Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես արդեն 2-3 անգամ ձեռքս դրել եմ ձեր դոշին». դատավորը՝ Կարո Եղնուկյանին

Հունվար 18,2018 16:53

2016թ. Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արմեն Լամբարյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Աշոտ Պետրոսյանի, նաեւ՝ Կարո Եղնուկյանի, Վարդգես Գեւորգյանի, Խաչատուր Գիչյանի եւ Մանվել Աթոյանի գործով դատական նիստում այսօր ամբաստանյալներից Կարո Եղնուկյանը հայտարարեց, որ ցանկանում է լքել նիստերի դահլիճը, քանի որ վատ է զգում: Նա դատավոր Արտուշ Գաբրիելյանին հիշեցրեց՝ նիստերի մասնակցելը վատ է ազդում իր առողջական վիճակի վրա, եւ ինքը դահլիճում անելիք չունի:

Դատավորը նրան չթույլատրեց հեռանալ, ինչի դեմ առարկեցին պաշտպանները: «Ուզո՞ւմ եք՝ մոտենամ, ձեր ձեռքը դնեք դոշիս եւ համոզվեք, թե սիրտս ոնց է խփում»,-առաջարկեց Կարո Եղնուկյանը:

Ի պատասխան Արտուշ Գաբրիելյանը ժպտալով ասաց. «Ես արդեն 2-3 անգամ ձեռքս դրել եմ ձեր դոշին եւ զգացել սրտի աշխատանքը»:

Եղնուկյանն այնուամենայնիվ պնդեց, որ հեռանում է, առավել եւս, որ իր պաշտպանը եւս հեռացել է՝ դժգոհելով դատավորի գործողությունների դեմ:

Արտուշ Գաբրիելյանը նկատեց, որ ինքը չի թույլատրել հեռանալ, ուստի դատավարության կարգը խախտելու համար Կարո Եղնուկյանին հեռացրեց նիստերի դահլիճից՝ 3 ժամ ժամկետով:

Այնուհետեւ ամբաստանյալներից Արմեն Լամբարյանը հայտարարեց, որ լավ չի զգում: Այս դեպքում դատավորը նրան թույլատրեց հեռանալ:

Հետո ամբաստանյալներից Աշոտ Պետրոսյանը մյուսների անունից հայտարարեց՝ քանի դեռ իրենց ընկերներից Արմեն Բիլյանի եւ Սմբատ Բարսեղյանի՝ այլ ՔԿՀ տեղափոխվելու հարցը չի լուծվել, իրենք կրկին բոյկոտում են նիստը եւ հեռանում:

Հավելենք, որ «ծռերի» գործով ամբաստանյալներից Բիլյանը եւ Բարսեղյանը, որոնց գործը քննում է դատավոր Մեսրոպ Մակյանը, հացադուլը դադարեցրել են, սակայն «Նուբարաշեն» ՔԿՀ-ից «Արմավիր» ՔԿՀ տեղափոխվելու նրանց պահանջն անկատար է:

Քանի որ ամբաստանյալների որոշումը կայացավ առանց դատավորի թույլտվության, վերջինս որոշեց նրանց հանդեպ սանկցիա կիրառել՝ նիստերի դահլիճից չորս ժամով հեռացման տեսքով:

Այսպիսով, այս գործով բոլոր ամբաստանյալները հաջորդ նիստում, որը կկայանա մեկ շաբաթից, նիստերի դահլիճ չեն բերվի՝ մինչեւ սանկցիայի ժամկետի ավարտը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031