Լրահոս
Օրվա լրահոսը

«Հետխորհրդային պետություն ենք, գրեթե բոլոր մեթոդիկաները ռուսերեն են». «Սեֆիլյանի գործով» ոստիկանության փորձագետ

Հունվար 19,2018 12:56

«Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների» գործով դատական նիստում այսօր հարցաքննվեց ՀՀ ոստիկանության Փորձաքրեագիտական վարչության փորձագետ Ռ. Պողոսյանը, որը փորձագիտական եզրակացություն է տվել Սեֆիլյանի ենթադրյալ «զինված խմբի» անդամներից գործով ամբաստանյալ Հրայր Թոփչյանի մոտից հայտնաբերված երկու ինքնաձիգերի եւ 120 փամփուշտների վերաբերյալ:

Պաշտպանական կողմը կասկածներ ունի, որ դատաձգաբանական փորձաքննությունն արվել է խախտումներով եւ անհամապատասխանություններով, ուստի պաշտպաններից Գեորգի Մելիքյանը համապատասխան հարցեր ուղղեց.

-Դուք որպես փորձագետ նախապես տեղեկացվե՞լ եք ձեր իրավունքների ու պարտականությունների մասին:

-Իհարկե, դա արվում է փորձագիտական հիմնարկի ղեկավարի կողմից:

-Իսկ ինչո՞ւ եզրակացության մեջ չկա նշում այն մասին, որ դուք նախազգուշացվել եք:

-Որտե՞ղ է գրված, որ պետք է նշվեր…

-Օրենքը սահմանում է, որ նախազգուշացված լինելու մասին տեղեկությունը պետք է նշված լինի փորձագիտական եզրակացության մեջ: Դրանում առկա են նաեւ ռուսերենով գրված փաստական տվյալներ՝ առանց թարգմանության: Դա ինչպե՞ս կբացատրեք:

-Հայաստանը հետխորհրդային պետություն է, եւ գրեթե բոլոր մեթոդիկաները ռուսերեն են: Ես հղում եմ կատարել ռուսերեն գրականության ցանկին: Կարող էի հղում կատարել նաեւ անգլերեն գրականությանը:

-Այսինքն, դուք կարող էիք ռուսերե՞ն գրել փորձագիտական եզրակացությունը:

-Ոչ, չէի կարող: Կրկում եմ՝ ես հղումներն եմ ռուսերեն գրականությանը տվել:

-Օրենքը պահանջում է եզրակացությունը գրել հայերենով: Արդյոք դուք ունե՞ք պատշաճ իրավասություն՝ օբյեկտիվ եզրակացություն տալու համար:

-Այո, ես ունեմ բավարար փորձ եւ գիտելիքներ:

Ապա Գեորգի Մելիքյանը հետաքրքրվեց՝ երբ փորձագետն իրեղեն ապացույց համարվող փամփուշտներից քսանը կրակել է՝ ստուգելու համար դրանց պիտանելիությունը, ինչո՞ւ չի պահպանել օգտագործվածները. չէ՞ որ դրանք իրեղեն ապացույցներ են, որոնցից ամբաստանյալների ճակատագրերն են կախված: Փորձագետը պատասխանեց՝ չկա եզրակացության այնպիսի կարգ, որը ենթադրում է, թե կրակված փամփուշտները պետք է պարտադիր պահպանվեին եւ վերադարձվեին նախաքննական մարմնին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031