Երեկ՝ հունվարի 18-ին, առավոտյան՝ ժամը 07.00-ի սահմաններում, ձերբակալվել է 2017 թ. սեպտեմբերին Թուֆենկյան հյուրանոցի մոտ հրազենային վիրավորում ստացած քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագն Աբգարյանը: Հիշեցնենք, որ Թուֆենկյանի մոտ հնչած կրակոցներից սպանվել էր Վահագն Աբգարյանի թիկնապահը՝ Գարիկ Մոսինյանը: Վահագն Աբգարյանը, որը աղմկոտ սպանությունների, վեճերի կենտրոնում է, ծննդով Ալավերդի քաղաքից է: «Հայկական Ժամանակ»-ն Աբգարյանի ձերբակալության մասին զրուցել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ:
– Պարոն Շարմազանով, Դուք Ալավերդի քաղաքից եք, ճանաչու՞մ եք Վահագն Աբգարյանին:
– Ալավերդիում բոլորն էլ բոլորին ճանաչում են:
– Ինչպե՞ս կբնութագրեք Վահագն Աբգարյանին:
– Ես քրեական գործերը չեմ բնութագրում: Եթե կա նախաքննություն, նախաքննությունը կպարզի, եւ ո՞ր օրվանից եմ ես քրեական գործերը բնութագրում կամ մարդկանց, ովքեր անցնում են հստակ գործով: Ալավերդիում չկա մարդ՝ քիչ, թե շատ երեւացող, որին ես չճանաչեմ: Վահագն Աբգարյանը երկու կամ երեք տարով է ինձնից փոքր: Ես եւ Վահագն Աբգարյանը նույն թաղամասում ենք մեծացել: Ալավերդին փոքր քաղաք է եւ բոլորը բոլորին ճանաչում են: Քրեական գործը նախաքննության փուլում է եւ նախաքննությունը կպարզի:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում