Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամը՝ տարեկետում հատկացնելու ընթացակարգի մասին. «Հրապարակ»

Հունվար 19,2018 11:01

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը հրապարակել է ՀՀ քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայությունից ակադեմիական տարեկետում հատկացնելու ընթացակարգը։ Ըստ այդ ընթացակարգի՝ տարկետում տրամադրվելու է գիտության ոլորտում նշանակալի ձեռքբերումներ ունեցած քաղաքացիներին։

Բացի այդ՝ կրթության եւ գիտության նախարարությունում ստեղծվելու է համապատասխան հանձնաժողով, որի կողմից եզրակացություններ են տրվելու քաղաքացիների նշանակալի ձեռքբերումների վերաբերյալ, նախատեսվում է համապատասխան բնագավառներում քաղաքացիների ձեռքբերումների հաշվարկման համակարգը, ինչպես նաեւ տրամադրված տարկետման ժամկետի ավարտից հետո կրկին տարկետում տրամադրելու պայմանները:

Ըստ ընթացակարգի՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից կարող են տարկետում ստանալ գիտության եւ կրթության բնագավառների զարգացման համար ՀՀ կառավարության կողմից գերակա ճանաչված ոլորտներում գործունեություն (ուսումնառություն) իրականացնող քաղաքացիները:

Այդ քաղաքացիների ձեռքբերումները հաշվարկվում են բալային միավորների համակարգով՝ առավելագույնը 100 բալային միավորի սահմանաչափով: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու իրավունք են ձեռք բերում առնվազն 80 բալային միավոր հավաքած քաղաքացիները: Գերակա ճանաչված յուրաքանչյուր ոլորտի համար սահմանվում են տարբեր բալային միավորներ՝ առավել բարձր միավորներ նախատեսելով արդյունաբերության եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտների համար:

Գերակա ճանաչված յուրաքանչյուր ոլորտում քաղաքացու ձեռքբերումների համար հիմք են համարվում տվյալ ոլորտի վերաբերյալ հրապարակումները՝ մենագրություններ, գրախոսվող գիտական ամսագրերում հոդվածներ, գիտաժողովներին մասնակցությունը, գիտակրթական մրցանակները՝ միջազգային հեղինակավոր մրցույթներ, ՀՀ նախագահի կողմից սահմանված մրցույթներ, դպրոցական կամ այլ բնույթի առարկայական օլիմպիադաներում հաղթանակներ, բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության շրջանակներում միջին որակական գնահատականը, հանձնաժողովի հետ հարցազրույցը: Բալային միավորների հաշվարկման մեթոդաբանությունը սահմանվում է հանձնաժողովի աշխատակարգում:

Դեռ անցած տարի «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները բազմիցս հանդիպում-քննարկումներ ունեցան կառավարության ներկայացուցիչների, ԿԳ, Պնախարարների եւ ԱԺ ղեկավարության հետ։ Թե որքանով են ընթացակարգում նշված դրույթները համապատասխանում «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության կողմից առաջ քաշված պահանջներին, փորձեցինք ճշտել նախաձեռնության համակարգող Հայկ Զաքարյանից․

Եթե նայենք հրապարակված ընթացակարգի բովանդակությանը, կա՞ն դրույթներ, որոնք ձեւավորվել են ձեր առաջարկների հիման վրա։

Որոշ բաներ, իհարկե, կան։ Եթե հիշենք, թե մինչեւ շարժումն ինչպես էին իրենք վերաբերվում ու շարժումից հետո, ապա հստակ երեւում է, որ մեր շարժումն իր ազդեցությունն ունեցել է․ այն, որ «բացառիկ» բառը փոխվեց «նշանակալի» բառով, հանձնաժողովի ստեղծումը, կրթության անընդհատության սկզբունքի պահպանումը։ Ճիշտ է՝ դեռեւս դրանք հեղուկային բաներ են, բայց հետագայում կարող են բյուրեղանալ։ Այս մի քանի բաները ձեւավորվել են մեր առաջարկությունների արդյունքում։

Ձեր պայքարը կրթական ոլորտում տարկետման իրավունքի պահպանման համար էր, իսկ ընթացակարգի համաձայն՝ տարկետում տրամադրվելու է կառավարության կողմից գերակա ճանաչված ոլորտների ուսանողներին։ Այս դրույթը ձեզ բավարարո՞ւմ է։

Դե, իհարկե, ամեն մեկիս համար մեր ոլորտն է գերակա, բայց թող նման հարցերը պետությունը որոշի։ Պետական ստրատեգիայի առումով, օրինակ, մոտակա 20 տարում ո՞ր ոլորտներն են գերակա։ Ճիշտ է, մեր պայքարը ընդհանուր կրթական ոլորտում տարկետման իրավունքի պահպանման համար էր։

 

ԿՈՐՅՈՒՆ ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031