Լրահոս
Օրվա լրահոսը

Թեժ ու խառը ժամանակներ

Հունվար 19,2018 11:55

Էրդողան-Գյուլ պայքար չսպասե՞լ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչպես եւ կարելի էր կանխատեսել, կառաջադրի իր թեկնածությունը 2019 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում: Օրերս այս մասին կարծիք էր հայտնել Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Նուման Քուրթուլմուշը։ Նրա խոսքով՝ լինելով իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նախագահ՝ Էրդողանը կառաջադրի իր թեկնածությունը նախագահական ընտրություններում որպես կուսակցության առաջնորդ։ Մեկնաբանելով նախկին նախագահ Աբդուլլաh Գյուլի թեկնածության առաջադրման հնարավորությունը՝ Քուրթուլմուշը նշել էր, թե նա չի հավատում, թե Գյուլը նման քայլ կկատարի։

Չնայած Գյուլի առաջադրման նույնիսկ ամենաթույլ հույսերին՝ նկատելի է, որ Էրդողանին նման հնարավորությունն արդեն իսկ նյարդայնացնում է: Օրեր առաջ թուրքական «Հուրիեթի» սյունակագիր Աբդուլքադիր Սելվին՝ «Էրդողանը պատերազմ է հայտարարել Գյուլին» հոդվածում արձանագրել էր, որ Թուրքիայի գործող եւ նախկին նախագահներ Ռեջեփ Էրդողանի եւ Աբդուլլահ Գյուլի միջեւ տարաձայնությունների խորացումը շարունակում է մնալ երկրի քաղաքական օրակարգի կարեւորագույն թեմաներից մեկը:
Պարզվում է՝ իր ղեկավարած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության առջեւ հունվարի 9-ի ելույթում ակնկալվում էր, որ Էրդողանը պետք է անդրադառնա ազգայնականների առաջնորդ Դեւլեթ Բահչելիի հետ համագործակցության հարցին, մինչդեռ ի զարմանս բոլորի՝ նա սկսել է խոսել Գյուլի մասին, ներկայացնում էր թուրք հեղինակի հոդվածը 1in.am-ը: Էրդողանը, մասնավորապես, հայտարարել է. «Նախկինում մեր կուսակցության տանիքի տակ գտնված, իսկ այժմ այլ վայրում գտնվող որեւէ մեկն իրավունք չունի մեր կուսակցության մասին որեւէ բան ասելու», «Այս միասնությունը թունավորողները թող իմանան, որ արդեն այս քարավանի անկեղծ ճամփորդները չեն», «Այս գնացքից ընկածները ընկած տեղն էլ կմնան»:

Հոդվածագիրը հիշեցրել է, որ Թուրքիայի նախկին նախագահ Գյուլի գրասենյակից ավելի վաղ արված հայտարարությամբ նշվել է, որ վերջինս շարունակելու է կիսել իր տեսակետները երկրում ընթացող գործընթացների վերաբերյալ: «Տեսնենք՝ արդյոք Գյուլը կլռի՞, թե՞ կպատասխանի այս քննադատություններին»,- նկատել էր սյունակագիրը: Փորձելով հասկանալ Էրդողանի նման գործելաոճի՝ նախկին նախագահի հասցեին քննադատություններ հնչեցնելու դրդապատճառները՝ հեղինակը հիշեցրել է, որ Աբդուլլահ Գյուլը նրան դեմ էր գնացել եւ «այո» չէր ասել ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեում: Բացի այդ, նա թվիթերյան իր միկրոբլոգում գրառում էր կատարել Էրդողանի կողմից ստորագրված եւ օրենքի ուժ ունեցող այն հրամանագրի առնչությամբ, որը ենթադրում է անձեռնմխելիություն սահմանել բոլոր այն քաղաքացիական անձանց համար, ովքեր ճնշել կամ բռնություն են գործադրել հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի մասնակիցների նկատմամբ: Գյուլն այս քայլը «խիստ մտահոգիչ» էր անվանել: «Իհարկե, այս ամենը եւս իրենց դերակատարությունն ունեցել են, սակայն այժմ խոսք է գնում ավելի հեռուն գնացող ռազմավարության մասին: Էրդողանը 2019թ. նախագահական ընտրություններից առաջ Աբդուլլահ Գյուլի եւ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության միջեւ հստակ գիծ է քաշել: Դրա նպատակը կուսակցությունում Գյուլի նկատմամբ եղած համակրանքը վերացնելն է: Թե ինչ կլինի հետագայում՝ պարզ կլինի Գյուլի դիրքորոշումից հետո»,- նշել էր սյունակագիրը:

