Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՐԹԱԿԱՆ ՍԿԻԶԲ

Հունվար 19,2018 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ առաջին

ՀԵՐԹԱԿԱՆ ՍԿԻԶԲ

Ինձ շարունակում են հարցնել՝ ինչքա՞ն ես շարունակելու  էս վեպդ: Ես

շարունակում եմ պատասխանել՝ չգիտեմ: Ես ոչ թե ձեւ եմ անում, այլ իսկապես չգիտեմ՝ երբ է ավարտվելու այս՝ չափից  ավելի ձգձգված գրությունը, որը ես եւ ոմանք պայմանականորեն վեպ ենք անվանում:

Բայց արդյո՞ք պարտադիր է, որ ավարտվի: Արդյո՞ք էս կյանքում որեւէ բան ավարտվում է: Ավարտվո՞ւմ է, թե՞ կիսատ է մնում: Մեր կյանքը երբեւէ ավարտվելո՞ւ է, թե՞ կիսատ է մնալու:

Ես որեւէ մեկի հարցին որեւէ հստակ պատասխան չունեմ, որովհետեւ հստակ որեւէ բան չգիտեմ:  Եթե հստակ որեւէ  բան իմանայի, էս վեպս դժվար թե էսքան ձգձգվեր: Եվ ընդհանրապես՝ եթե որեւէ մեկը հստակ որեւէ բան իմանար, դժվար թե որեւէ բան գրեր:

Ինչ վերաբերում է անձամբ ինձ, ես ընդհանրապես ոչինչ չգիտեմ, մանավանդ՝ էս պահին: Եվ գնալով ավելի ու ավելի քիչ եմ իմանում: Երեւի դրա համար էլ էս վեպս շարունակվում է՝ չի դադարում:

Էս տարօրինակ ու անիմանալի գրությունս էնքան եմ վեպ անվանել, որ ձեզնից շատերն էլ են վեպ անվանում: Եվ ինձ համար հիմա ընդամենը մի բան է պարզ. էս վեպս երբեւէ չի ավարտվելու ու երբեւէ կիսատ  է մնալու. եւ միանգամայն  անհայտ է՝ որ պահին է կիսատ մնալու: Եվ եթե մինչ այդ ինձ հաջողվի իմ ու ձեր կյանքից որեւէ կարեւոր բան ձեզ հայտնել, դա իմ հաջողությունը կլինի:

Ինձնից կախված ամեն ինչ անելու եմ, որ դա պատահի: Ինձնից կախված ամեն ինչ անելու եմ, որ ափսոսանքով բաժանվենք իրարից:

Երեւի նկատում եք, որ ինձնից կախված ամեն ինչ անում եմ: Արդեն նույնիսկ վերջակետ եմ դնում: Սա էս վեպիս առումով իսկապես նորություն է:

Էլի վեպ ասացի: Կարող էի ասել՝ հուշագրություն: Բայց ինչ էլ ասեմ՝ սխալ կլինի, մանավանդ՝ հուշագրություն: Որովհետեւ հուշագրությունը որոշակի ճշգրտություն է պահանջում, մինչդեռ ինձ մոտ ամեն ինչ կամայական է: Կամայական, պայմանական ու հարաբերական: Ես իմ հուշերը մեկին մեկ հարմարեցնում եմ իմ շահերին ու իմ նախասիրություններին: Ինչպես ցանկացած վիպասան:

Այնպես որ՝ վեպն ամենահարմարն է: Եթե ժամանակակիցներիցս մեկն իր ութսուն էջանոց գրությունը վեպ է անվանել, ու  եթե Ա. Պուշկինն է իր «Եվգենի Օնեգինը» չափածո վեպ անվանել, ես ինչո՞ւ չեմ կարող իմ էս տասնութհատորանոց գրությունը վեպ անվանել: Առնվազն տասնութհատորանոց:

Տասնիններորդն սկսում եմ՝ Ֆելոյի պատմությունը կիսատ թողնելով ու վերադառնալով անցյալ դարի յոթանասունականների վերջերն ու ութսունականների սկզբները: Իսկ Ֆելոյի պատմությունը կիսատ եմ թողնում, որովհետեւ ավելացնելու բան չունեմ: Որովհետեւ անցյալ դարի վաթսուներկու թվականի գարնանից սկսած՝ հայրս Ֆելոյից որեւէ լուր ու տեղեկություն չստացավ:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031