Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարիտ Եսայան. «Մենք տեսել ենք, որ խնդիրները փողոցում չեն լուծվում, տեսել ենք, թե ընդդիմադիր ուժերն իրենց ինչպես են պահել փողոցում». «Իրատես»

Հունվար 19,2018 11:29

Մինչ ազգովին «թաթախված» ենք նախագահ ու վարչապետ ընտրելու խոսքուզրույցի մեջ, մոռանում ենք, որ այդ ամենով երկիրը վերջնականապես անցում է կատարում խորհրդարանական կառավարման համակարգին: Իհարկե, բոլորին էլ պարզ է, որ անկախ այս կամ այն համակարգից, թելադրողը մեկն է լինելու, որոշումները մի տեղից են գալու և ընդամենը դակվելու են խորհրդարանում, թեև իշխանության ներկայացուցիչները շարունակում են հակառակը պնդել: «Իրատեսի» զրուցակիցը ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՆ Է։

-«Ելքը» նաև հայտարարեց, որ ԱԺ ամբիոնը սպառել է իրեն, և հարցերը պետք է լուծել փողոց դուրս գալով:
-Եթե ուշադիր լինեք ու հետևեք «Ելքի» պատգամավորների նախկինում արած հայտարարություններին, հիմնական լեյտմոտիվը հետևյալն էր. «Փողոցն իրեն սպառել է, փողոցով հարցեր չի կարելի լուծել, փողոցում հարցեր չեն լուծում, դրա համար մենք եկել ենք խորհրդարան, մանդատները վերցրել ենք, որպեսզի երկրի համար կարևոր հարցեր բարձրացնենք ու լուծումներն այստեղ գտնենք»: Սա մեր ընդդիմադիր գործընկերների հայտարարությունն է, եթե այսօր իրենք իրենց փորձում են հակասել, սա իրենց խնդիրն է: Իրականում մենք՝ կոալիցիան, ինչպես նաև «Ծառուկյան» դաշինքը կողմնակից ենք, որ խնդիրները լուծվեն երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնում: Մենք տեսել ենք, որ խնդիրները փողոցում չեն լուծվում, տեսել ենք, թե ընդդիմադիր ուժերն իրենց ինչպես են պահել փողոցում, ինչպես են վարվել, ինչպես են ժողովրդին հանել փողոց, փորձել են լարվածության տանել, հետո փախել են իրենց տները: Տեսել ենք, թե ժողովրդին ինչպես են մենակ թողնում փողոցում: Շատ վատ է, բայց հասարակությունը չի հավատում ընդդիմադիր քաղաքական ուժերին: Սա նրանց ողբերգությունն է, բայց նաև շատ լուրջ խնդիր երկրի համար, որովհետև պետք է մի դաշտ թողնել, որին հասարակությունը կհավատա: Խորհրդարանական կառավարման համակարգում այդ դաշտը, անկասկած, ԱԺ-ն է: Մոտ ապագայում խորհրդարանը կընտրի դատաիրավական համակարգի կարևոր պաշտոնյաներին, երկրի նախագահին, վարչապետին: Չպետք է մոռանալ, որ փոփոխված սահմանադրությունը նոր-նոր է իր դերի մեջ մտնում, և այս ընթացքը բոլորիս համար սովորելու ժամանակահատված է: Խորհրդարանական համակարգով նոր ենք սկսելու ապրել: Պետք է մեկս մյուսին օգնենք, որ կարողանանք այս անցումից պատվով դուրս գալ, ինչը, վստահ եմ, այդպես էլ լինելու է:

-Սակայն ընդդիմադիրները չեն կիսում Ձեր լավատեսությունը, օրինակ, «Ծառուկյան» դաշինքի համոզմամբ, կառավարության «ճտտոցով» է մեծամասնությունը օրենքներն ընդունում, բայց խորհրդարանական համակարգի մասին «մեծ-մեծ խոսում է»:

-Ընդհանրապես, ընդդիմադիր քաղաքական ուժերի բանուգործը քննադատելն է, բայց դա պետք է լինի արդարամիտ, ոչ թե տվյալ քաղաքական ուժի ղեկավարի «ճտտոցով» արված քննադատություն: Որևէ մեկը չպետք է քնից արթնանա ու որոշի, որ պետք է այնքան գոռա, թե ինքն ընդդիմադիր է, որ մարդիկ հավատան: Սովորաբար որևէ բանի մասին երբ բարձրաձայն ես գոռում, անընդհատ ուզում ես ապացուցել, որ այդպիսին ես, լուրջ կասկածներ ես հարուցում: Դրա համար, եթե չասեմ` ծիծաղելի, ապա տարօրինակ են նման հայտարարությունները: Գուցե ոմանք մոռանում են, հիշողության խնդիր ունեն, բայց այսօր Հայաստանում կոալիցիոն կառավարություն է, և որևէ նախագիծ կամ օրենքի փոփոխություն երբ հաստատվում է, ապա դա կոալիցիայի որոշումն է: Առնվազն տարօրինակ կլիներ, եթե խորհրդարանական մեծամասնությունը ձեռք ձեռքի չաշխատեր կառավարության հետ, որովհետև խոսքը նույն քաղաքական միավորի մասին է: Պատկերավոր ասած, երբ մեր որոշ գործընկերներ դերասանական որևէ արտահայտություն են անում ԱԺ ամբիոնից, դա իրենց անձնական PR նպատակների համար է, տակը ոչինչ չկա, դատարկություն է: Ցավով եմ սա արձանագրում, քանի որ քննադատությունը պետք է լինի հիմնավորված: Միշտ ասել ենք, որ ուժեղ, օբյեկտիվ ընդդիմությունը շատ կարևոր է, որպեսզի մատնանշի թերությունները, բացթողումները, իշխանությունն էլ դրանց լուծումները տա: Բայց երբ մեկ-երկու տարի շարունակաբար տեսնում ենք, թե ինչպես որոշ ընդդիմադիր ուժեր, գործիչներ իրենք իրենց համար կինո են նկարում, կներեք, դրան չեմ կարող լուրջ վերաբերվել:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի» այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031