Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ մաքսակետում «ժուլիկներ» են աշխատում» (Տեսանյութ)

Հունվար 18,2018 20:10

Օրերս ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Պետական եկամուտների կոմիտե իր այցելության ժամանակ դրվատանքով է խոսել այս կառույցի մասին: Այս հանդիպման մի փոքր հատված՝ տեսանյութով, վարչապետը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում:

«Ինչ վերաբերում է ՊԵԿ-ին, ապա 2017-ի աշխատանքները գնահատում եմ դրական եւ 2018-ին հանձնարարել եմ շատ հետեւողական շարունակել դրանք, որպեսզի բիզնեսով զբաղվելու տեսանկյունից Հայաստանը դարձնենք հնարավորինս օրինակելի երկիր»,-ասել է կառավարության ղեկավարը:

Հայաստանում անգամ թեթեւ առեւտրով զբաղվելը հենց մաքսակետից սկսած գլխացավանք է, էլ ուր մնաց լուրջ բիզնեսով զբաղվելը, իհարկե խոսքը շարքային քաղաքացիների մասին է:

ՀՀ քաղաքացի Տիգրան Գրիգորյանը Ամանորից առաջ որոշել էր Վրաստանից մանդարին բերել ու վաճառել Հայաստանում: Նրա պատմելով՝ ընդամենը 500 կգ մանդարին է գնել Մարնեուլի շուկայից, յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց վճարել է 73 թեթրի՝ 171 դրամ:

Սակայն Բագրատաշենի մաքսակետում մեր մաքսավորները, ինչպես Գրիգորյանն է վստահեցնում՝ յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց 140 դրամ են գանձել. սա որպես մաքսազերծման վճար են պահանջել:

Արդյունքում Գրիգորյանի ձեռք բերված 171 դրամանոց մանդարինի կիլոգրամը դարձել է 271 դրամ, գումարած նաեւ ճանապարհածախսը, այս մանդարինի 1 կգ-ն Գրիգորյանի վրա 300 դրամ է նստել, ինչը Հայաստանի շուկայում մրցունակ գին չէր կարող լինել, քանի որ այդ օրերին այդ մանր մանդարինը շուկայում, ըստ Գրիգորյանի՝ 250 դրամ էր:

Այս պատմության մեջ մի զավեշտ էլ կա՝ մաքսավորների հետ համագործակցող «սեւ կարդինալ» միջնորդը հանձն է առել կազմակերպել մաքսազերծումը: Գրիգորյանի պատմելով՝ քանի որ մանդարինը ձեռք էր բերել շուկայից, հետեւաբար ֆիտոսանտիրական փաստաթուղթ չուներ: Բագրատաշենի մաքսավորն այդ մասին իմանալուց հետո Գրիգորյանին հորդորել է սպասել անգարում եւ տեղեկացրել՝ ձեզ մի մարդ կմոտենա ու ինչ պետք է՝ կանի: Այս մի մարդը հենց այդ «սեւ կարդինալն էր», որը չի էլ ներկայացել, թե ով է:

Ենթադրվում է նա մաքսային բրոքեր է եղել: Այս «սեւ կարդինալը» իր մոտ եղած փաստաթղթում ստուգելով Գրիգորյանի մեքենայի պետհամարանիշն ու բեռի ծավալն, ասել է՝ «Ամեն կիլոգրամի համար 140 դրամ պիտի մուծես, ընդհանուր՝ 70 հազար դրամ»: Թե դա ինչ գումար է, որ ծառայության կամ ինչ հարկման ձեւ է, ենթադրյալ բրոքերն ասել է՝ «Բա ուզում ես ձրի անցկացնե՞ս»:

Գրիգորյանը վճարել է 70 հազար դրամը, սակայն դրա դիմաց որեւէ կտրոն չի ստացել: Ժամեր հետո Գրիգորյանին են տրամադրել փաստաթուղթ, ըստ որի նրա ապրանքի ներկրումը թույլատրվել է: Ընդ որում` Գրիգորյանը զարմացել է՝ ինչպե՞ս ֆիտոսանտիրական փորձաքննություն կատարվեց, եթե իր մեքենայից մանդարինի նմուշ չեն վերցրել: Գրիգորյանի ներկայացմամբ՝ մաքսազերծումը կատարվել է 20-25 տարբեր անձանց մեքենաներում եղած ապրանքի համար, բայց մեկ անձի անունով:

Գրիգորյանը Բագրատաշենի մաքսավորների աշխատաոճի վերաբերյալ էլ ասաց՝ «Մեր նման ներմուծողների հետ ոնց որ թշնամիների հետ աշխատեն: Այդ մաքսակետում «ժուլիկներ» են աշխատում»: Գրիգորյանը նաեւ պատմեց, որ այդ օրը ականատես է եղել, թե ինչպես մի քաղաքացի իր ներկրած 1-2 արկղ մանդարինը հենց մաքսատանը զայրացած թափել է, քանի որ նրանից մաքսավորները կիլոգրամի դիմաց լրացուցիչ 150 դրամ են պահանջել:

ՊԵԿ ղեկավար Վարդան Հարությունյանը իր ղեկավարած ոլորտում կատարած բարեփոխումներից նշում է հենց մաքսավորների կերպարի, կոռուպցիոն դրսեւորումների ու հսկիչ գների վերացումը: Թե հիմա այս մանդարինի դեպքում լրացուցիչ 140 դրամը հսկիչ գին էր, կոռուպցիոն գործարք էր, հիմա ՊԵԿ-ում սրա վրա գլուխ են կոտրում:

Համենայն դեպս դեռ անցած տարվա դեկտեմբերի 19-ին այս խնդրի վերաբերյալ ՊԵԿ-ին գրավոր հարցում էինք ուղարկել: Սկզբում մեզ պարզաբանել էին, թե Տիգրան Գրիգորյան անվամբ բացակայում է մաքսային մարմիններին ներկայացված ապրանքային հայտարարագիրը, այսինքն` նրա կողմից ՀՀ տարածք որեւէ ապրանքի ներմուծում իրականացնելու մասին փաստը. «Ուստի, հարցն առավել հանգամանալի ուսումնասիրելու եւ, ըստ էության, պարզաբանումներ ներկայացնելու համար առաջարկում ենք ՀՀ ԿԱ ՊԵԿ ներկայացնել վերոհիշյալ քաղաքացու կողմից ներմուծում կատարելու մասին փաստաթղթեր, եւ անհրաժեշտության դեպքում, պատրաստակամություն ենք հայտնում նշանակել ծառայողական քննություն հոդվածում նշվածի իսկությունն ստուգելու ուղղությամբ»:

Մենք օրեր առաջ ՊԵԿ-ին ներկայացրեցինք Գրիգորյանի տրամադրած մաքսազերծման վերաբերյալ փաստաթղթեր, որոնք, ինչպես ՊԵԿ-ից վստահեցրին՝ ուսումնասիրում են, եւ առաջիկայում պարզաբանում կտրամադրեն խնդրի վերաբերյալ:

Տիգրան Գրիգորյանը դիմում է ՊԵԿ-ին եւ ասում՝ եթե ծառայողական քննություն իրականացվի, ինքը պատրաստ է համագործակցել, ներկայացնել տեղեկություն ու փաստաթղթեր, հարկ եղած դեպքում ՊԵԿ-ի մասնագետների հետ այցելել Բագրատաշենի մաքսակետ ու անձամբ ցույց տալ այդ օրն աշխատող մաքսավորներին, նրանց ներկայությամբ նորից պատմել ինչ է տեղի ունեցել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031