Լրահոս
Օրվա լրահոսը

Բայց արդյո՞ք Հայաստանը ինչ-որ կերպ կարող է համեմատվել Վրաստանի հետ. «Ժամանակ»

Հունվար 19,2018 11:39

Նախորդ օրը խորհրդարանում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանի հարցին, թե արդյո՞ք կառավարությունը բարձրացնելով ակցիզային հարկերը չէր կարողացել նախատեսել անկառավարելի գնաճը, թե՞ ուղղակի որոշել էր հերթական անգամ գնաճի բեռը թողնել հասարակության վրա, պատասխանեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Ըստ նրա՝ անկառավարելի գնաճը հարաբերական է, քանի որ պաշտոնական վիճակագրությամբ՝ անցյալ տարի Հայաստանում եղել է 2․6 տոկոս, Վրաստանում գնաճը եղել է 6․7 տոկոս, իսկ Ադրբեջանում՝ 7․9 տոկոս: Բացի այդ, Կարապետյանը հայտարարեց, որ Հայաստանում բենզինը 430 դրամ է, այն դեպքում, երբ Վրաստանում ավելի թանկ է, բացի այդ, բենզին օգտագործողը այլընտրանք ունի՝ գազ օգտագործել, իսկ գազն էլ թանկացել է 25 դրամով՝ դառնալով 190-220 դրամ, մինչդեռ Վրաստանում սեղմված գազի գինը 260-310 դրամ է: Իր բերած այս վիճակագրությամբ Կարեն Կարապետյանը փորձում է պատգամավորներին և ընդհանրապես հայ հասարակությանը համոզել, որ Հայաստանում վիճակն ավելի լավ է, քան Վրաստանում, հատկապես գազի և բենզինի հարցով: Ադրբեջանի հետ համեմատությունը անտեղի է, որովհետև այդ երկիրը գազ և նավթ արդյունահանող երկիր է, և այնտեղ գներն անհամեմատ ավելի էժան են, քան Հայաստանում:

Բայց արդյո՞ք Հայաստանը ինչ-որ կերպ կարող է համեմատվել Վրաստանի հետ: Նախ, բոլոր նրանք, ովքեր եղել են Վրաստանում, կարող են փաստել, որ Վրաստանում գազը գազալցակայաններում հաշվարկվում է ոչ թե խորանարդ մետրով, այլ լիտրով: Եվ այդ իմաստով Վրաստանում թանկ է մեկ լիտր սեղմված գազի գինը, և ոչ թե 1 խորանարդինն, ինչպես որ հաշվարկվում է Հայաստանում: Կարեն Կարապետյանը սա չի կարող իմանալ, քանի որ նա երբեք գազ չի լիցքավորել իր մեքենան, և նույնիսկ բենզինը եղել է կամ պետության կամ ինչ որ կազմակերպության հաշվին:

Երկրորդ, ըստ պաշտոնական վիճակագրության , Վրաստանում միջին աշխատավարձը 293 եվրո է, այն դեպքում երբ Հայաստանում 251 է. այսինքն Վրաստանում մարդիկ ամսական վաստակում են 42 եվրո ավել քան Հայաստանում: Վրաստանում բնակչության համար գազի սակագինը մեկ խորանարդի համար 85 դրամ է, այն դեպքում երբ Հայաստանում այն առնվազն 50 դրամով ավելի է: Բացի այդ ոչ Վրաստանի, ոչ Ադրբեջանի, ոչ աշխարհի որևէ այլ երկրի բնակչություն դժբախտություն չի ունեցել Կարեն Կարապետյանի նման գազի տնտեսության ղեկավար ունենա, ով կհորինի գազի սպասարկման վարձ ու երկիրի ամբողջ բնակչությանը և տնտեսվարողներին կստիպի իր հոր անունով գրանցված ընկերությանը տարիներ շարունակ հարկ վճարել: Սա մարդկության պատմության մեջ մնալու է, որպես մեկ առանձին մարդու կողմից, մի ամբողջ ազգի պարտադրաբար հարկելու եզակի դրսևորում:

Բայց անցնենք առաջ, և Կարեն Կարապետյանին ասենք, որ Հայաստանը ԱՊՀ տարածքում ունի ամենաբարձր էլեկտրաէներգիայի սակագինը, այն դեպքում, երբ ունենք ատոմակայան, որը համարվում է էներգիայի գեներացման ամենաէժան միջոցը, ունենք այսպես կոչված ամենաարտոնյալ գազի սակագինը, որով աշխատում են ջերմակայանները, ունենք բավական զարգացած հիդրոէներգետիկա: Բայց համացանցում անգլերեն, թե ռուսերեն, միևնույն նախադասությունն է. ամենաբարձր սակագինը Հայաստանում է: Վրաստանում էժան է նաև էլեկտրաէներգիան: Ամենաաղքատ խավի համար, որը սպառում է մինչև 100 կիլովատ, այն արժե 14․5 լարի կամ 27․5 դրամ, իսկ միջին խավի համար մինչև 300 կիլովատ սպառողների համար՝ 18․5 լարի կամ 35 դրամ: Ադրբեջանում մինչև 300 կիլովատ սպառողների համար 21 դրամ է: Իսկ Կարեն Կարապետյանի կառավարության նախաձեռնած գնաճը առաջին հերթին ազդում է աղքատների վրա, մեծացնում է աղքատների ու ծայրահեղ չքավորների քանակը:

 

 Ավետիս Բաբաջանյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ashot says:

    աշխատավարձի տվյալները սխալ են։ Եթե անվանական ենք նայում։ Վրաստանում 900 լարի որ համարժեքա 293 Լարիի։ Էտ դեպքում Հայաստանում անվանականը 189 հազար 330 եվրոյին համարժեք։

    Ակնհայտորեն Հայաստանի մաքուր միջինը համեմատել եմ Վրաստանի անվանականի հետ։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031