ՀԱՄԱՌՈՏ ԱՄՓՈՓՈՒՄ
2017 թվականը հայաստանյան լրատվամիջոցների համար լարված եւ բարդ ժամանակահատված էր՝ պայմանավորված ՀՀ Ազգային ժողովի, Երեւանի ավագանու եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով։ Այսպիսի ժամանակաշրջաններում սովորաբար թեժանում է ներքաղաքական պայքարը, ինչը զուգորդվում է նաեւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ բռնությունների ու տարատեսակ ճնշումների ավելացմամբ։ Արատավոր այս ավանդույթը շարունակվեց թե՛ Ազգային ժողովի, թե՛ Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում։
Մասնավորապես՝ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը ներառող շրջանում ԽԱՊԿ-ն արձանագրեց լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 3 եւ խոչընդոտումների 6 դեպք։ Բուն ընտրությունների օրը՝ ապրիլի 2-ին, արձանագրվեց լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 2, մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու 8 դեպք։
Իսկ մայիսի 14-ին կայացած Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում գրանցվեց ֆիզիկական բռնության 2, տարատեսակ խոչընդոտումների 5 դեպք։ Լրագրողների իրավունքների եւս 3 խախտում (մեկ բռնություն եւ երկու խոչընդոտում) տեղի է ունեցել քվեարկությանը նախորդող քարոզարշավի ժամանակաշրջանում։
Արձագանքելով այս իրավախախտումներին՝ ԽԱՊԿ-ը և գործընկեր լրագրողական կազմակերպությունները հանդես եկան համատեղ հայտարարություններով՝ դատապարտելով բռնությունները ԶԼՄ-ների աշխատակիցների նկատմամբ եւ պահանջելով պատասխանատվության ենթարկել մեղավորներին։
Հետագա գործընթացների դիտարկումները ցույց տվեցին, որ այս անգամ ևս իշխանությունները մտադիր չեն համարժեք միջոցներ ձեռնարկել՝ լրագրողների իրավունքները խախտած բոլոր անձանց պատասխանատվության ենթարկելու համար. Ազգային ժողովի և Երևանի ավագանու ընտրությունների և դրանց նախորդող քարոզարշավների ընթացքում արձանագրված բռնությունների ու խոչընդոտումների 29 դեպքից միայն 7-ի առնչությամբ է քրեական գործ հարուցվել, որոնցից 5-ը կարճվել է «հանցակազմի բացակայության» ձեւական հիմնավորմամբ, և միայն 2-ն է հասել դատարան։
Լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ ուժ կիրառելու եւ մասնագիտական գործունեության խոչընդոտման փաստեր են գրանցվել նաեւ տարվա համեմատաբար հանդարտ ժամանակահատվածներում։
Ընդհանուր առմամբ 2017 թվականին ԽԱՊԿ-ն արձանագրել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների 11, ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների դեմ տարատեսակ ճնշումների 113 դեպք, տեղեկություններ ստանալու ու տարածելու իրավունքի 62 խախտում։
Անարդյունավետ եւ ձեւական մոտեցում է դրսեւորվում նաեւ լրագրողների դեմ լայնածավալ բռնություններին վերաբերող երկու քրեական գործերի՝ 2015 թվականի հունիսի 23-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում (#ElectricYerevan) եւ 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ին մայրաքաղաքի Խորենացի փողոցում եւ Սարի թաղում տեղի ունեցած իրադարձությունների նախաքննությունում։ Հետեւելով հանրային կարեւոր նշանակություն ունեցող այս երկու գործերի ընթացքին՝ ԽԱՊԿ-ն արձանագրում է, որ դրանց շրջանակներում ներկայացված մեղադրանքների քանակը (համապատասխանաբար՝ 4 եւ 9) վկայում է, որ ձեռնարկված միջոցները ամենեւին համարժեք չեն այդ օրերին ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ կիրառված բռնությունների ծավալներին։
Ըստ էության, հիմքեր են ստեղծվել դիմելու միջազգային ատյաններ՝ առանց երկրի ներսում բոլոր միջոցների սպառման, ինչը որոշ դեպքերում այդ կառույցները նախատեսում են։
