Լրահոս
Օրվա լրահոսը

Մի մասի համար երազանք, մյուսների համար՝ գլխացավանք (Ֆոտաշարք)

Հունվար 18,2018 21:45

Այսօր առավոտից Գյումրիում անդադար տեղումներ են, թեև տեսարանը չքնաղ է, ձյունածածկ քաղաքը մի տեսակ խորհրդավոր է դարձել՝ փողոց հանելով շատերին, բայց այս եղանակն ինչքան ուրախացնող, այնքան էլ տխրեցնող է։ Սոցիալական ցանցերում օգտատերերից ոմանք, հրապարակելով գեղեցիկ լուսանկարներ ձյունառատ փողոցներից՝ հրճվանքով գրել են․ «Իմ փոքրիկ սրտի մե՜ծ երազանքը»։

Մինչդեռ քաղաքի սոցիալական խնդիրներով զբաղվող «Շիրակի կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանը տխրությամբ արձագանքում է․ «Գյումրիում շարունակվում է առատ ձյուն տեղալ: Շատերի համար ուրախալի և երկար սպասված, բայց արի ու տես, որ հարյուրավոր ընտանիքների վառարանները ձյունով հաստատ չի տաքանա: Ավելին, աղբանոցներից ու թփուտներից վառելիքի հայթայթումը դարձել է շատ դժվար: Մենք շարունակում ենք վառելափայտով օգնել սոցիալապես ամենածանր վիճակում հայտնված ընտանիքներին»։

Բանն այն է, որ վառելափայտից զատ, շատերը տարվա այս եղանակին հարմար կոշիկ չունեն, թաց ոտքերով են։ Հրապարակելով որոշ լուսանկարներ՝ Վահան Թումասյանը շարունակում է․ «Աղքատության դեմքը․ վերջին շրջանում «Շիրակ կենտրոնի» կողմից իրականացվող ամենօրյա բարեգործական ձեռնարկների մասին լուսանկարներ գրեթե չենք տեղադրում: Հատկապես անիմաստ եմ համարում հագուստ, սննդամթերք կամ մեկ այլ պարագա բաժանելու ամենօրյա հրապարակումները:

Այս մի քանի լուսանկարների համար ներողամիտ եղեք, պարզապես ուզում եմ ցույց տալ աղքատության իրական պատկերը, որի հետ ամեն օր ենք առնչվում: Կիսաքանդ և ցուրտ դոմիկում բնակվող տարեց հայրն՝ առանց մայրական խնամքի մնացած իր փոքրիկ աղջնակի հետ: Երկուսն էլ քրքրված կոշիկներով ու թաց ոտքերով այսօր կրկին եկել և վառելափայտ էին խնդրում: Հա ու մի հատ էլ կացին, որ կարողանան իրենց տնակային ավանի մոտակայքի թփուտներից, ծառի ճյուղեր կտրատեն:

Փառք Աստծո, ծայրահեղ կարիքի մեջ գտնվող մարդկանց մենք միշտ էլ կարողանում ենք ինչ- որ չափով օգտակար լինել մեր լավագույն բարեկամների շնորհիվ: Բայց նման վիճակում հարյուրավոր մարդիկ ու երեխաներ են բնակվում ու մինչև ե՞րբ ենք հանդուրժելու այսպիսի համատարած ու սպանիչ աղքատությունը…»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031