Լրահոս
Օրվա լրահոսը

Արևը «հանգրվանեց» մանկան տանիքին

Հունվար 19,2018 13:19

Սևանյան արևի ջերմությունն արդեն հասցրել են վայելել Սևան համայնքի 3 նախադպրոցական ուսումնական հաստատությունները` թիվ 1 «Բողբոջ», թիվ 3 «Հեքիաթ», թիվ 4 «Գալիք» մանկապարտեզները, Ն. Դագարյանի անվան մարզադպրոցը:

2016թ-ի վերջին և 2017թ-ի ընթացքում այս կազմակերպությունների շենքերի տանիքների տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ: Այդ նախաձեռնությունն իրականացվել է Սևան-Գրենոբլ համագործակցության շրջանակներում` Գրենոբլի քաղաքապետարանի և Գրենոբլ Գոսպել Սինգերս երգչախմբի հովանավորությամբ, որի մասնակիցները 2016թ-ի օգոստոսին հյուրընկալվել էին Սևանում:

Անցյալ տարվա սեպտեմբերին, երբ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանն ընդունելության էր հրավիրել Գրենոբլի հայ մշակույթի տան նախագահ Սիրանուշ Խաչատրյանին: Ընդունելության ընթացքում տիկին Սիրանուշը նշեց, որ Գրենոբլի հայ համայնքը պատրաստակամ է աջակցելու սևանցի բարեկամներին:

Ամիսներ անց` արդեն այս տարվա հունվարին, Սևան համայնքի Գագարին գյուղի մանկապարտեզի շենքի տանիքին էլ տեղադրվեց արևային ջրատաքացուցիչ:

Սևան-Գրենոբլ համագործակցության պատասխանատու Նելլի Ստեփանյանի փոխանցմամբ` հերթական ձեռնարկն իրականացվել է Գրենոբլի հայ մշակույթի տան կողմից կատարված հանգանակությամբ, որին հավելվել է նաև այն գումարը, որը որպես պարգևատրում ՀՀ սփյուռքի նախարարությունը նվիրաբերել է Գրենոբլի հայ համայնքին, որը Ֆրանսիայում ճանաչվել է լավագույն համայնք:

Արևային ջրատաքացուցիչի տեղադրումը կատարել են Սևանի արհեստագործական ուսումնարանի սաները, որտեղ 2011թ-ից ներդրվել է այլընտրանքային էներգիայի ծրագիրը:

Վերապատրաստման տեսական մոդուլից հետո տղաներն անցել են պրակտիկ վերապատրաստում` ստանալով ոլորտային անհրաժեշտ գիտելիքներ և որակավորում` որպես արևային էներգետիկներ: Այժմ ուսումնարանում գործում է աշխատանքային 2 բրիգադ: Ի դեպ, բրիգադի ղեկավարի, վարպետի, արդեն իսկ վերապատրաստված արևային էներգետիկների կողքին աշխատանքներին մասնակցում են նաև սկսնակները, որոնք հենց տեղում ստանում են պրակտիկ ուսուցում:

Գագարինի մանկապարտեզի շենքի տանիքին տեղադրված արևային ջրատաքացուցիչի միջոցով ստացված ջուրը պահեստավորվում է 300լ տարողությամբ կուտակիչ բաքում: Համակարգը հնարավորություն է տալիս ստանալու անհրաժեշտ ծավալով տաք ջուր, որը ջրատաքացման ամենաարդյունավետ և շահավետ միջոցն է:

Էներգախնայողության, բնապահպանական այս ձեռնարկն ամանորյա լավագույն նվեր է մանկապարտեզ հաճախող փոքրիկների, մանկապարտեզի աշխատակիցների համար, որի կարիքը մանկապարտեզում միշտ էլ զգացվել է:

Գագարինի մանկապարտեզում շուտով կզգան այս համակարգի առավելությունները, իսկ համայնքի 3 մանկապարտեզներում և մարզադպրոցում արդեն հասցրել են վայելել արևային ջրատաքացուցիչների շնորհիվ ստացվող տաք ջրի առկայությունը:

Այլընտրանքային էներգիայի ծրագրի հաջորդ ձեռնարկը, Սևան-Գրենոբլ համագործակցության պատասխանատու Նելլի Ստեփանյանի տեղեկացմամբ, նախատեսված է իրականացնել Սևանի մարզադպրոցում, որտեղ արդյունավետ լուսավորության ապահովման համար կներդրվի ֆոտովոլտային համակարգ: Այս համակարգի տեղադրման աշխատանքներ արդեն իսկ իրականացվել են Սևան համայնքի 4 տարածքներում:

Հավելենք, որ 2011թ-ից Սևանն ընդգրկվել է վերականգնվող էներգիայի ոլորտում իրականացվող ծրագրում: Ծրագիրն իրականացվում է Օվերն-Ռոն-Ալպ տարածաշրջանի ֆինանսավորմամբ: 2015թ-ից ծրագրի շարունակականությունն ապահովում է Ռոման քաղաքի Հայկական բարեկամական միության շնորհիվ:

Ծրագիրը իրականացվում է այդ նպատակով ստեղծված «Արեգ» հիմնադրամի միջոցով:

 

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031