Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյան. «Ես որեւէ հետաքրքրություն չունեմ քաղաքականությամբ զբաղվելու Հայաստանում». «Ազատություն»

Հունվար 18,2018 22:55

«Ես որեւէ հետաքրքրություն չունեմ քաղաքականությամբ զբաղվելու Հայաստանում, սակայն ունեմ մեծ ցանկություն` օգտակար լինելու հայրենիքին», 2010 թվականի փետրվար 18-ին «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ասել է Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը:

«Ես հավատում եմ, որ երկրին կարելի է օգտակար լինել ոչ միայն քաղաքական մասնակցություն ունենալով կամ պատկանելով այս կամ այն քաղաքական կուսակցությանը, կամ լինելով պաշտոնյա կամ ոչ պաշտոնյա, լինելով իշխանության մեջ կամ ընդդիմություն: Ես գտնում եմ, որ կարելի է այդ բոլորից զերծ մնալ եւ միաժամանակ օգնել երկրին, հայրենիքին, ուղղակի կենտրոնանալ այն հիմնական խնդիրների վրա, որտեղ դու կարող ես փոքր ներդրում ունենալ», – ընդգծեց նա:

Արմեն Սարգսյանը ներկայումս բնակվում է Լոնդոնում, բայց վերջերս նրա նախաձեռնած խոշոր ծրագիրը ուղղված է հենց Երեւանին: «Երեւան, իմ սեր» նախագծի նպատակը Հայաստանի մայրաքաղաքի պատմական-մշակութային ժառանգության պահպանումն է:

Որպես առաջին քայլ` մայրաքաղաքի կենտրոնում կվերակառուցվեն պատմական նշանակություն ունեցող չորս շինություններ: Դրանցից երկուսում կբացվի ժողովրդական գործիքների երաժշտական դպրոց` Ջիվան Գասպարյանի գլխավորությամբ, մեկը կգործի որպես միայնակ մայրերի կենտրոն, չորրորդը կծառայի խուլ եւ համր երեխաների կարիքներին:

«Երեւան, իմ սեր»-ը ես հույս ունեմ, որ կդառնա մշակութային շարժման նման, որտեղ, իհարկե, որեւէ քաղաքական կամ կուսակցական ներկայություն չպետք է լինի. դա ուղղակի վերաբերմունք է քաղաքին», – ասաց Արմեն Սարգսյանը:

«Ես Երեւանից չեմ գնացել, երեւանցի եմ: Ժամանակավորապես աշխարհի ուրիշ մայրաքաղաքներում եմ գտնվում, գուցե նաեւ բնակարաններ ունեմ, որտեղ ապրում եմ, բայց իրականում երեւանցի եմ, եւ ինչպես ծնվել եմ Երեւան քաղաքի Դեմիրճյան փողոցում, այդպես էլ շարունակում եմ ապրել», – ընդգծեց նա:

«Երեւան, իմ սեր» նախագիծը մեկնարկեց անցած շաբաթ` Վինձորի թագավորական դղյակում տեղի ունեցած աննախադեպ ընդունելությամբ, որը կազմակերպվել էր Բրիտանիայի արքայազն Չարլզի հետ համատեղ եւ որին ներկա էին Հայաստանի նախագահը, Ամենայն Հայոց կաթողիկոսը, հայ եւ այլազգի բարերարներ ու գործարարներ:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031