Ինքը՝ Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը, օրերս լրագրողների հետ զրույցում հրաժարվել է պատասխանել Էրդողանի՝ իր հասցեին հնչեցրած մեկնաբանությանը: «Նման հարցերով վիճաբանության մեջ մտնելն ինձ սազական չէ: Հետեւաբար ամեն բան պարզ է, բոլորը գիտեն մեկը մյուսին: Չեմ ցանկանում մտնել վիճաբանության մեջ»,- ասել է Գյուլը: Մեկնաբանելով երկրում արտակարգ դրությունը կրկին երկարաձգելու մասին որոշման ընդունումը՝ նախկին նախագահը հույս էր հայտնել, որ դա արվում է վերջին անգամ: Գյուլի համոզմամբ՝ եկել է ժամանակը, որպեսզի Թուրքիան վերադառնա ժողովրդավարական կարգերին եւ դա ի ցույց դնի ողջ աշխարհին:

Տարաձայնությունների առկայության պայմաններում էլ Անկարան շարունակեց երկխոսությունը Մոսկվայի հետ

Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները տարեսկզբին կարող էին հերթական անգամ սրվել Սիրիայի շուրջ հակասությունների հետեւանքով: Պատճառը Սիրիայի կառավարական ուժերի գրոհն էր Ասադին ընդդիմադիր ուժերի կողմից կառավարվող եւ Թուրքիայի աջակցությունը վայելող Իդլիբի շրջան: Հակասությունները տեղափոխվել էին պաշտոնական մակարդակ: Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն օրեր առաջ նշել էր. «Մենք հրավիրել ենք Իրանի եւ Ռուսաստանի ներկայացուցիչներին եւ փոխանցել անհրաժեշտ նախազգուշացումները. Ռուսաստանի եւ Իրանի հետ մեր պայմանավորվածությունների համաձայն՝ նրանք երաշխավորում էին, որ Սիրիայի վարչակարգը խախտումներից զերծ կմնա»,- հայտնում էր «Ամերիկայի ձայնը»:
Մոսկվայի եւ Թեհրանի կողմից իր պահանջները չկատարելու եւ Սիրիայի կառավարական ուժերի գրոհը չդադարեցնելու դեպքում Անկարան սպառնում է դուրս գալ խաղաղ գործընթացից՝ իր հետ տանելով նաեւ սիրիական ընդդիմության զգալի մասը, որը Թուրքիայի հովանու ներքո մասնակցում է Սոչիի բանակցություններին: «Այդ գրոհը պետք է դադարեցվի, քանի որ մենք այժմ պետք է շարունակենք Սոչիի գործընթացը, որի նպատակն է բանակցային սեղանի շուրջ բերել ընդդիմադիր խմբերին եւ վարչակարգի ներկայացուցիչներին»,- պարզաբանել էր Չավուշօղլուն:

Մինչդեռ պաշտոնական Մոսկվան Անկարայի հայտարարություններին ի պատասխան՝ հայտարարեց, որ Սիրիայում ռուսական ռազմաբազաների վրա իրականացված դրոններով գրոհն իրականացվել է հենց սիրիական ընդդիմության վերահսկողության տակ գտնվող տարածքներից:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահ է` Թուրքիան որեւէ առնչություն չունի Սիրիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող Հմեյմիմ եւ Տարտուս ռազմակայանների դեմ իրականացված վերջին հարձակումների հետ: Վերջին շաբաթներին Սիրիայում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանները ենթարկվեցին աննախադեպ, միանգամայն նոր կարգի գրոհների՝ իրականացված անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ: Հարձակումների ընթացքում կիրառված տեխնիկան օդ էր բարձրացել Իդլիբի շրջանից, որը վերահսկում են Թուրքիայի հետ սերտ կապեր ունեցող ընդդիմադիր խմբավորումները: Նկատենք, որ Իդլիբի հարցով Թուրքիայի ԱԳՆ էին կանչվել այդ երկրում Ռուսաստանի եւ Իրանի դեսպանները:

