Վերլուծաբանների մի ստվար զանգված Սերժ Սարգսյանի չափանիշներին շատ հարմար գտավ… Հենրիխ Մխիթարյանին։ Իսկապես, հարուստ անցյալ ունի, ամբողջ աշխարհը ճանաչում է նրան, տիրապետում է մի դյուժին օտար լեզուների, հեղինակություն, անկողմնակալ, բացարձակապես ապաքաղաքական։ Գումարած դրան, վերջին երկու ամիսն էլ անգործ էր մնացել, փայլեցնում էր «Մանչեսթեր Յունայթեդի» պահեստային նստարանը։
Չգիտենք, միգուցե իսկապե՞ս նրան առաջարկել էին նախագահի պաշտոնը, դրա համար նա որոշեց շառից- փորձանքից հեռու, նոր աշխատանք փնտրել։ Ու գտավ. «Մանչեսթեր Յունայթեդը» փոխարինեց Լոնդոնի «Արսենալով»։ Սա իր տեսակի մեջ եզակի գործարք է։ Առաջին անգամ եվրոպական թոփ-5 լիգաների մակարդակով տեղի ունեցավ ֆուտբոլիստների ուղիղ փոխանակում։ Այսինքն՝ «Մանչեսթեր Յունայթեդը» «Արսենալին» տվեց Մխիթարյանին, որի դիմաց ստացավ չիլիացի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսին։ Նախկինում էլ են տարբեր թիմեր ֆուտբոլիստներով փոխանակվել, սակայն միշտ կողմերից մեկը մյուսին որոշակի գումար էլ էր վճարում, այսպես ասած՝ լրավճար։ Իսկ այս դեպքում մաքուր փոխանակություն է տեղի ունեցել։ Էլի մենք՝ հայերս։
Արդեն կարելի է պատկերացնել, թե ինչ է մեզ սպասվում։ Հ2-ը շտապ ձեռք կբերի Հայաստանում «Արսենալի» հանդիպումների հեռարձակման բացառիկ իրավունքը։ Բոլոր հայերը unlike կտան «Մանչեսթեր Յունայթեդի» բոլոր սոցցանցային էջերին ու ազգովի կբաժանորդագրվեն «Արսենալի» էջերին։ Բոլորը կսկսեն երկրպագել «Մանչեսթեր Յունայթեդի» մրցակիցներին՝ էքստազի մեջ հայտնվելով, երբ էն Մոուրինյոն հերթական պարտությունը կրի։ Հիմա հակամոուրինյոական մոլուցքը կենսակերպ կդառնա։
Իսկ Մխիթարյանին՝ բարի գալուստ Արսենի թիմ։ Մինչեւ հիմա անհասկանալի է, թե ինչու ժամանակին այս թիմ չտեղափոխվեց։ Իսկը իր տեղն էր։ Լրիվ իրար համապատասխանում են. խաղաոճով, փիլիսոփայությամբ, էներգիայով։ Վստահ ենք, որ Հենոն Վենգերի օգնությամբ «Արսենալում» շատ արագ կվերականգնի իր խաղամակարդակը։
Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում