Թանկացումների դեմ կարգախոսով «Ելքի» նախատեսած երթը ավելի շուտ ձախակողմյան ուղղվածության ակցիա կարելի է համարել՝ հաշվի առնելով նաեւ դրա սոցիալական որոշակի շեշտադրումները:
Բայց տվյալ դեպքում հետաքրքիրը ոչ թե «աջ» կամ «ձախ» գաղափարաքաղաքական ուղղվածությունն է, այլ շատ ավելի հասարակ այնպիսի մի հարց, ինչպես, ասենք, աջ կամ ձախ ղեկով մեքենաների ներկրումն ու շահագործումը: Բանն այն է, որ «Աջ ղեկ» նախաձեռնության անդամները որոշել են միանալ «Ելքի» նախաձեռնած երթին, ինչը եւս կանխատեսելի կարելի է համարել:
Հիշեցնենք, որ աջակողմյան երթեւեկություն ունեցող Հայաստանում ավտոմոբիլային ընդունելի փոխադրամիջոցները ձախ ղեկ ունեցողներն են, եւ վերջերս կառավարությունը որոշակի քայլեր էր ձեռնարկել այդ համապատասխանությունն ապահովելու նպատակով: Վերջին տարիներին աջ ղեկ ունեցող ավտոմեքենա ձեռք բերած եւ շահագործող քաղաքացիները ձեւավորեցին «Աջ ղեկ» նախաձեռնություն՝ պաշտպանելու համար նման մեքենա շահագործելու իրենց իրավունքները:
Հիմնական հարցերից մեկը առնչվում էր անցած ժամանակահատվածում ներկրված, իրացված եւ շահագործվող աջ ղեկով մեքենաների տերերի սեփականատիրական, ինչպես նաեւ՝ տվյալ մեքենաների շահագործումը շարունակելու իրավունքներին:
Եվ, ինչպես հայտնի է, կառավարությունը, հաշվի առավ այդ խնդիրները, հանրությանն ու դժգոհող քաղաքացիներին պարզորոշ հայտարարեց, որ արդեն իսկ աջ ղեկով մեքենա ունեցողները կարող են շարունակել դրանց շահագործումը, բնականաբար նաեւ տնօրինել իրենց ունեցվածքը:
Բայց հայտնի է նաեւ, որ «Աջ ղեկ» նախաձեռնության մեջ ներգրավված էին ոչ միայն նման մեքենան շահագործողներ, այլեւ այդ կարգի մեքենա ներկրողները, որոնց ոչ մի կերպ չէր կարող բավարարել կառավարության մոտեցումը՝ ապրիլի 1-ից նախատեսվող ներկրման արգելքի վերաբերյալ:
Եվ ահա, երեկվա նիստում կառավարությունը հավանություն տվեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» օրենքի նախագծին:
Ա. Հակոբյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում