Լրահոս
Օրվա լրահոսը

«Շնորհակալ եմ, պարո՛ն Նախագահ: Եթե թույլ տաք, ինձ որոշ ժամանակ է պետք վերջնական որոշում ընդունելու համար». ասել է Արմեն Սարգսյանը

Հունվար 19,2018 12:58

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի հունվարի 18-ի նիստում կուսակցության կողմից Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հետ: Նախագահը Ազգային ժողովում մեծամասնություն կազմող քաղաքական ուժի անունից Արմեն Սարգսյանին առաջարկել է համաձայնություն տալ ՀՀԿ-ի կողմից առաջադրվելու որպես Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու` ևս մեկ անգամ ներկայացնելով իր պատկերացումները ապագա նախագահի որակական հատկանիշների մասին, որոնց, Նախագահի համոզմամբ, միանգամայն համապատասխանում է կուսակցությանն իր կողմից առաջարկված թեկնածուն:

Նախագահ Սարգսյանը ցանկալի է համարել, որ Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահն ընտրվի խորհրդարանական լայն համաձայնության պայմաններում և այդ տեսանկյունից կարևորել է ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածուի հանդիպումները ինչպես Հանրապետական կուսակցության կոալիցիոն գործընկերոջ, այնպես էլ խորհրդարանում ներկայացված մյուս բոլոր քաղաքական ուժերի խմբակցությունների հետ:

«Հարգելի՛ պարոն Սարգսյան,

Ձեզ հայտնի է՝ մենք մտել ենք քաղաքական նոր շրջափուլ: Ավարտին է մոտենում սահմանադրական փոփոխությունների ընթացքը՝ մենք արդեն եզրափակիչ փուլում ենք, և, իհարկե, ավարտին է մոտենում Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում իմ լիազորությունների ժամկետը: Այս պայմաններում մենք պետք է ընտրենք նոր նախագահ՝ Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահին, և այդ ընտրությունները պետք է տեղի ունենան Ազգային ժողովում: Խոսքը պետության գլուխ ընտրելու մասին է, ով պետք է հետևի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահպանմանը: Իհարկե, Սահմանադրությունը չափանիշներ, պահանջներ է առաջադրում Հանրապետության նախագահին, և այդ պահանջներից ես կառանձնացնեի անաչառ լինելու պահանջը: Անշուշտ, ես ունեմ իմ պատկերացումները Հայաստանի Հանրապետության նոր նախագահի որակների մասին և այդ մասին վերջերս մի քանի անգամ արտահայտվել եմ:

Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահը պետք է լինի կայացած և վառ անձնավորություն, քաղաքականապես պատրաստված և կոփված պետք է լինի, բայց ոչ քաղաքականացված: Նա պետք է կարողանա կազմակերպել երկխոսություն քաղաքական տարբեր ուժերի միջև, ինչպես նաև հասարակության տարբեր խավերի միջև լարվածությունը թուլացնելու նպատակով, եթե այդպիսի անհրաժեշտություն լինի: Պետք է կարողանա պատվով ներկայացնել Հայաստանի Հանրապետությունն արտերկրում, ճանաչի սփյուռքը և ունակություն ունենա համախմբելու աշխարհասփյուռ հայությանը:

Երեկ Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնում մենք անդրադարձել ենք այս հարցին, և ես, հաշվի առնելով Ձեր ունակությունները, Ձեր որակական հատկանիշները, առաջարկել եմ իմ գործընկերներին՝ առաջարկել Ձեզ համաձայնություն տալ մեր քաղաքական ուժի անունից առաջադրվել որպես Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահի թեկնածու: Դուք կայացած գիտնական եք, վարել եք Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը, ունեք դիվանագիտական մեծ փորձ, և սա է պատճառը, որ մենք լրջորեն քննարկել ենք Ձեր թեկնածությունը: Շնորհակալ եմ իմ գործընկերներին, ովքեր միաձայն պաշտպանեցին իմ առաջարկությունը:

Իհարկե, շատ ցանկալի է, որ Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահն ընտրվի խորհրդարանական լայն համաձայնության պայմաններում: Եվ հաշվի առնելով մեր այս ցանկությունը՝ կարծում եմ, որ Ձեր մտորումների ժամանակ ճիշտ կլինի, որպեսզի հանդիպեք մեր կոալիցիոն գործընկերոջը՝ Դաշնակցությանը, խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերին՝ «Ծառուկյան» և «Ելք» խմբակցություններին և տեսանելի ապագայում որոշում կայացնեք, որովհետև այդ ընտրությունները պետք է տեղի ունենան մարտի սկզբին: Եվ մեր ցանկությունն է, որ այդ ընտրությունները տեղի ունենան մեկ փուլով, և մարտի սկզբին մենք արդեն ունենանք Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահ: Ի՞նչ եք կարծում այս առումով»,- ասել է Հանրապետության Նախագահը:

Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին և Հանրապետական կուսակցությանը իր նկատմամբ ցուցաբերված բարձր վստահության համար՝ մեծ պատիվ համարելով նման առաջարկությունը և վստահեցրել է, որ եթե քաղաքական ուժերի, ինչպես նաև հանրության լայն շրջանակների հետ իր հանդիպումներից հետո որոշում կայացնի ընդունել առաջարկը, կփորձի պատվով կատարել Հայաստանի Հանրապետության նախագահի պարտականություններն ու արդարացնել այդ մեծ վստահությունը:

«Պարո՛ն Նախագահ,

Նախ թույլ տվեք իմ խորին շնորհակալությունը հայտնել Ձեզ և Հանրապետական կուսակցությանն այս բարձր վստահության համար: Կարծում եմ, իրոք, Հայաստանը թևակոխում է մի նոր շրջան, կարծում եմ՝ շատերի կողմից գիտակցված մեծ փոփոխությունների շրջան, դեպի ավելի ժողովրդավար երկիր՝ պառլամենտական հանրապետություն: Այդ իմաստով, իհարկե, կրկնակի մեծ պատասխանատվություն է և մեծ պատիվ ինձ համար Ձեր առաջարկությունը:

Ինչպես Դուք ասացիք, շատ կարևոր է, որ որոշում ընդունելուց առաջ ես նույնպես առիթ ունենամ հանդիպել քաղաքական տարբեր ուժերին և՛ Ազգային ժողովում, և՛ Ազգային ժողովից դուրս՝ կուսակցություններին: Շատ կուզենայի հանդիպել նաև հանրության լայն շրջանակները ներկայացնող գիտական, մտավորական, հասարակական, բարեգործական կազմակերպություններին, գործարար շրջանակներին, աշխատավորական շրջանակներին: Իհարկե, անպայման կուզեի հանդիպել Արցախի Հանրապետության ղեկավարությանը և իհարկե, հանդիպել սփյուռքահայությունը ներկայացնող կառույցներին, կազմակերպություններին կամ անհատներին և դրանից հետո իմ որոշումը կայացնել:

Բոլոր դեպքերում, ինձ համար մեծ պատիվ է Ձեր առաջարկությունը, պարո՛ն Նախագահ: Կրկին շնորհակալություն եմ հայտնում վստահության համար: Եվ եթե այս բոլոր հանդիպումներից հետո որոշումս կայացնեմ, կփորձեմ պատվով կատարել Հայաստանի Հանրապետության նախագահի պարտականությունները և արդարացնել այն վստահությունը, որ լսեցի Ձեզնից, Ձեր կուսակից ընկերների կողմից և հուսամ նաև կլսեմ մեր մյուս քաղաքացիներից և մեր հայազգի որդիներից: Շնորհակալ եմ, պարո՛ն Նախագահ: Եթե թույլ տաք, ինձ որոշ ժամանակ է պետք վերջնական որոշում ընդունելու համար»,- ասել է Արմեն Սարգսյանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031