Լրահոս
Օրվա լրահոսը

Գարո Փայլանը պատասխանել է թուրքական իշխանամետ թերթի մեղադրանքներին

Հունվար 18,2018 17:47

Թուրքական «Akşam» իշխանամետ թերթը հունվարի 12-ի համարում «Պատրիարքարանում խափանվել է ԺԴԿ-ի խարդավանքը» հոդվածում մեղադրել էր Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) անդամ Գարո Փայլանին ընտրությունները մանիպուլյացիայի ենթարկելու մեջ: Հոդվածում պնդում է արվել, թե ԺԴԿ-ն Փայլանի միջոցով ցանկանում է «իրենով անել» Կ.Պոլսի հայոց պատրիարքարանը և դրա գործունեությունը մոտեցնել հայկական սփյուռքի քաղաքական գծին: Իշխանական թերթը պնդել է նաև, որ Փայլանն իբրև թե աջակցում է պատրիարքի հավանական թեկնածու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանին, ով հանդիսանում է սփյուռքի սիրելին և Ցեղասպանության ճանաչման հարցի առաջամարտիկներից է:

«ԺԴԿ-ի ստեղծման գործում մեծ դեր խաղացած Գարո Փայլանը և իր թիմը ցանկացել են, ընտրությունները մանիպուլյացիայի ենթարկելով, ազդել դրանց վրա: Քանի որ Փայլանի նպատակն է գործընթացն ուղղորդել այնպես, ինչպես Հայաստանն է ցանկանում»,- գրել է թերթը ավելացնելով, որ Փայլանին չի հաջողվել իրականացնել իր մտադրությունը:

Ի պատասխան թուրքական թերթի զրպարտիչ հոդվածի՝ Փայլանը գրավոր հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Մենք՝ Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչներս երկար ժամանակ է, ինչ սպասում ենք պատրիարքի ընտրություններին: Դրա մասին ասվում է նաև թերթի հոդվածում: Խոչընդոտվող ընտրական գործընթացի ժամ առաջ սկսվելու և կանոններին համապատասխան կազմակերպվելու համար ես, որպես պատգամավոր քայլեր եմ նախաձեռնել: Այդ թեմայով բազմիցս հանդիպել եմ կառավարության անդամների հետ: Թուրքիայի խորհրդարանում տարբեր առիթներով բազմաթիվ անգամ այս թեման օրակարգ եմ բերել: Որպես հայ համայնքի ներկայացուցիչ, պայքարել եմ պատրիարքական ընտրություններ անցկացնելու մեր իրավունքի իրացման համար: Հակառակ այդ հոդվածում նշվածի՝ մինչ այս պահը պատրիարքի թեկնածուներից որևէ մեկին աջակցություն չեմ հայտնել: Համայնքի կողմից հարգանք վայելող, իր պարտականությունները կատարող ցանկացած թեկնածու ընդունելի է ինձ համար, իսկ թե ով կընտրվի պատրիարք, որոշում է հայ համայնքը»:

Հայ պատգամավորը նշել է, որ վերջին շրջանում թուրքական պետությունը կրկին սկսել է հայ համայնքի նկատմամբ կիրառել «հին ավանդույթները՝ «Դրսից ուղղորդվող համայնքի ներսի որոշ «համագործակցողներ», մեր արդար պահանջները մանիպուլյացիայի ենթարկելով, ցանկանում են շփոթության մեջ գցել կառավարությանն ու հասարակությանը»:

Փայլանը հայտարարությունն ավարտել է կոչով.

«Դեմոկրատական կառույցներում սկսված ճգնաժամերը հաղթահարվում են ժողովրդավարական ընտրությունների միջոցով: Մենք, որպես հայ համայնք, հոգևոր և աշխարհիկ դաշտում այս քաոսին վերջ դնելու համար պետք է կենտրոնանաք օրենքով մեր իրավունքը հանդիսացող պատրիարքական ընտրությունների անցկացման վրա: Պետք է ունենանք լավ կառավարվող համայնք: Ես շարունակելու եմ բոլոր հարթակներից հայտարարել, որ դա բխում է նաև Թուրքիայի շահերից: Շարունակելու եմ այս ուղղությամբ ջանք գործադրել: Բոլոր պատկան մարմիններին, բացի իրենց անձնական շահերը հետապնդողներից, հրավիրում ենք միանալ այս ընդհանուր աշխատանքին»:

Աղբյուր`  Ermenihaber.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031