Ըստ Ստեփան Գրիգորյանի՝ մեծ քաղաքական գործընթացներ
կարող են սկսվել նախագահի եւ վարչապետի ընտրություններից հետո
Քաղաքագետ, «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Ստեփան Գրիգորյանը ողջունում է «Ելք» խորհրդարանական խմբակցության թանկացումների դեմ երթ կազմակերպելու նախաձեռնությունը: Հիշեցնենք՝ երթը նախատեսվում է անցկացնել վաղը` հունվարի 19-ին: Քաղաքագետին մտահոգում են հունվարի մեկից սկսված, իր բնութագրմամբ, անհիմն թանկացումները, հարկերի ավելացումը եւ այն, որ Հայաստանի իշխանությունը, ի հեճուկս աշխարհում ընդունված խաղի կանոնների, չի փորձում գնաճի զսպման մեխանիզմներ ստեղծել կամ հարկային բեռը թեթեւացնել: Ավելին, անգամ թոշակների եւ աշխատավարձերի ինդեքսացիա չի նախատեսվում, ու ոչ էլ ցանկություն կա ուսումնասիրելու` գների բարձրացումն արհեստակա՞ն է, թե՞ օբյեկտիվ:
Նկատեցինք, որ այն բանից հետո, երբ նախագահ Սերժ Սարգսյանն իր մոտ հրավիրեց պատկան կառույցների ղեկավարներին եւ «ձեռքը սեղանին խփեց»` հանձնարարելով ուսումնասիրել թանկացումները եւ քայլեր ձեռնարկել, պետական պատկան մարմինների կառույցների ղեկավարները հայտարարեցին, որ ուսումնասիրել են ու պարզել` թանկացումներն օբյեկտիվ են՝ պայմանավորված միջազգային շուկաներում գների տատանումներով: Երեկ էլ վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդարանում հայտարարեց, որ գնաճն ընդամենը 2,6 տոկոս է, ու զարմացավ, թե ինչո՞ւ են բոլորն իրար խառնվել: Սա Ստեփան Գրիգորյանին հիմք է տալիս պնդելու իր կարծիքը` ՀՀ իշխանությունները ոչ մի կապ չունեն իրականության հետ. «Իրենց ասածը հիմք չեմ կարող ընդունել: Թվերի հետ իրենք միշտ մանիպուլյացիա են անում: Այնքան լկտիացան, որ պաշտոնապես հայտարարում են, թե շաքարավազի շուկայում մրցակցություն կա: Ասում են՝ 10-20 ընկերություն շաքարավազ է բերում, ու բոլորը գիտեն, որ բոլոր ընկերություններն էլ նույն օլիգարխին են պատկանում: Իշխանության նկատմամբ անվստահությունն այնքան մեծ է, որ իրենց հրապարակած թվերին ոչ ոք չի հավատում»: Ինչ վերաբերում է վարչապետի զարմանքին, քաղաքագետը հակադարձում է. «Եթե 40 տոկոսով մսի գինը թանկանում է, իսկ սխտորն էժանանում է, դա չի նշանակում, որ միջին հաշվարկով թանկացումը 2,6 տոկոս է կազմել»:
Ու հիշեցնում է վարչապետին, որ մարդիկ խոսում են այն ապրանքների թանկացումների մասին, որոնք ամենօրյա օգտագործման են` շաքարավազ, ալյուր, միս, կարագ եւ այլն: Նաեւ հորդորում է. «Վարչապետը թող մեզ հեքիաթներ չպատմի»: Իսկ «Ելք»-ին հաջողություն է մաղթում, մարդկանց եւ քաղաքական ուժերին կոչ է անում միանալ երթին, շատ տեղին է համարում, որ նախաձեռնությունը հենց սոցիալական խնդրով է:
Քաղաքագետի կարծիքով՝ գների թանկացման եւ «Ելք»-ի նախաձեռնության շուրջ ծավալվող քննարկումները, հատկապես քաղաքական ուժերի մոտեցումներն իրեն հիմք են տալիս պնդելու` հայաստանյան քաղաքական էլիտա կոչվածը որեւէ կապ չունի հասարակության հետ: «Փոխանակ դուրս գան փողոց, հանրահավաքներով, երթերով եւ օրինական մյուս միջոցներով իրենց դժգոհություններն արտահայտեն, ինչը գուցե կառավարությանը ստիպի տեղից շարժվել, ասում են` ինչի՞ Սերժ Սարգսյանին իմպիչմենտ չեն հայտարարում, դա է գլխավոր հարցը: Կամ ասում են` մեր հարսանիքը չի եւ այլն: Ամենքն իր ամբիցիայով է գալիս: Եթե իրենք չեն էլ միանալու ակցիային, գոնե ցանկություն հայտնեն, որ հաջող անցնի, ու իշխանությունը ստիպված լինի փոփոխությունների գնալ, անհեթեթ բաներ են ասում: Դա նշանակում է, որ այս մարդիկ ժողովրդի հետ կապ չունեն»: Այս ամենից քաղաքագետը նաեւ հետեւյալ եզրակացությունն է արել. «Երբ վատն է իշխանությունը, դա ցավ է: Բայց ավելի մեծ ցավ է, երբ իրենց ընդդիմադիր կամ չեզոք անվանող ուժերն ավելի վատն են, քան իշխանությունը»:
