Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչ-որ տարաձայնություններ են եղել էներգետիկ ոլորտի հետ կապված». Բնապահպանը՝ նախարարի հրաժարականի մասին

Հունվար 18,2018 18:53

Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, բնապահպան Սիլվա Ադամյանի գնահատմամբ, նախորդների պես եկավ ու հեռացավ՝ ոլորտում առանց բարեփոխում իրականացնելու:

«Այս նախարարը ոչ մի բանով չառանձնացավ, մեր Ամուլսարի խնդիրը ցույց է տալիս նախարարի աշխատանքը: Հանրության, տեղացի ու արտասահմանցի փորձագետների ու գիտնականների այսքան ընդդիմությունից հետո, երբ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը ոչ մի բան չարեց, ոչ մի խնդիր չլուծեց, այս ամենը խոսում է այն մասին, որ ինչպիսի տեսարան ունեինք սրանից առաջ, նույնը ունենք, ոչինչ չի փոխվել: Ես այդ փոփոխությունները չեմ տեսնում: Աշոտ Մանուկյանը մնացած նախարարների պես նույն ճանապարհով էր գնում, ես տեսա նրա կողմից խրախուսվող քայլեր, որոնք ուղղված էին հանքարդյունաբերողների հարկերը նվազեցնելուն, որոշ հարկերից ազատելուն, որեւէ դրական փոփոխություն չի եղել»,- ասաց բնապահպանը

Հիշեցնենք, որ Աշոտ Մանուկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, իսկ հրաժարականի պատճառի մասին նախարարությունից դեռ ոչինչ չեն ասում:

«Նախարարը դեռ շարունակում է աշխատել, նա այսօր մասնակցել է կառավարության նիստին։ Հրաժարականի պատճառը դեռ հայտնի չէ»,- ասաց նախարարի մամուլի քարտուղար Վասակ Թարփոշյանը։

Անդրադառնալով նախարարի հրաժարականին՝ բնապահպանը հավելեց. «Ես չեմ կարող պրոգնոզներ տալ, ըստ երեւույթին, ինչ-որ տարաձայնություններ են եղել էներգետիկ ոլորտի հետ կապված, չեմ կարող ասել, որ այդ տարաձայնությունները կապված են եղել միայն հանքարդյունաբերության հետ, որովհետեւ ունենք ե՛ւ ատոմակայան, որի հետ կապված շատ խնդրահարույց հարցեր կան՝ դրա էներգոբլոկերի փակման եւ նորի կառուցման հետ կապված խնդիրներ, այս ոլորտը շատ խնդրահարույց է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031