Հաշվի առնելով դա, ԽԱՊԿ-ը «Էլեկտրիկ Երևանի» գործով երեք լրագրողների մասով, որոնք փաստաբան չեն ունեցել և խնդրել են կազմակերպությանը պաշտպանել իրենց շահերը, դիմել է Եվրոպական դատարան («Lragir.am»-ի թղթակից Թեհմինե Ենոքյանի գանգատով) եւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտե («iLur.am»-ի թղթակից Հակոբ Կարապետյանի եւ ազատ ֆոտոլրագրող Գեւորգ Ղազարյանի գանգատներով)։ Երկու ատյաններն էլ գրանցել են այդ գանգատները, ավելին՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն կոմունիկացրել է (շրջանառության մեջ է դրել) հայաստանյան լրագրողների բողոքները։ Սա կարեւոր նախադեպ է Հայաստանում լրագրողների եւ առհասարակ մարդու իրավունքների պաշտպանության պրակտիկայում։ Եվս երկու լրագրողների գանգատներ է ուղարկվել միջազգային այս կառույցներին «Սարի թաղի» գործով։
2017 թվականն աննախադեպ էր ընդդեմ ԶԼՄ-ների եւ լրագրողների դատական նոր գործերի առատությամբ։ Տարվա կտրվածքով ԶԼՄ-ների եւ/կամ լրագրողների ներգրավվածությամբ դատական գործերի թիվը հասավ 60-ի։ Դրանք բոլորը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված՝ վիրավորանքի եւ զրպարտության հիմքով են։ Միայն «Sut.am» լրատվական կայքի հիմնադիր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի եւ նրա համակարգող Դանիել Իոաննիսյանի դեմ ներկայացվեց 30 դատական հայց, եւ բոլորն էլ վերաբերում էին այդ կայքի մարտի 24-ի աղմկահարույց հրապարակմանը, որում բացահայտվում էր նախընտրական շրջանում դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների՝ վարչական ռեսուրսի գործածմամբ ձայների հավաքագրումը՝ հօգուտ իշխող ՀՀԿ-ի։ Յուրաքանչյուր հայցով պահանջվում էր հերքել հրապարակված տեղեկությունները եւ 2 միլիոն դրամ փոխհատուցում վճարել։ Սակայն առաջին իսկ դատական նիստին այդ հայցերը հետ են վերցվել։
2017-ի առաջին կեսին լրագրողական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների բուռն քննարկումների առարկա դարձավ ՀՀ արդարադատության նախարարությունում մշակված «Տեղեկատվության ազատության մասին» նոր օրենքի նախագիծը։ Փաստաթուղթը լուրջ առարկություններ է առաջացրել։ Օրինագծի լրամշակման աշխատանքները շարունակվում են, բայց առանց մասնագիտացված հասարակական կազմակերպությունների մասնակցության։ Վերջիններիս՝ այդ գործընթացում ներգրավվելու պատրաստակամությունն ու առաջարկությունները նախարարությունն անտեսեց։
2017-ի տարեվերջին լրագրողական կազմակերպությունների խիստ քննադատությանն արժանացավ նաեւ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագիծը։ Այն նույնպես մշակվել է առանց մասնագիտացված հասարակական կառույցներին այդ գործընթացում ներգրավելու: Ըստ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի, Երեւանի մամուլի ակումբի եւ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի՝ փաստաթուղթը պատրաստելիս անդրադարձ չի արվել ոլորտի բազմաթիվ խնդիրներին, որոնք կուտակվել ու խորացել են անցած տարիների ընթացքում։ Լրագրողական 3 կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ՝ պահանջելով վերանայել օրինագիծը՝ հաշվի առնելով հանրության, մասնագիտացված հասարակական կառույցների, ինչպես նաեւ միջազգային փորձագետների առաջարկություններն ու մոտեցումները:
2017-ին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անցկացրած մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման մրցույթը չկայացած հայտարարվեց՝ հայտատուի բացակայության պատճառով։ Սա արդեն երկրորդ անհաջող մրցույթն է։ Այս փաստը եւս մեկ ապացույց է, որ գործող օրենքում նախատեսվող թվային հեռարձակման մասնավոր ցանցի ստեղծման պայմանները, որոնք մեխանիկորեն տեղափոխվել են նոր նախագիծ, անընդունելի են, իսկ լրագրողական կազմակերպությունների՝ այս խնդրին վերաբերող քննադատությունը՝ հիմնավոր։
2017 թվականին հայաստանյան ԶԼՄ-ների համար ամենալուրջ մարտահրավերներից է շարունակել մնալ նրանց ֆինանսատնտեսական ծանր վիճակը, որն արդեն քրոնիկ հիվանդության բնույթ է կրում եւ խիստ մտահոգում է դրանց ղեկավարներին։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե