Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության 1 միլիարդանոց շենքը վարչապետի երազած տուրիստական փողոցում (Ֆոտոշարք)

Հունվար 18,2018 19:55

Գյումրու սրտում՝«Կումայրի» արգելոց-թանգարանի տարածքում գտնվող Ռուսթավելու անվան փողոցում, որը վարչապետ Կարեն Կարապետյանի ամենասիրած վայրն է Գյումրիում․ վերջինս անգամ միջոցներ չխնայեց այստեղ եվրոպական մայրաքաղաքների պես լուսավորելու, ճոխ Սուրբ Ծնունդ նշելու, կառուցվում է ոստիկանության շենքը։

Որ ոստիկանությանը շենք անհրաժեշտ է, հատկապես սարսափելի վատ պայմաններում գտնվող «Կումայրի» բաժնի աշխատակիցներին, այս հարցը քննարկման ենթակա չէ (Տես «Կումայրի» բաժնի շենքի լուսանկարները)։

Միայն թե անհամատեղելի են տուրիստները, հայ ոստիկաններն ու հանցագործները․ դիցուք աշխարհի տարբեր անկյուններից ժամանած տուրիստները ճեմում են պատմական այս փողոցով՝ ամեն քայլափոխի կանգնելով ու փորձելով վայելել ճարտարապետական չքնաղ շենքերի գեղեցկությունը ու հանկարծ այդ վայրկյանին ինչ-որ հանցագործի են բերման ենթարկում․․․ Ի դեպ, ոստիկանության «Կումայրի» բաժինը բավական ծանրաբեռնված է աշխատում ու նմանօրինակ տեսարանները բնականոն են այս բաժնի համար։

Իսկ մեր նկարագրած տեսարանը՝ Գյումրու կոլորիտով հմայված տուրիստը, խիստ դեմքով ոստիկանն ու դիմադրող հանցագործը, անկեղծ ասած, կլինի զավեշտալի․․․Ոստիկանության նորակառույց շենքն էլ ոչ թե թաքնված է փողոցի որևէ անկյունում, այլ հենց փողոցի վրա է, երևացող տեղում. կարելի է ասել փողոցի ամենաեվրոպական հատվածում՝ Իտալիայի հյուպատոս Անտոնինո Մոնտալտոյի ստեղծած գողտրիկ անկյունի՝ «Վիլա Կարս» հյուրանոցի մոտակայքում, Սուրբ Նշան եկեղեցուց ոչ հեռու։

Ինչպես ընթերցում ենք նորակառույց շենքի վրա փակցված գրառումից, այդ շենքում տեղակայվելու են Շիրակի մարզային վարչությունը, Գյումրի քաղաքի «Կումայրի» բաժինը և ճանապարհային ոստիկանությունը։ Շենքի շինարարությունն ավարտվելու է 2018 թվականի մայիսին։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, այդ շենքն արժե մոտ 1 միլիարդ դրամ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ալֆրեդ says:

    Ինչ կարևոր է տվյալ պահին ինչ են կառուցում։այսօր ոստիկանական շենք է վաղը կփոխվի թանգարանի։կարևորը կառուցելն է

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031