Քաղաքագետի համար անընդունելի են նաեւ «դե բանի չեն հասնի» ոճի տեսակետներն ու մոտեցումները: Օրինակներ է բերում, երբ մարդիկ պայքարել են եւ որոշ բաների են հասել. «Էլեկտրիկ Երեւանը», որի մասին հազար ու մի բան էին ասում: Բայց այդ պայքարի արդյունքում թանկացումները հետաձգվեցին, դրանց մի մասը կրճատվեց, որոշակի սոցիալական խմբերի համար զեղչեր արվեցին: Կամ` աջ ղեկով մեքենաների պատմությունը: Նախկինում ասում էին` այդ մեքենաները կարգելվեն, բայց պայքարի արդյունքում դրանց ներկրումն արգելվեց, իսկ արդեն ներմուծվածների շահագործումն ու վաճառքը թույլատրվում է»:
Այն դիտարկումներին, որ «Ելքն» ապրիլյան ընտրություններից հետո հայտարարեց, թե իշխանությունը լեգիտիմ է, ու հնարավոր է, որ հիմա էլ իշխանության հետ համագործակցված է անում իր քայլերը, քաղաքագետը պատասխանում է. «Կասկածներ ցանկացածի կամ ցանկացած ուժի նկատմամբ կարելի է հայտնել: Ես կարող եմ Շառլ Ազնավուրին էլ կասկածել: Նա պարբերաբար քննադատում է իշխանություններին. ես իրեն կասկածում եմ, որ իշխանության հետ լինելով` նման բաներ է ասում: Բայց այս դեպքում հիմքը թանկացումներն են ու դրանց դեմ պայքարի նախաձեռնությունը: Այո, քաղաքական դաշտում խաղեր էլ կան, ամեն ինչ էլ կա: Բայց քաղաքական ուժերը պետք է հանրության շահը պաշտպանեն, եւ եթե այս նախաձեռնությամբ կարելի է դա անել, ինչո՞ւ չանել: Եթե ամսի 19-ի երթը մարդաշատ լինի, կտեսնեք, որ իշխանությունը Հարկային օրենսգրքում փոփոխություններ կկատարի: Որովհետեւ գնաճն արհեստական է: Միջազգային շուկայում բենզինի, դիզվառելիքի գները նաեւ նվազում են, բայց դա չի անդրադառնում մեր երկրի վրա: Խնդիրը միայն ԵԱՏՄ-ի խաղի կանոնները չեն, մեր իշխանությունները, օլիգարխները նաեւ արհեստական քայլերի են գնում` գերշահույթներ ստանալու համար: Ուստի, եթե հուժկու պայքար լինի, իշխանությունը հետքայլ կանի»:
Մեր զրուցակիցը նաեւ կարծում է, որ «Ելքը» ճիշտ քաղաքականություն է որդեգրել` սոցիալական խնդիրներ. «Համենայնդեպս, «Էլեկտրիկ Երեւանի» փորձը ցույց է տալիս, որ մեզ մոտ կարող է շատ հաջող սոցիալական պայքար լինել: Կարծում եմ, որ «Ելք» դաշինքը բավական մեծ հավաքներ կանցկացնի, եւ չեմ կարծում, որ ճիշտ կլինի պայքարը քաղաքական դաշտ տեղափոխել: Մանավանդ, որ քաղաքական դաշտը ռեալ ձեւավորված չէ, քաղաքական ուժերը բզկտված են: Մեծ քաղաքական գործընթաց դեռ չես կարող բարձրացնել»: Այն, որ առջեւում ապրիլյան իրադարձություններն են` նախագահի լիազորությունների ավարտ, նոր վարչապետի նշանակում եւ այլն, քաղաքագետը ինտրիգ չի համարում. «Ակնհայտ է` ով է լինելու վարչապետը: Ժամանակը ցույց տվեց, որ իշխող ՀՀԿ-ի թիմում Սերժ Սարգսյանին այլընտրանք չկա: Դա ճի՞շտ որոշում է, թե՞ սխալ՝ անիմաստ է քննարկել, քանի որ ՀՀԿ-ն խորհրդարանում ունի ֆորմալ մեծամասնություն: Այո, իրենք չունեն հանրության աջակցությունը, բայց պառլամենտում ֆորմալ մեծամասնությամբ իրենց ուզածը կանցկացնեն: Նաեւ` ԵՄ-ի հետ ստորագրելով համագործակցության շրջանակային համաձայնագիրը՝ Սերժ Սարգսյանն իրեն արդարացրեց նաեւ եվրոպական շրջանակներում, եւ կոշտ հակազդեցություն Եվրոպայից չի լինի: Չեմ կարծում, որ ՌԴ-ում դեմ կլինեն, որ ինքը լինի ՀՀ վարչապետ: Այնպես որ, այստեղ ես ինտրիգ չեմ տեսնում: Բայց մեծ քաղաքական գործընթացներ կարող են սկսվել նախագահի եւ վարչապետի ընտրություններից հետո, քանի որ մարդիկ կհասկանան, թե ինչ է իրենց սպասվում մոտակա տարիներին»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ»
18.01.2018