում փաստաբանին դարձնել սիմվոլ դատական նիստերի դահլիճում, նրան թելադրել, թե ինչ պետք է անի…Ցանկանում են, որ մենք ապահովենք ֆիզիկական ներկայություն եւ դրանով լեգիտիմացնենք իրենց ապօրինի դատական պրոցեսները»: Նա ասաց, որ չեն պատրաստվում ենթարկվել, փաստաբանի ինստիտուտն անկախ է եւ իրենք պայքարելու են այդ ինստիտուտի ազատականացման համար. «Եթե համակերպվենք ու լռենք, նշանակում է, մենք դրանով թաղելու ենք փաստաբանական ինստիտուտը, մենք չենք ուզում նմանվել դատական համակարգին, որտեղ վերեւներից են պատվեր իջեցնում, ուզում ենք պահպանել մեր անկախությունը»:
Ըստ Գրիշա Բալասանյանի, փորձ է արվում նախ սրել պայմանագրային եւ հանրային պաշտպանների հարաբերությունները, արհեստական լարվածություն ստեղծել: Դատարանները փորձ են անում զուգահեռ դատական պրոցեսում ներգրավել ե՛ւ հանրային, ե՛ւ պայմանագրային պաշտպանների, փորձ են անում հանրային պաշտպանին վերաբերվել՝ որպես պահեստային պաշտպանի, դրանով ոտնատակ են անում այդ ինստիտուտի հեղինակությունը ոտնահարում են ամբաստանյալի՝ իր կամքով ազատ պաշտպան ընտրելու իրավունքը»:
Փաստաբան Մարինե Ֆարմանյանի խոսքերով՝ հանրային պաշտպանի ինստիտուտի վրա մեծ ստվեր է գցվում եւ դա անում է դատարանը՝ իր անօրինական գործողությունների միջոցով: Դատարանը պահպանեց հանրային պաշտպանի լիազորությունները՝ պայմանագրային պաշտպանին զուգահեռ. «Այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցները հայտարարում են, որ իրենք ուզում են իրենց ընտրած պաշտպանն իրենց շահերը պաշտպանի, դատարանը պետք է ձեռնամուխ լինի հանրային պաշտպանի լիազորությունների դադարեցմանը»:
Նա նշեց, որ «Սասնա ծռերի» վերջին դատական նիստի ընթացքում հանրային պաշտպան Անուշ Մխիթարյանը հիմնավոր ու կոշտ միջնորդություն է ներկայացրել, որ դատարանը դադարեցնի իր լիազորությունները. «Բավականին երկար կռիվ տվեց դատարանի հետ, որովհետեւ տվյալ անձինք հրաժարվել էին իր պաշտպանությունից եւ հայտարարել էին, որ իրենք ունեն իրենց պաշտպանները, բայց դատարանը պահպանեց հանրային պաշտպանի լիազորությունները»:
Տիգրան Հայրապետյանն էլ նշեց, որ ոչ թե փաստաբանները պաշտպանության կարիք ունեն, այլ՝ օրենքն ու արդարությունը, դատարաններն ուղղակի անտեսում են օրենքը. «Փորձ արվեց, որ հեղինակազրկվի պաշտպանի օգտակարությունը, փաստաբանական ինստիտուտը: Դատարանները հանրային պաշտպաններին ձեւականորեն ընդունում են՝ որպես ամբաստանյալի պաշտպան, այն դեպքում, երբ վերջիններս հրաժարվել են նրանց պաշտպանությունից: Դատարանները ձեւականորեն ստիպեցին, որ այդ փաստաբաններն ուղղակի ներկա գտնվեն դատական դահլիճում, ծանոթ չլինելով գործի նյութերին, փորձեցին պաշտպանություն իրականացնել»:
Մուշեղ Շուշանյանն էլ ասաց, որ չի կարող ներգրավվել հանրային պաշտպան, երբ հանցանքի կատարման մեջ մեղադրվող անձն ունի իր կողմից ընտրված պաշտպանը: Հանրային պաշտպանը նախատեսվում է ներգրավել այն դեպքերում, երբ անձը չունի բավարար միջոցներ՝ իր համար պաշտպան վարձելու, նաեւ այլ դեպքերում՝ օրենքով նախատեսված, մինչդեռ այս պարագայում որեւէ հիմք չկա՝ հանրային պաշտպան ներգրավելու. «Սա աբսուրդային, խայտառակ, ակնհայտ անօրինական մի կամայական իրավիճակ է, որոշել են ճնշումների ռեպրեսիվ ճանապարհով այս պրոցեսն առաջ տանել: Ամենայն հավանականությամբ, դատական նիստերի դահլիճ մեր պաշտպանյալները հիմնականում բացակայելու են, ներգրավել են հանրային պաշտպանների, որ նրանց զուտ ֆիզիկական ներկայությունը ապահովելով՝ կարողանան պրոցեսն առաջ տանել եւ հայտարարել, որ պաշտպանության իրավունքն ապահոված է»:
Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ասուլիսի սկզբում հայտարարվեց, որ ձեզ ահաբեկում են, ի՞նչ ահաբեկման մասին է խոսքը եւ դուք ահաբեկվա՞ծ եք՝ Շուշանյանը պատասխանեց. «Այն, որ փաստաբանների նկատմամբ ճնշումները նոր թափով սկսել են, դա փաստ է: Մենք ահաբեկված չենք: Դատարանը արհեստականորեն այնպիսի իրավիճակ է ստեղծել, որ մեր պաշտպանյալները մնան անպաշտպան, ամենակամայական որոշումներն են կայացնում: Ամենամեծ երեւակայության դեպքում չէի պատկերացնի, որ ՀՀ-ում, որտեղ դատարան գոյություն չունի, կարող են նմանօրինակ խախտումներ տեղի ունենալ: Նույնիսկ Մարտի 1-ի գործով դատավարության ժամանակ գոնե ձեւական մինիմալ դատավարական իրավունքները պահպանվում էին, գոնե հնարավորություն էր տրվում խոսել, ունենալ իր ընտրած պաշտպանը: Միայն Վարդգես Գասպարիի դեպքում փորձ արվեց իրեն ու իր պաշտպանին բաժանել»:
Գրիշա Բալասանյանը պատասխանեց. «Մենք ոչ միայն ահաբեկված ենք, այլ փորձելու ենք մենք ահաբեկել՝ մեր համախմբվածությամբ: Հույս չունենան, թե դատական օրենսգրքում փոփոխություն անելով, փաստաբանի համար մինչեւ 100 հազար դրամ տուգանք սահմանելով՝ կվախեցնեն: Չարաչար սխալվում են»: Նա ասաց, որ եթե կարծում են, թե փաստաբանին նյութական ծանր վիճակի մեջ դնելով հասնելու են իրենց նպատակին՝ չարաչար սխալվում են, փաստաբանները իրենց գաղափարի համար պայքարելու են, իրենք ձախողվելու են:
Փաստաբան Տիգրան Հայրապետյանի խոսքով՝ համակարգը հետընթաց է ապրում, բրեժնեւյան ժամանակներն են եկել: Փաստաբան Նինա Կարապետյանցն էլ ասաց, որ «Դատական օրենսգրքով» են փորձում իրենց ահաբեկել, բայց «հույս չունենան, թե մենք կենդանի հանձնվելու ենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