Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական Քուվեյթում ՝ Կարո Ասլանյանի հետ

Հունվար 18,2018 17:20

Հայերը Քուվեյթում հաստատվել են 1950-ականներին ՝ գալով ՝ Սիրիայից , Լիբանանից, Իրանից, Իրաքից, Պաղեստինից ու Հորդանանից ։

«Քուվեյթում հայերը առաջին դպրոցը փորձել են բացել 1960-ին, մինչդեռ Քուվեյթը անկախացել է 1961-ին։ Անկախացումից հետո Տեր Պարույր քահանա Սարգսյանի և մի քանի այլ նվիրյալների ջանքերով հիմնադրվել է ազգային դպրոց։ Այդ դպրոցը քուվեյթահայ համայնքի սիրտն է» , – ասում է Քուվեյթի ազգային վարժարանի փոխտնօրեն, «Ազդարար» թերթի գլխավոր խմբագիր Կարո Ասլանյանը։

Կարոն 2007-ին է տեղափոխվել Քուվեյթ ։ Ծնունդով Սիրիայից է , մասնագիտությամբ՝ քիմիկոս։ Հալեպում զբաղվել է ուսուցչությամբ, ու երբ Քուվեյթի հայկական դպրոցում աշխատելու առաջարկ է ստացել, մեծ ուրախությամբ ընդունել է։

«Հայ դպրոցին ծառայելու հնարավորությունը ինձ համար մեծ պատիվ էր , բայց մտադիր չէի Քուվեյթում երկար մնալ։ Ես նպատակ ունեի որոշ ժամանակ անց վերադառնալ Հալեպ, բայց 2011-ից Հալեպում վիճակը լարվեց, և ստիպված մնացի Քուվեյթում: Հալեպ վերադարձը անհնարին էր: Տարիներ հետո կնոջս հետ ծրագրեցինք տեղափոխվել Հայաստան:

Այս տարի արդեն ընտանիքս տեղափոխել եմ Երևան, մոտ երկու տարվա ընթացքում էլ ինքս կվերադառնամ հայրենիք» ։

Սիրիայի հայ համայնքում Կարոն ծավալել է ակտիվ հասարակական –քաղաքական գործունեություն։ Միևնույն ժամանակ եղել է սիրիահայ գրողների համախմբի անդամ, հեղինակ է մեկ գրքի ։Հալեպում նաև զբաղվել է գեղարվեստական ու մանկական գրքերի հրատարակությամբ ։

«Հրատարակչություն հիմնելու ծրագիր ունեի, առաջին քայլերը արել էի ։ Ես արևմտահայերենով վերահրատարակել ու վաճառքի եմ հանել Թումանյանի պատմվածքները»։

Քուվեյթ գալուն պես Կարոն ստանձնել է արդեն տասը տարի լույս տեսնող «Ազդարար» շաբաթաթերթի գլխավոր խմբագրի պաշտոնը ։

«Ինձ առաջարկեցին ստանձնել այս պաշտոնը, քանի որ Հալեպում «Գանձասար» շաբաթաթերթում ես հոդվածագիր էի ու սրբագրող, երբ եկա Քուվեյթ սա ինձ համար արդեն սրտին մոտ մասնագիտություն էր։ Ես պրոֆեսիոնալ չեմ, բայց սիրողական բավականին վաստակ ունեմ»։

Կարոյի ծրագրերից մեկը Քուվեյթում հայկական ռադիո հիմնելն է , ասում է , որ տպագիր պարբերական ունենալը դեռ քիչ է ու հայալեզու ռադիոյի հիմնումը կարևոր տեղ ունի իր համար։ Բայց դժվարություններ կան՝ Քուվեյթի հայ համայնքում համապատասխան մասնագետներ չկան ։

Ազգային վարժարանի փոխտնօրենի խոսքերով ՝ քանի որ Միջին Արևելքի բոլոր համայնքները իրար նման են, Սիրիայից հետո Քուվեյթում գործունեություն սկսելը իր համար առանձնապես բարդ չի եղել։

«Ինձ համար դժվարություն չկար, քանի որ տեղի հայերի բոլոր գաղափարները կիսում էի, շուտ ինտեգրվեցի։

Քուվեյթի մեջ միակ դժվարությունը մշակութային կյանքի բացակայությունն էր։

Ու դա ինձ համար խնդիր էր։ Ընկերներով աշխատեցինք , որ մշակութային միություն ստեղծենք, և անցյալ տարի Համազգայինը իր մասնաճյուղը ունեցավ նաև Քուվեյթում»։

Քուվեյթի հայ համայնքում այսօր արդեն գործում են ՀՄԸՄ-ի և ՀՕՄ-ի մասնաճյուղերը, մարզական միություն ու «Շաքե» պարախումբը։

Անդրադառնալով Քուվեյթի հայ համայնքին՝ Կարոն ասում է , որ այն աշխարհի ամենաավանդապահ համայնքներից է ։

«Բոլոր տներում հայերեն խոսելը հարազատ երևույթ է, եթե օրինակ Սիրիայում ՝ Դամասկոսում, կան հայ ընտանիքներ , որ իրար հետ արաբերեն էին խոսում, մեզ մոտ՝ չկան։ Քուվեյթում հայերենը պահպանվում է բարձր մակարդակով ։

Մեզ մոտ հայը հայի հետ է ամուսնանում, ու ավանդույթները պահելու գիտակցությունը շատ բարձր է։ Հետևաբար այսօր Միջին Արևելքի մեջ՝ Սիրիայի ու Լիբանանի կողքին, կարելի է Քուվեյթը որպես հայապահպանման աշխատանքի մեջ մեծ դերակատարություն ունեցող համայնք նշել։

Չնայած որ մՔուվեյթում սեփական կալվածք ունենալը հեշտ չէ, դա շատ թանկ հաճույք է, բացի այդ՝ պայմանները դժվար են, շնորհիվ մեր ազգային ղեկավարության, Հայր սուրբի ու տեղի հայերի հանգանակությունների՝ 2016-ին հայ համայնքը այստեղ կարողացավ սեփականաշնորհել հայկական եկեղեցին։ Մինչ 2016թ եկեղեցին վարձակալում էինք, բայց այսօր արդեն թե՛ ազգային դպրոցը (1973-ից ), թե՛ եկեղեցին պատկանում են հայ համայնքին»:

Ըստ Կարոյի ՝ քուվեյթահայ համայնքի և Հայաստանի միջև կապը ավելի սերտացել 2010-ից ի վեր, երբ Քուվեյթում բացվել է հայկական դեսպանություն ։

«Քուվեյթի ազգային դպրոցը անցյալ տարի Սփյուռքի նախարարության կողմից ճանաչվել է Սփյուռքի լավագույն կրթօջախ , իսկ երեք ուսուցիչներ ՝ մայրենիի պաշտպան։

Մի քանի ամիս առաջ էլ մեր դպրոցը հուշագիր ստորագրեց Անանիա Շիրակացի դպրոցի հետ, որպես քույր դպրոցներ, որ փորձի փոխանակում անեք։ Պիտի ուրախությամբ նշեմ, որ այդ գործընթացը արդեն սկսել ենք ։

Մեր գլխավոր նպատակը այսօր ոչ միայն ազգային դաստիարակություն ապահովելն է, այլև Քուվեյթի հայկական դպրոցը միջազգային ստանդարտներին համապատասխան դպրոց դարձնելը», – ասում է Կարո Ասլանյանը։

Հայկական դպրոցում դասավանդում իրականացվում է երեք լեզուներով ՝ հայերեն (արևմտահայերեն), արաբերեն և անգլերեն ։ Հայալեզու դասագրքեր դպրոցը ստանում է Լիբանանից ու Սիրիայից։

Կարոյի խոսքերով՝ նախկինում դպրոցն ավարտելուց հետո երիտասարդները ուսումը շարունակում էին Սիրիայում, քանի որ այնտեղ շատ մատչելի է։

«Բայց վերջին հինգ տարիներին պատերազմի պատճառով մեծ թվով քուվեյթահայեր որոշեցին սեփական տներ ունենալ Հայաստանում, և եկան տներ գնեցին ու իրենց զավակներին ուսում ստանալու համար սկսեցին ուղարկել Հայաստան ։

Մենք ունեն ուսանողներ, որ սովորում են արտասահմանյան լավագույն համալսարաններում։ Բայց կան նաև այնպիսիք, որ տարբեր կազմակերպությունների միջոցով, սովորելուց հետո , աշխատանք գտան ու մնացին Հայաստանում։ Շատերը նորից եկան Քուվեյթ, բայց արդեն Հայաստան վերադառնալու երազանքով։

Կարևորն այն է, որ քուվեյթահայերի հոսքը հայրենիք արդեն սկսվել է ։ Մնում է ստեղծել այնպիսի լծակներ , որ վերադարձող ուժը կարողանա ներգրավվել հայրենիքի բարգավաճման, հայրենաշինության մեջ ։

Տարիներ ի վեր արդեն հնչեցնում ենք հայրենադարձության կոչը , ժամանակն է խոսել հայրենաշինության մասին, որ մեզ կարող է իրար կողքի հավաքել» ։

Կարոն ասում է , որ Քուվեյթի հայ երիտասարդները մեծ խանդավառությամբ են գալիս, մասնակցում հայրենիքում կազմակերպվող ամառային ծրագրերին։ Դա օգնում է նրանց ճանաչել հայրենիքը, շփվել նրա դժվարությունների հետ ։

Զրույցի վերջում Կարոյից փորձեցինք պարզել նաև, թե արաբական աշխարհում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները ինչ ազդեցություն են ունենում քուվեյթահայ համայնքի կյանքի վրա։

«Քաղաքական տեսանկյունից մենք շատ հանգիստ ենք , ամեն բան շատ լավ է ։ Այստեղի տագնապները ավելի շատ տնտեսական են լինում, օրինակ՝ տարածաշրջանային հարցերը ուղղակի և անուղղակի կերպով անդրադառնում է երկրի վրա։

Բայց համայնքը իր լավագույն վիճակում է, մեր մարտահրավերների մեծ մասը լուծել ենք։ Այսօր մեզ համար առաջնային խնդիր է մնում հայ դպրոցը վերանորոգելն ու վերակառուցելը ։ Դարձնել այն միջազգային չափանիշներին համապատասխանող կրթօջախ, որը կզբաղվի ոչ միայն հայապահպանությամբ, այլև որակյալ ու բանիմաց կադրերի պատրաստմամբ» ։

Արփինե ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Բայց վերջին հինգ տարիներին պատերազմի պատճառով մեծ թվով քուվեյթահայեր որոշեցին սեփական տներ ունենալ Հայաստանում….հայրենասիրության ինչպիսի՛ վառ դրսևորում։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031