2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արմեն Լամբարյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Աշոտ Պետրոսյանի, նաեւ՝ Կարո Եղնուկյանի, Վարդգես Գեւորգյանի, Խաչատուր Գիչյանի եւ Մանվել Աթոյանի գործով դատական նիստում այսօր լարված մթնոլորտ ստեղծվեց, երբ դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց ամբաստանյալների համար նաեւ հանրային պաշտպաններ նշանակել՝ չնայած այն փաստին, որ նրանք արդեն իսկ ունեն պաշտպաններ:
Նրանցից Տիգրան Հայրապետյանին վրդովվեցրեց դատախազների այն մեկնաբանությունը, թե այդ կերպ կխուսափեն հետագա խնդիրներից (այսինքն, երբ ինչ-ինչ պատճառներով «ծռերի» պաշտպանները կլքեն նիստերի դահլիճը, նիստը, հետաձգվելու փոխարեն, կշարունակվի հանրային պաշտպանների մասնակցությամբ.-խմբ.): «Դա անօրինական պրակտիկա է, որը հիմա փորձում են գործի դնել: Ինչ-որ մեկը ցանկանում է, որ այս նիստերն ամեն գնով շարունակվեն: Դատախազն իր հայտարարությամբ վիրավորեց փաստաբանական համայնքին»,-համոզմունք հայտնեց Տիգրան Հայրապետյանը:
Ապա նա գնահատականներ հնչեցրեց ՀՀ գլխավոր դատախազի հասցեին եւ ասաց, որ դատախազների գործողություններն ուղղորդված են դատախազության կողմից եւ որ այդ կառույցն է դատավորի նշյալ որոշումը նախապես ծրագրել:
Մյուս պաշտպաններից Արա Ղարագյոզյանն էլ հավելեց. «Եթե գլխավոր դատախազի վարկանիշը բարձր լիներ, այս գործը չէր էլ մտնի դատարան, քանի որ «Սասնա ծռերն» ապստամբության իրավունքն են իրացրել»:
Ասվածի շուրջ մեղադրող-դատախազներից Հակոբ Ենոքյանը նշեց. «Փաստաբանը չէ, որ պետք է դատախազի վարկանիշի մասին գնահատականներ հնչեցնի: Պաշտպանների կողմից հանրությանը հաճոյանալու միտում եմ տեսնում: Հանրության ընդդիմադիր զանգվածին հաճելի է նրանց կողմից լսել իշխանությունների հասցեին արվող դատապարտող հայտարարություններ»:
Սա ավելի վրդովեցրեց պաշտպանական կողմին: «Սա ԱԺ ամբիոն չէ, մի շփոթեք»,-դատախազներին ասաց պաշտպաններից Գրիշա Բալասանյանը:
Մյուս պաշտպաններից Արայիկ Պապիկյանը հայտարարեց՝ իրավիճակն այնքան զավեշտալի է, որ դատավորը, չնայած այն փաստին, որ ամբաստանյալները պաշտպաններ ունեն, 9 ամբաստանյալի համար եւս երկու՝ հանրային պաշտպանի է նշանակում. «Դատարանի համար կարեւոր չէ, թե ամբաստանյալներն ինչպես կպաշտպանվեն, կարեւորը՝ վերջում նրանց դատեն»:
Պաշտպաններից Տիգրան Հայրապետյանը հայտարարեց՝ իշխանությունները նպատակ ունեն պառակտել փաստաբանական համայնքը. «Պատճառն այն է, որ յոթ հարյուրից ավելի փաստաբաններ ստորագրահավաք են սկսել նոր Դատական օրենսգրքի այն կետի դեմ, որը դատավորներին թույլ է տալիս տուգանել փաստաբաններին»: Անհամաձայնություն հայտնելով դատավորի գործողությունների առնչությամբ՝ պաշտպաններից Մուշեղ Շուշանյանը, Տիգրան Հայրապետյանը եւ Արայիկ Պապիկյանը լքեցին նիստերի դահլիճը, ինչի համար արժանացան սանկցիայի. նրանց պատասխանատվության ենթարկելու մասին գրությամբ դատարանը կդիմի ՀՀ փաստաբանների պալատին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