«Ես համոզված եմ, որ ոչ թուրք զինվորականները, ոչ թուրքական ղեկավարությունը, ոչ էլ թուրքական պետությունը այդ միջադեպերի հետ որեւէ կապ չունեն: Չնայած ճիշտ է (այն դիտարկումը), որ Իդլիբ նահանգի այդ հատվածը պետք է Թուրքիան վերահսկի: Բայց պետք է անկեղծորեն խոստովանել, որ մենք էլ միշտ չէ, որ կարողանում ենք վերահսկել այն, ինչ պետք է վերահսկենք»,- նշել էր Պուտինը:

Ռուսական ռազմակայանների դեմ իրականացված հարձակումների թեման Վլադիմիր Պուտինը քննարկել էր թուրք պաշտոնակից Ռեջեփ Էրդողանի հետ կայացած հեռախոսազրույցում: Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը նշել է. «Իդլիբում եւ Արեւելյան Գուտայում Սիրիայի կառավարական բանակի վերջին հարձակումները զսպելը առանցքային նշանակություն ունի Աստանայի խաղաղ գործընթացի եւ հունվարի վերջին Սոչիում կայանալիք համաժողովի հաջողությունն ապահովելու տեսանկյունից»:
Գոյություն ունեցող խնդիրների եւ որոշակի տարաձայնությունների առկայության պայմաններում Անկարան, այդուհանդերձ, շարունակում է երկխոսությունը Մոսկվայի հետ: Պուտինն ու Էրդողանը քննարկեցին Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի կոորդինացիայի ակտիվացումը: «Պուտինը խոսել է անօրինական ռազմական կազմավորումների կողմից վերջերս Խոմեյմիմ ռուսական ռազմական ավիացիոն բազայի վրա արված հարձակումների մասին, որոնք իրականացվել են ժամանակակից անօդաչու թռչող ապարատների օգտագործմամբ»,- հաղորդում էին Կրեմլի մամլո ծառայությունից։ Այս կապակցությամբ պետք է ակտիվացնել երկու երկրների ռազմական եւ հատուկ ծառայությունների կոորդինացիան՝ Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դեմ արդյունավետ պայքար ծավալելու համար»։ «Ընդգծվել է Աստանայում՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի միջամտությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների հետեւողական իրականացման կարեւորությունը, մասնավորապես ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի եւ դեէսկալացիայի գոտիներ ստեղծելու վերաբերյալ»,- ասվում էր ՌԴ նախագահի մամլո ծառայությունից։
Օրերս հեռախոսազրույց են ունեցել նաեւ Թուրքիայի եւ Ռուսաստանի արտգործնախարարները: Մեւլութ Չավուշօղլուն եւ Սերգեյ Լավրովը քննարկել էին Սիրիայի Իդլիբ քաղաքի շուրջ վերջին զարգացումների հարցը:
Չնայած Ռուսաստան-Թուրքիա որոշակի տարաձայնություններին՝ «Գազպրոմը» մեծացնում է ներդրումները թուրքական ուղղությամբ: Օրերս «Գազպրոմը» ներկայացրել է 2018 թվականի ներդրումային ծրագրերը, համաձայն որոնց՝ ընկերությունը մտադիր է ընթացիկ տարում մեծացնել ներդրումները «Հյուսիսային հոսք-2»-ում 12 տոկոսով՝ հասցնելով 114,5 մլրդ ռուբլու։ 2017 թվականին ներդրումները նախագծում կազմել են 102,4 մլրդ ռուբլի։

Ներդրումները «Թուրքական հոսքի» շինարարությունում 2017-ի համեմատ կաճեն գրեթե կրկնակի՝ հասնելով 182,4 մլրդ ռուբլու։ Նախագծով նախատեսվում է 15.75-ական մլրդ խորանարդ մետր հզորությամբ երկու գծի շինարարություն։ Այդ գազատարի առաջին գիծը նախատեսված է անմիջապես Թուրքիայի սպառողների համար, երկրորդը՝ Հարավային եւ Հարավարեւելյան Եվրոպայի երկրների ապահովման համար։

Ամփոփումը՝ «Առավոտ»-ի հունվարի 19-ի համարում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 18.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031